Ստացվում է՝ Պատմական Հայաստան էլ չենք կարող ասել․ հիմա ի՞նչ, ասենք՝ մշակույթը 3-րդ մասի՞ց ենք բերել․ Հասմիկ Հարությունյան

168.am-ի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, «Շողակն» համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանն է։

Ձեր արմատները գալիս են Մուշից, և տպավորություն է, որ նրանք, ովքեր Արևմտյան Հայաստանից են, իրենք են ավելի շատ հետաքրքրվում ազգային երգ ու պարով. այդպե՞ս է։

– Ժողովուրդն ասում է՝ «արյունը ջուր չի դառնում»։ Ու, եթե նայենք ժողովրդական իմաստնությանը, դա բոլորիս մեջ է՝ խորը շերտերում։ Մեկի մոտ շուտ է արթնանում, մյուսի մոտ մի քիչ քնած է և, հետո, միջավայրը շատ մեծ ազդեցություն ունի։ Եթե խոսենք նոր սերնդի մասին՝ իրենք չեն մեծացել Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ, և մշակութային ժառանգության կամուրջն ինչ-որ տեղ խախտվել է, եթե չասենք՝ կոտրվել է։

Պետք է շնորհակալ լինենք այն մարդկանց, որ ահռելի ժառանգություն են հավաքել՝ Կոմիտասը, նրանից առաջ և հետո՝ ճեմարանի իր աշակերտները։ Եթե առավոտից երեկո ամբողջ ազգը երգի՝ էլի երգ կա, որ առաջին անգամ է հնչելու, ու միշտ զարմանում եմ, թե ինչո՞ւ են ուրիշ ժողովուրդների մեղեդիները վերցնում ու վրան ինչ-որ անհասկանալի տեքստեր դնում ու դարձնում երգ։

Կարդացեք նաև

Ամեն րոպե կարող ես տեսնել, թե ժամանակն ինչ նեգատիվ ազդեցություն ունի, և ուզում են, որ մարդիկ չմտածեն իրենց ժառանգության պահպանման մասին։ Դա է գլոբալիզացիայի կարևոր նպատակը։ Ինչքանո՞վ կկարողանանք այս մարտահրավերին դիմանալ։

– Հիմա գումար աշխատելու համար ժողովրդական երգի տարբեր մշակումներ են արվում. ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

– Նորմալ է, ամբողջ աշխարհում է դա կատարվում։ Բայց պարզ է, որ իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ, թե ի՞նչ է կատարվում մեր ժառանգության հետ։ Ցավալին այն է, որ մի տեսակ մեր ժառանգությունը դարձել է ռեստորաններում զբոսաշրջիկին ուրախացնող երաժշտություն, և դա բոլորովին կապ չունի այն ազնվական մշակույթի հետ, որը դարերով մեզ պահել է, ժառանգվել է, մաքրվել։ Շատ խմբեր, երիտասարդ կատարողներ փորձում են ուրիշ ժանրերի մեջ տեղափոխել ժողովրդական երգը, բայց առաջին ելևէջներից զգացվում է, որ նյութը մակերեսային գիտեն։

Բուն նյութը երբեք կարևորված չէ իրենց համար։ Նպատակն է՝ միանգամից ձևափոխել, և շատ դեպքերում նույնիսկ ժպիտ է առաջացնում, որովհետև մեր ժողովրդական երգն այնպիսի՜ գեղեցիկ նրբություններ ունի, և եթե այդ անցումները, մեղեդային ամբողջ հարստությունը դնես մաքրես, ի՞նչ է մնում, երգի կմախքը։ Դա վերցնում են և ուրիշ ժանրում ներկայացնում։ Պարզ երևում է, որ մարդուն առանձնապես հետաքրքիր չեն պահպանված և փոխանցված տարբերակները։ Միգուցե ժամանակներն են այդպիսին․ կյանքն այնքան արագ է գնում, ո՞վ ժամանակ ունի սովորելու։ Հիմա ընդհանրապես սովորելու ցանկություն չկա։

– Ազգային երաժշտությունը կարծես ավելի շատ բիզնես նպատակի է ծառայում։

– Այո։ 1983թ. էր, երբ «Ակունք» անսամբլ մտա, մինչ այդ կարծում էի, որ բոլորի ընտանիքներում էլ գաղթական տատ ու պապ կա և դա է իրենց կենցաղը. այդ երգը, պարը։ Ես դասական վոկալով էի զբաղվում, և պատահական մեկ հանդիպումը փոխեց ամենը։ Մեծ եղբայրս, ով Հայրիկ Մուրադյանի անսամբլում էր, ինձ տարավ իրենց տուն։ Երգեցի տատիցս ժառանգած «Թագվորի գովքը» և հրավիրվեցի «Ակունք» անսամբլ։ Մեկ հանդիպումով կյանքի ճանապարհը փոխվեց, գնաց դեպի ֆոլկլոր։ Շատ ուրախ եմ դրա համար, որովհետև հրաշալի ձայնով կուրսեցիներիցս ոչ ոք բեմում երկար չմնաց, իսկ ես մինչև հիմա պրոֆեսիոնալ բեմերում եմ։ Այսքան տարի ժանրս փոխելու փորձ չեմ արել։ Կարող եմ կիթառ կամ ուրիշ գործիք նվագել, նստել երգել ու այդպես ներկայանալ, բայց համառորեն պահում եմ ավանդական ձևը. կամ երգում եմ ակապելլա, կամ խմբի հետ։

Տաղանդավոր, լավ ձայնով երիտասարդներ կան, որ լսում ու ասում ես, օ՜, Աստված ինչ լավ ձայն է տվել, ինչ-որ տեղ առավելություն է մեր նկատմամբ։ Բայց էթնիկ երգի իմաստնությունը վերարտադրելու համար նշված առավելություններից բացի՝ ուրիշ բան էլ է պետք։ Եթե իմաստնության մակարդակը չես ապահովում, չես կարողանում մոտենալ, սա է տարբերությունը։ Շատ եմ ուզում, որ երիտասարդներն ավելի խորանան, պատասխանատվությամբ վերաբերվեն, որովհետև շատ երգեր կան, որ տասնյակ տարիներ կատարել ենք, հիմա ուրիշ ժանրերում որ կատարում են, լրիվ ձևափոխված է, ու երբ ասում ես, որ այդ երգն այդպես չէ, այսպես է, երիտասարդը տալիս է ժողորդականություն վայելող մի երգչի անուն՝ ասելով, որ սա նրա երգն է։ Պատասխանում եմ, որ նրանը չէ, ժողովրդական երգը ոչ մեկինը չէ։

Երանի միայն երգի պահպանման պրոբլեմը լիներ։ Մարդիկ իրենց էության պահպանման խնդիրն ունեն։ Սա ավելի լուրջ է։ Ուժեղ չեն հոգեպես։

Մենք ունենք շատ երգեր, որոնք երբևէ ձայն չեն ստացել, այդ երգերն ինձ հանգստություն չեն տալիս։ Սովորում եմ ու ուզում եմ ձայնագրել։ Կարծես այդ երգերին թևեր տաս։

Հիմա ավանդական ամեն ինչի նկատմամբ ագրեսիան մեծ է։ Տպավորություն է, որ ավանդական ապրելակերպը խանգարում է հանգիստ ապրել, կայանալ։ Բարքերը շատ վատն են։

Ձեր բացթողումը չե՞ք տեսնում, որ չի ստացվել ազգային երգը կենցաղ մտցնել։

– Ո՞նց չի մտել կենցաղ։ Երբ 1980-ականներին ռեստորաններից դուրս եկան թուրքական մեղեդիները և բոլորը սկսեցին հայկական մեղեդիներ նվագել, աղբյուրը որտեղի՞ց էր գալիս։

Ուղղակի հիմա պետք է լինի օրինակ ցույց տվող, մշակույթը բարձր պահող, որպեսզի մարդիկ ձգտեն հասնել նրան։ Բայց հիմա ամենաթողություն է։ Պետական քաղաքականությունը մի տեսակ տարօրինակ է դարձել։ Բազում տարիների փորձ ունեցող երաժիշտներ այսօր աշխատանքից ազատվում են։ Նրանք ներդրում ունեն անսամբլների պահպանման հարցում։ Շատ վատ է։ Եթե մեկը փաստաբան չի դարձել կամ քաղաքականությամբ չի զբաղվում, որ լավ ապրի, ի՞նչ անի։ Երաժիշտներն ի՞նչ անեն։

– Նշեցիք՝ շատերին աշխատանքից ազատում են. գուցե սերնդափոխության ժամանա՞կն է։

– Սերնդափոխությունը շատ լավ բան է, բայց կան մարդու տարիների ներդրումը հարգելու ձևեր։ Մենք այն ժողովուրդը չենք, որ 40 տարի որևէ կոլեկտիվում աշխատած մարդուն կանչենք, ասենք՝ դիմում գրիր, գնա։ Նույնիսկ լավագույնների դեպքում են դա անում, որոնք իսկապես վերևում են իրենց տեխնիկայով, ամբողջ աշխարհում իրենց անունը բարձր են պահել։ Ստացվում է՝ Հայաստանը փոքր է տաղանդների համար։ Ի՞նչ է ստացվում. ինչ ճանապարհով ուզում ես՝ մի քիչ փող ճարի, վճարիր, երևա, և քո տարածած մշակույթը կդառնա ամենապահանջվածը։ Ժողովրդականություն վայելող մի բանը չի նշանակում, որ ժողովրդական է։ Ժողովրդական երգն ուրիշ է։ Մեկը նստել երկու բաժակ խմել է, մի երկու բառ է գրել՝ դրան ասում են ժողովրդական երգ։

Չորս կողմը որ նայեք՝ ամեն ինչ հաճույքների սպասարկման մակարդակի է դարձել։ Բայց դա ինչքան տխուր է։ Մեր տեսակը, կամ պետք է պահպանվենք, կամ էլ ձուլվենք, երգենք ուրիշների երգը, պարը։ Ինչ էլ ես անեմ, այլ ազգերից լա՞վ պետք է իրենց մշակույթը կատարեմ՝ չէ։ Մենք աշխարհին մեր եղածով պետք է ներկայանանք, բայց լավ, մաքուր, ազնիվ։

Մեր ժողովրդական պարի խմբերում սկսել են մի քիչ բալետային ոճով պարել՝ ձիգ ձեռքերով։ Սովետական շրջանում ամեն գյուղ մեկ անսամբլ ուներ, դա էր մեր սովորելու, շփվելու աղբյուրը։ Նայում էի հին տեսագրությունները, տեսա, թե ինչքան կաշկանդված են եղել. եկել հեռուստաընկերությունից նկարում են, ամաչում են՝ գյուղացու նման երևան։ Փորձել են ժողովրդական երգի անցումները մի քիչ քաղաքավարի կատարել, բայց բարբառից բխող մեղեդային նախադասությունները պետք է խոսեն․․․

Ազգային երգեր կատարողների համեգներին շատ քիչ են գնում. ի՞նչ անել, ինչպե՞ս նորովի մատուցել երգը, որ մարդկանց գրավի։

– Ավելի շատ դարձել են էներգիա ծախսելու, զվարճանալու հանդիպումներ։ Տեսնում եմ՝ Կասկադ ինչքան մարդ է գնում պարի։ Մարդիկ գնում, պարում և ուրախանում են, բայց նրանց նպատակը պահպանելը չէ։ Սովորում են, որ երբ մի առիթով հավաքվեն՝ ոչ ոք մյուսի ոտքը չտրորի, իմանան շարժումները։ Գագիկ Գինոսյանն ապրի, պարն ինքը տարածեց։ Այդտեղ մտքի վրա ազդող ոչինչ չկա։ Չգիտեմ՝ գոնե տարածքը ներկայացվո՞ւմ է։ Հիմա ստացվում է՝ Պատմական Հայաստան էլ չենք կարող ասել։ Օտարների համար երբ խոսում եմ մեր մշակույթի մասին, Ծովից ծով Հայաստանի քարտեզը պատի վրա՝ ցույց եմ տալիս, հիմա ի՞նչ, պետք է չխոսե՞նք, ասենք՝ մշակույթը Երրորդ մասից ենք բերե՞լ։

Երգի ուժը նույնիսկ սովետական քաղաքական գործիչները թերագնահատեցին։ Երբ Հայրիկ Մուրադյանի հետ հարցազրույց էի արել, համապատասխան մարմիններից ասացին՝ այդ ի՞նչ է ասում․ «Եթե հայերը զենք ունենային, և ճիշտ քարոզչություն արվեր, որ պետք է կռվել, հարց է՝ Թուրքիա՞ն կմնար, թե՞ Հայաստանը»։

Երգը և մեղեդի է, և խոսք։ Ազդում է մարդու սրտի, մտքի վրա։ Ես ամեն տեղ համերգներ ունենում եմ, այստեղ՝ ոչ։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն, որ ուզեն իրենց մտքի վրա երգով ազդես։ Գնում են համերգ, որ մենակ ուրախանան։ Մեկը համերգ էր գնացել՝ հարցնում եմ՝ ինչպիսի՞ համերգ էր, ասում է՝ այնքան լավ էր, այնքան ուրախացանք։ Ասում եմ՝ համերգին մենակ ուրախանո՞ւմ են։

Ու, եթե այնպիսի ծրագիր է, որ կարող է մտքիդ ազդել, մտքովդ անցնի, թե վերջին անգամ ե՞րբ ես ծնողիդ տեսել, նախնիների գերեզմանին այցելել, կամ դու ո՞վ ես, ինչպե՞ս ես ապրել, չար բան ես արել, մեղքեր գործել։ Ոչ ոք չի ուզում, որ իրեն վերցնես, իջեցնես օրորոցի մեջ դնես, ուր ոչ հարուստ կա, ոչ աղքատ, և բոլորս հավասար ենք։ Համերգ են եկել, ասում են՝ այս ի՞նչ է, պետք է նստեմ, տխրե՞մ։ Մարդիկ ուզում են իրենց մարմնական հաճույքներն արթնացնող մշակույթի հետ շփվել։ Դրա համար գնում են թռվռալու, ուրախանալու։

Տարիներ շարունակ օրորոցայիններ եմ երգում, այն ժամանակ ասում էին՝ դրա մեջ փող կա՞, որ երգում ես։ Հիմա ինչո՞ւ եմ ժպտում, որովհետև շատերը, ովքեր օպերային արվեստով էին զբաղվում կամ այլ և իրենց կարծիքով՝ բարձրակարգ, սկսել են դրանց անդրադառնալ, ինչո՞ւ։ Մեկի մոտ շուտ է արթնանում, մյուսի մոտ արյունը դեռ ջուր չի դարձել, մեկն էլ, չգիտեմ ինչ հրաշքով՝ դա շուտ է հասկանում։ Ես հիմա չգիտեմ, ո՞նց բախտս բերեց, որ այդ ամենը հասկացա և ժանրս փոխեցի։ Անկախ մեզանից է կատարվում։

Օրորոցային երգերից խոսեցիք։ Երիտասարդ մայրիկները գիտե՞ն այդ երգերը։ Հիմա շատ ակումբներ կան՝ հղիների, ծննդաբերելուց հետո երեխային պահելու հետ կապված ինչ-որ բաներ սովորեցնելու համար։ Մի ակումբ էլ օրորոցային երգեր սովորեցնելու համար պետք չէ՞։

– Ակումբ պետք չէ, որովհետև հիմա կա համացանց։ Երբ ես սկսում էի երգել, Կոնսերվատորիայում ժանրի մասին նույնիսկ գիտական աշխատանք չկար։ Բայց հիմա կարծում եմ, որ հայկական օրորոցայինների համաշխարհային տարածումն ինչ-որ հրաշքով հասկացա և կարողացա արտադրել ձայներիզ, որը «Նյու Յորք Թայմսը» ճանաչեց աշխարհում արտադրված հայկական լավագույն երաժշտություն։ «Շողակն» անսամբլի ձայներիզներն աշխարհում ամենատարածվածներից են։ Լոս Անջելեսի համալսարանում արդեն կա էթնիկ երաժշտագիտության բաժին, և մենթորներից մեկն եմ։ Աշխարհում հիմա էթնիկ երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Հռչակավոր շատ դահլիճներ կից բացում են հատուկ ֆոլկ երաժշտության դահլիճներ, որտեղ ամեն ինչ ակուստիկ պետք է լինի, որպեսզի քեզ դնեն ավելի առաջնային միջավայրի մեջ, ուր չի լինի ոչ մի տեխնիկական ժամանակակից միջամտություն։

– Ի՞նչ անենք, որ Հայաստանում ևս էթնո երաժշտությունը կարևորվի։

– Պետք է ազնիվ լինենք մշակույթի առջև։ Հենց հիմա գյուղերում կան բացառիկ կատարողներ, բայց նրանց տեսնո՞ւմ ենք, ցուցադրո՞ւմ են։ Ես չեմ կարող տունս վաճառել, գնալ հեռուստատեսություն, ելույթ ունենալ, որ մարդիկ լսեն։ Մշակութային կորուստը շատ ավելի դժվար է վերականգնել, քան աշխարհագրական տարածքը։ Այնպիսի լավ սերունդ կա, բայց նրանք ջրի երեսին չեն։

Հիմա ինչի՞ շուրջ պետք է մարդիկ միավորվեին։ Պարզ է, որ քաղաքական պայքարի շուրջ դժվար է միավորվելը։ «Շողակնը» երբ Արամ Խաչատրյան համերգասրահում համերգ ուներ, քաղաքական հակադիր ճամբարի ներկայացուցիչները դահլիճում էին, որովհետև քո հոր ու մոր գերեզմանի, սուրբ հողի կամ Արարատի կամ ժառանգության առաջ՝ ի՞նչ քաղաքական կուսակցություն։ Այնքան ճղճիմ բան է այդ քաղաքականությունը։ Ուղղակի թվում է, թե մեր երկիրը մշակութային քաղաքականություն չունի։

Բոլոր կուսակցությունների ծրագրերում նայել եմ, այնքան սիրուն-սիրուն բաներ են գրում…

Սփյուռքում էլ պահանջված չեմ։ Ինչքան աղբ որ այնտեղ կատարվում է, ասում եմ՝ ո՞նց եք սա լսում, ասում են՝ քո հայաստանցիներն են։ Այ սա ամենամեծ ապտակն է, որ ամեն տեղ ուտում եմ։

Զրույցի սկզբում ասացիք, որ նոր երգեր եք ձայնագրել. ո՞ր շրջանին են պատկանում։

– Մենք ունեցել ենք Գրիգոր Սյունի անունով կոմպոզիտոր՝ ծնված Շուշիում, ով նաև քաղաքականության մեջ է եղել։ Էջմիածնի ճեմարանում է սովորել, Կոմիտասից 10 տարի մեծ է եղել։ Զարմանալի բան ասեմ՝ դաշնակցական երգերի հեղինակն է, բայց քանի որ սովետական կարգեր են եղել՝ գնացել է Հայաստանից, մի տեսակ փակվել է թողած ժառանգությունը։ Հիմա իր ծոռը որոշել է արխիվը բացել, և այն հայտնվեց Լոս Անջելեսի համալսարանի էթնո երաժշտագիտության բաժնում։ Նայում ես՝ Շուշիում իր տատի երգած օրորոցայինն է․․․ Ես որտե՞ղ պետք է տեսնեի սա։ Մենք ուրիշ ողբերգության մեջ ենք։ ԳԱԱ Ազգագրության ինստիտուտը և մյուս գիտական հաստատությունները, որոնք ուսումնասիրում են, կատարողներին չեն տալիս նյութը, որ գտել են։ Իրենց համար գիտական ուսումնասիրության նյութ է, պետք է դիսերտացիա պաշտպանեն, ու ոչինչ, որ այդ գիրքը հրատարակվի և ոչ մի նմուշ կենդանի չերգվի։

Մենք համագործակցության խնդիր ունենք։ Երբևէ ոչ մի երաժշտագետ, ֆոլկլորագետ չի բերել մի 4-տակտանի երգ ու ասել՝ սիրուն է, կերգե՞ս։ Համագործակցություն չկա, և լիքը մշակութային աղբ ժողովրդականի անվան տակ եթեր է լցվում։ Բա եթերին էլ փող է պետք, ես ի՞նչ անեմ, ում ինչը դառնամ, որ գնամ եթերի համար փող տամ, ազգային դեմքը պահեմ։ Ասում են՝ տեսահոլովակ նկարեք, բերեք, բարև ձեզ, ինչո՞վ նկարեմ։

Ես կարող եմ զուսպ ապրել, բայց իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, որ ուզում է ամեն օր նոր մի բան հագնել։ Մեր ամբողջ ողբերգությունը բոլոր բնագավառներում դարձել է ստամոքս, շոր ու կոշիկ, ինքնաթիռի տոմս։ Բա մենք ո՞նց ենք մտածում, որ մեզ պետք է հարգեն, սրտները ցավի մեր տարածքային, մարդկային կորուստների համար։ Մեր որկրամոլ վիճա՞կը պետք է հարգեն։ Երիտասարդների հետ խոսում ես, նույնիսկ ուրիշների ողբերգությունների վրա էլ կենտրոնացած չեն։ Ամբողջ աշխարհի համալսարաններում Ապրիլի 24-ին հայ ուսանողները փորձում են ինչ-որ բան անել, բայց մյուսների ողբերգության օրերին չեն գնում մասնակցեն։ Գազայի դեպքերի համար նստացույց էր Լոս Անջելեսի համալսարանում, 3 հայ ուսանող էր եկել։ Ուրիշի ցավը չենք կարողանում հասկանալ, բայց չգիտես ինչու՝ նրանք պարտավոր են։

Դե, որովհետև ուրիշները մեր ցավը չհասկացան, մեխանիկորեն մենք էլ չենք հասկանում։

– Չէ, ինչո՞ւ։ Աշխարհում քանի՞ հոգի կա, որ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ես երիտասարդների մասին եմ խոսում, այսպես չի լինի, ամբողջ աշխարհում թմբիրի մեջ են։

Տեսանյութեր

Լրահոս