Բաժիններ՝

«Ավելի շատ ճամփորդել և՛ բիզնեսի, և՛ հանգստի համար». «Wizz Air» միջազգային ավիաընկերությունը Հայաստանում բացում է իր առաջին բազան

Հայաստանում «Wizz Air» ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը՝ ինչպես Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, այնպես էլ՝ Գյումրիի օդանավակայանի միջոցով:

Լինելով աշխարհի ամենախոշոր օդնավակայաններից մեկը, ունենալով ավելի քան 243 օդանավ, «Wizz Air»-ն ընտրել է հենց Երևանը՝ որպես իր բազավորման օդանավակայան։

Այսօր ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունն էր, առաջին ուղևորները Երևան ժամանեցին Նեապոլից, նրանց դիմավորեցին՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ արտերկրի պաշտոնատար անձինք։

Կարդացեք նաև

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդենը մինչ Երևանում վայրէջք կատարող առաջին օդանավի առաջին ուղևորներին դիմավորելը տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց՝ սա նոր հնարավորություններ կտա Հայաստանի բնակիչներին ավելի շատ ճամփորդել և՛ բիզնեսի և՛ հանգստի համար։

«Մենք կունենանք նոր ուղղություններ, կավելանա հաճախականությունը, օրը 24 ժամ  և ամբողջ տարվա ընթացքում։ Իհարկե, սա կնպաստի նաև զբոսաշրջության ներհոսքին, որոնք կկարողանան ժամանել Հայաստան տարբեր քաղաքներից և կօգտվեն Հայաստանի հյուրընկալությունից։

Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունից մենք ունեցել ենք չվերթ Գյումրի»,- նշեց Մարսելո Վենդենը։

Նա կարևորեց այն հանգամանքը, որ Գյումրիի օդանավակայանում սպասարկումն իրականացվում է  բարձր մակարդակով՝ հույս հայտնելով, որ շուտով կկարողանան սկսել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման աշխատանքները, որպեսզի կարողանան ավելի շատ չվերթեր սպասարկել, ավելի շատ հարմարավետությամբ՝ այնպես, ինչպես արեցին 18 տարի առաջ։

«Wizz Air» ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները, ներկայացնելով այս ամբողջ գործընթացը, հիշեցրեց՝ 5 ամիս առաջ Երևանում էր և խոստացել էր, որ հենց Հայաստանում ավիաընկերությունն ունենալու է բազա, այսօր արդեն այդ ամենն իրականություն է։

«Այսօր մենք արդեն այստեղ ենք, հպարտ ենք ասելու, որ մեր առաջին օդանավն արդեն այստեղ է և սկսել է գործել։ Մենք սպասում ենք նաև 2-րդ օդանավին, որը շուտով այստեղ կլինի։ Մեր օդանավերի 70  տոկոսը հագեցած են տեխնոլոգիաներով, այսինքն՝ ամենաժամանակակիցն ու լավագույնն են շուկայում, այդ օդանավերից գործելու են նաև Երևանում։ Բնականաբար, սա պահովելու է ավելի քիչ CO2 գազի արտանետում, այսինքն՝ շրջակա միջավայրի աղտոտվածության վրա քիչ ազդեցություն է ունենում։ 50 երկրներում մենք ունենք 200 ուղղություններ՝ Եվրոպայի շուրջ։ Ունենք 9300-ից ավելի աշխատակիցներ, 100-ից ավելի ազգություններ են աշխատում մեր ընկերությունում, հպարտ եմ ասելու, որ մենք ամենամիջազգային ավիափոխադրողն ենք»,- իր խոսքում նշեց նա։

Նա շեշտեց՝ այն երկրում, որտեղ ընկերությունն ավիաբազա է հիմնում, աշխատանքներում ներգրավվում է նաև տվյալ երկրի ներկայացուցիչներին, այս դեպքում հայերն ավիաբազայի աշխատանքներում նույնպես ներգրավված են։

Ներկայացնելով որոշակի վիճակագրական տվյալներ, Ռոլանդ Տիշները տեղեկացրեց, որ միայն այս տարվա ընթացքում ունեցել են 75 մլն ուղևոր և 34 բազա 16 երկրներում։

«Wizz Air» ավիաընկերությունն իր գործունեությունը սկսել է 2004 թվականից՝ գրանցելով մեծ վերելքներ, ունեցել է կայուն աճ, միայն կորոնավիրուսի համավարակի 2 տարիների ընթացքում է եղել որոշակի նվազում, սակայն դրան հաջորդող տարիներին գրանցում են միայն աճ։

«Երևանում մենք պատրաստվում ենք գործարկել 2 օդանավ, ինչպես արդեն նշեցի՝ գազի արտանետումը, այդ թվում՝ աղմուկի գործոնը հասցված է նվազագույնի։ Հայաստանում մենք սկսել ենք գործել 2020 թվականի մարտ ամսից, այդ օրվանից սկսած մենք կայուն կերպով աճում ենք՝ 2,6 մլն ուղևորներ ենք ապահովել։ Բազա ունենք Գյումրիում, որը միջազգային փոխադրում է իրականացնում դեպի Կիպրոս, և սա նոր առաջընթաց է»,- շեշտեց ավիաընկերության գործադիր տնօրենը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ՀՀ Կառավարության համար միջազգային բրենդների մուտքը Հայաստան առաջնահերթություն է, և քանի որ զբոսաշրջությունը տնտեսության համար կարևոր ճյուղերից է, ռազմավարական նպատակ ունեն առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանն անցնել՝ մասնավորապես 2030-2031 թվականներին։

«Այս ամենի համար շատ կարևոր է, որ Հայաստան գան միջազգային բրենդներ, այդ թվում՝ զբոսաշրջային տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ։ Սա կարևոր քայլ է՝ մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին, և մյուս կողմից՝ աշխարհին մոտեցնել Հայաստանի Հանրապետությանը։ Եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, մատչելի և արագ հասնի Հայաստան»,- նշեց Գևորգ Պապոյանը։

Նա կարևորեց բազավորման ինստիտուտը, հիշեցնելով, որ բիզնեսին առաջարկել են հետևյալը՝ եթե 1 մլն և ավելի զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, ապա դրա համար նրանց որոշակի գումար են վճարում։ Պայմաններից մեկն էլ այն է, որ անպայման պետք է նոր ուղղություն լինի, նաև՝ ինքնաթիռները պետք է բազավորվեն հենց Հայաստանում։

ՀՀ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նույնպես կարևորեց «Wizz Air» ընկերության բազավորումը Հայաստանում՝ շեշտելով՝ առաջին անգամ Գյումրիից դեպի Եվրոպա թռիչք է իրականացվել։

Լուսինե Գևորգյանն ընդգծեց, որ ուղիղ չվերթերն էական ազդեցություն են ունենում զբոսաշրջիկների քանակի վրա։

«Ինչո՞ւ Գյումրին, Կառավարությունը շատ մեծ վարկային ծրագրով նախատեսում է առաջիկա 5 տարիներին բարելավել զբոսաշրջային ենթակառուցվածքները, և Գյումրին հանդիսանում է զբոսաշրջային այն կարևոր կլաստերներից մեկը, որտեղ մենք նախատեսում ենք իրականացնել ենթակառուցվածքների բարելավում։

Գյումրին պատրաստ է և այսօր ունի ներուժ ընդունելու զբոսաշրջիկների, կարծում եմ՝ ուղիղ չվերթերը միայն դրական ազդեցություն կունենան և՛ տրանսպորտի, և՛ հյուրանոցային սեկտորի, ռեստորանների և ընդհանրապես Գյումրիի տնտեսության վրա։ Կարևոր հանգամանք է նաև էժան ավիատոմսերը, ինչը հնարավորություն է ստեղծում ընդամենը 2-3 ժամ հետո հայտնվել Հայաստանում և բացահայտել Հայաստանը»,- նշեց Տուրիզմի կոմիտեի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս