Փաշինյանը հաստատեց մեր պնդումը՝ տեսանյութի «սլիվի» պատասխանատու ճանաչվեց ԱԱԾ ղեկավարությունը. «արտահոսքը» օրենքից դուրս գործողություն է
Հունիսի 17-ին մենք՝ «Արդյոք Փաշինյանը ԱԱԾ պահպանության առարկա տեսանյութի «սլիվը» կդիտարկի՞ Սահմանապահ զորքերի հրամանատարության «տիրույթում»» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելելու մասին «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկներից մեկի կադրերի՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում հայտնվելուն, դրա՝ օրենքի սահմանում լինել-չլինելուն:
Մենք պնդել էինք, որ այս տեսագրության «սլիվի» հարցում Նիկոլ Փաշինյանը չի տեսնելու իր պատասխանատվությունը և ամեն ինչ դնելու է իրեն ուղիղ ենթակա Ազգային անվտանգության ծառայության ղեկավարության և Սահմանապահ զորքերի հրամանատարության վրա: Պարզվեց՝ չենք սխալվել:
Հունիսի 18-ին Կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք ծառայողական քննություն է պահանջելու այն փաստի առիթով, որ «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկներից մեկի արձանագրածը հայտնվել է լրատվամիջոցում, տեղի է ունեցել արտահոսք, ինչին ի պատասխան՝ նա նշել է.
«Եթե հարցն այն է՝ ծառայողական քննություն նշանակե՞լ եմ, ոչ, չեմ նշանակել: Ինչի՞ մասին պիտի ծառայողական քննություն նշանակվի, կամ՝ ինչի՞ պիտի զայրացնի դա ինձ: Էդ, որ ձեր լրատվամիջոցներում հայտնվում է, էդ կարա՞, բայց որ ուրիշ լրատվամիջոցում է… Ձեր լրատվամիջոցներում հայտնվածի հետ կապված՝ կարծեմ ոչ միայն ծառայողական քննություն կա, այլև քրեական գործ:
ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ: Այսինքն, իրա տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի, ի՞նչ խնդիր կա էդտեղ: Այն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն: Այ, երբ որ այդ որոշումը կայացնեն մարդիկ, որոնք դրա իրավասությունը և հասանելիությունը չունեն, դա արդեն օրենքի խախտում է»:
Մեկ այլ լրագրողի նույն թեմային վերաբերող հարցին ի պատասխան՝ Փաշինյանը կրկնել է, որ համապատասխան ինֆորմացիային տիրապետող ԱԱԾ-ն ունի լծակներ այն օգտագործելու, որոշողն ինքն է: Այս համատեքստում նա, չգիտես ինչու, հիշեց Անդրանիկ Թևանյանի գործը, որ ԱԱԾ-ն հրապարակել է նրա «գործողությունները»:
«ԱԱԾ-ն է որոշում՝ երբ հրապարակի, երբ չհրապարակի, ի՞նչ պրոբլեմ կա: Էն էլ էր քրեական գործ, պետական անվտանգության հետ կապված իրադրություն: Էդ ո՞վ է որոշել, որ…, այսինքն, պետությունը չի՞ կարա որոշում կայացնի և ինչ-որ գործողություններ անի»,- շեշտել է Փաշինյանը:
Խնդիրն այն է, որ պետությունը և պետական պաշտոնյան պետք է գործի օրենքի սահմանում, եթե իր գործողությունները բխում են օրենքից, ոչ մի խնդիր, եթե ոչ, ապա դա կոնկրետ պատասխանատվություն է ենթադրում, հատկապես, երբ ՀՀ քաղաքացու իրավունքների մասին ևս օրենքներ կան: Իսկ Փաշինյանը չպետք է մոռանա, որ ԱԱԾ-ն ուղիղ իրեն է ենթարկվում, և դժվար է հավատալ, որ դա տեղի է ունեցել զուտ ԱԱԾ ղեկավարության որոշմամբ՝ առանց իր իսկ հետ նախնական զրույցի կամ խորհրդատվության:
Ի դեպ, տեղեկատվության արտահոսքը գաղտնի կամ սահմանափակ օգտագործման տվյալների չարտոնված հասանելիությունն է, այսինքն` օրենքի սահմանում տեղի ունեցածի մասին «արտահոսել» ձևակերպում չի կարող լինել:

