«Եթե Պապոյանն ասում է՝ ծաղիկներ է արտահանում եվրոպական շուկա, թող կոնկրետ ասի, ցույց տան, որ ծաղիկն առել են, օրինակ, Արտակից, տարել է Սարգիսը, ու ցույց տան երկիրը, որտեղ ծաղիկը հասցրել են»
Մինչ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ցուցանիշներ է ներկայացնում՝ հայտնելով, թե որքան ծիրան, ծաղիկ, լոլիկ ու պղպեղ է արտահանվել եվրոպական շուկա, ծաղկագործները պնդում են՝ եվրոպական շուկա ծաղիկ չեն արտահանում, միակ շուկան Վրաստանն է, որտեղ շատ քիչ քանակությամբ են արտահանել ծաղիկ, այսինքն՝ միայն վարդ։
Մայիսի 22-ից հետո, ինչ Ռուսաստանը սահմանափակել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից, հայ ծաղկագործները կանգնել են փաստի առջև, ներքին շուկայում ծաղիկը չեն կարողանում իրացնել, արտահանման անհնարիության պայմաններում էլ ստիպված ծաղիկը թափում են։
Մխչյան գյուղի բնակիչ, վարդերի ջերմային տնտեսությամբ զբաղվող Անդրանիկ Բարսեղյանն ասում է՝ այս ընթացքում միայն Վրաստան են վարդեր արտահանել, այն էլ՝ քիչ քանակությամբ։
«Ռուսաստանի շուկա արտահանման սահմանափակումների պայմաններում մեծ վնասներ ենք կրել։ Միայն վրացական շուկայի մասին են խոսում, այս պահին եվրոպական այլ շուկայի մասին խոսակցություններ չկան։
Մխչյանը մեծ գյուղ է, մեծ մասը ջերմոցներ են մշակում ու ծաղիկ, բոլորն էլ արտահանման խնդիր ունեն։ Հիմա Ներքին շուկայում չենք կարողանում իրացնել մեր ծաղիկները, նախ՝ շատ էժան է, երկրորդն էլ՝ ամբողջ շուկան ծաղիկ է լցրած»,– 168.am–ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Բարսեղյանը։
Նա պնդում է՝ միայն վրացական շուկայով հարցը չի լուծվի, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի գյուղացուն օգնելու համար, առանց այդ էլ այս ընթացքում շատ են տուժել։
«Այլ տարբերակ չկա, պետք է մեզ օգնեն, մինչև իրենց ասած եվրոպական շուկան մեր առաջ բաց լինի։ Այս պահին արտահանման ցուցանիշները շատ քիչ են, արտահանումն էլ անում են մեծ ջերմոցներից, որոնք 10-20 հեկտարներով ծաղիկներ են մշակում։ Օրինակ, իմը 2000 քմ է, տնային բիզնես է, թե դրանք ինչպես են արտահանելու՝ չգիտեմ։ Փոքր ջերմոցները տուժելու են, խոշորների հետ հեշտ է, պայմանագիր կապելը, ստուգելը։ Ստացվում է՝ ինչ իմ նման 10 հոգու հետ պայմանագիր կապեն, 1 խոշորի հետ կկապեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ի տարբերություն Մխչյանի բնակչի, Զվարթնոցից ծաղկագործ Արտակ Թովմասյանը մայիսի 22-ից սկսած մինչև օրս մեկ հատիկ ծաղիկ եվրոպական շուկա չի արտահանել, առավել ևս՝ վրացական շուկա։ Արդեն երկրորդ ամիսն է, նա ջերմոցից ծաղիկները դուրս է հանում ու ջերմոցի հարակից տարածքում կուտակում, չորանալուց հետո էլ այրում է։
«Սուտ է, թե եվրոպական շուկա ծաղիկներ են արտահանում։ Եթե Գևորգ Պապոյանն ասում է՝ ծաղիկներ է արտահանում եվրոպական շուկա, թող կոնկրետ ասի՝ որ ջերմոցներից է եղել արտահանումը։ Թող ասեն՝ Աբովյանի ջերմոցների՞ց է եղել, Զվարթնոցի՞, Շիրակի՞, թե՞ Արարատի։
Հիմա որ ասեմ՝ ես 100 ֆուռ ծաղիկ եմ արտահանել, մարդկանց մի մասը կհավատա, մի մասը՝ չէ։ Դրա համար թող ցույց տան, որ ծաղիկն առել են, օրինակ, Արտակից, տարել է Սարգիսը, ու ցույց տան երկիրը, որտեղ այս ծաղիկը հասցրել են։ Ես ում հետ խոսում եմ, որևէ մեկից ծաղիկ չեն տարել, միայն հայտնի է, որ որոշ քանակությամբ վրացիներն են տարել, այն էլ՝ չգիտենք՝ իրե՞նց շուկայի համար են տարել, թե՞ այլ։
Ներքին շուկայում չենք իրացնում, ամեն օր մեկ ծաղիկը 10 դրամով վաճառում ենք, 10 հազար դրամ, որ այդ օրվա հացն առնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Թովմասյանը։
Մեր զրուցակիցը Գևորգ Պապոյանին հեռավար փոխանցեց, որ տարբեր ջերմոցատերեր ցանկանում են հանդիպել իր հետ ու հարցեր տալ։
«Ինքս Էկոնոմիկայի նախարարին գործնական հարցեր ունեմ տալու, թող ասի, օրինակ, գյուղացին իր ապրանքն ինչպես պետք է իրացնի։ Հասկացանք, ներքին շուկայում քիչ թե շատ վաճառում է, բա իրենց եվրոպական շուկա ինչպե՞ս հասնենք։ Այնքան հարցեր ունեմ, որ դժվար թե Պապոյանը ցանկանա մեզ հետ հանդիպել։
Ինչ հեռուստացույցով խոսում են, իրենց կից ջերմոցատերերի մասին են խոսում, սա վերաբերում է նրանց, որոնք ունեն 5 հեկտար ու ավելի ջերմոց։
6 մլն դրամի ոսկեղեն եմ գրավ դրել, 2 ամիս է՝ վճարումներ չեմ արել, զանգահարել, ասել եմ՝ ջերմոցատեր եմ, ամսական տոկոսը չեմ կարողանում վճարել, եթե ուզում եք՝ ոսկին վաճառեք։ Մեկ ամիս է՝ ծանոթներից դեղ ու սերմ ենք վերցնում, հասկացանք, մեզ ճանաչում են, պարտքով տալիս են, բայց այսպես ինչքա՞ն»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է վերջին մի քանի օրերի ընթացքում սուպերմարկետներում վաճառվող ծաղիկներին, Արտակ Թովմասյանն ասաց՝ կրկին խոշորների ջերմոցների ծաղիկներն են տարել սուպերմարկետներ։
«Իրենց կից մարդկանց ծաղիկներն են, հո մեր ջերմոցների՞նը չէ, այս ծաղիկները, որ 1500 դրամով են վաճառվում, դրանք ՌԴ-ում 750 դրամով է վաճառվում՝ մեկ հատը։ Շատ վատ վիճակ է»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը։

