Որ զորամասում է ծառայել Անդրանիկ Քոչարյանի որդին Արցախում և որտեղ է հիմա ծառայում
Մարտի 17-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցադրումներով.
1. «Դեժավյու»տելեգրամյան ալիքը գրել էր, որ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ Վազգեն Քոչարյանին, պատերազմի ժամանակ առնվազն 2 անգամ զորամասից հանել և տարել են այլ տեղ, որևէ այլ զինծառայողի տեղաշարժ չի եղել: Իսկ տարհանումը կազմակերպել է ՌՈ պետի տեղակալ Արամ Բաղդասարյանը:
Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եթե նման բան չի եղել, ապա պատերազմի 44 օրերի ընթացքում որտե՞ղ է եղել կամ ո՞ր հատվածներում է մարտական գործողությունների մասնակցել Վազգեն Քոչարյանը:
2. Անցած տարի մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ երբ դեռ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր, Անդրանիկ Քոչարյանը նրան դիմել է որդուն բանակից ազատելու առաջարկով, ինչը մերժվել է: Այնուհետ Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ մերժում է ստացել. Լուսակերտում ուսումնական փուլի ավարտից հետո որդին՝ Վազգեն Քոչարյանը, պիտի զորակոչվեր Արցախ, և իշխանական պատգամավորը ՊՆ-ում փորձել է համոզել, որ իր որդու՝ Վազգեն Քոչարյանի այնտեղ գտնվելն անվտանգ չի, և պետք է չեղարկել նրա Արցախում ծառայությունը՝ այն կազմակերպելով երևանամերձ զորամասերից մեկում: Խնդրում ենք պարզաբանել այս տեղեկությունը:
3. Վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որտե՞ղ է այժմ իր ծառայությունը շարունակում Վազգեն Քոչարյանը, որն ի սկզբանե Արցախ էր զորակոչվել:
Մեկ ամիս անց Պաշտպանական գերատեսչությունը պատասխան–գրություն է ուղարկել, որում ասվում է.
«Ի պատասխան 17.03.2021թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր գրության՝ հայտնում ենք, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Համաձայն ուսումնասիրությունների արդյունքների՝ հայտնում ենք, որ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Անդրանիկի Քոչարյանը, 11.01.2020-ին ՊՆ 55076 ուսումնական զորամասից տեղափոխվել է ՊԲ 39138 զորամաս՝ հետագա ծառայությունը շարունակելու համար: Վ. Քոչարյանը զորամասի 1-ին մարտկոցի կազմում մասնակցել է 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողություններին: Վ.Քոչարյանը մարտկոցի անձնակազմի հետ զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել 26.11.2020-ին:
Վ.Քոչարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 15.01.2021թ-ի թիվ 4/ԱԿԳՎ. հրամանով հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է ՀՀ ՊՆ 81151 զորամաս:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Ա. Բաղդասարյանի կողմից Վ. Քոչարյանին ՊԲ 39138 զորամասից այլ վայր տեղափոխելու տեղեկությանը՝ հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը»:
Նշենք, որ դեռ մեկ ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդին ՝ Վազգեն Քոչարյանը, շատ հանգիստ տեղում է շարունակում ծառայությունը՝ Վանաձորում: