Լիբանանն Իսրայելի հետ բանակցություններում պաշտպանում է իր ինքնիշխանությունը. Աուն
Լիբանանի իշխանությունների որոշումն Իսրայելի հետ բանակցությունների օգտին չի նշանակում ո՛չ զիջում, ո՛չ էլ կապիտուլյացիա. բանակցությունները նպատակաուղղված են իր ինքնիշխանությունը պաշտպանելու պետության բացառիկ իրավունքին: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը 2000 թվականին իսրայելական բանակի դուրսբերումից հետո Հարավային Լիբանանի ազատագրման տարեդարձի առթիվ։
«Դեպի իսրայելական զորքերի լիակատար դուրսբերում տանող ճանապարհը մնում է հաստատուն ազգային պահանջ, որից ոչ ոք չի հրաժարվի։ Լիբանանյան պետությունն աշխատում է դրան հասնել բանակցությունների օգտին ընտրություն կատարելու միջոցով, որոնք ո՛չ զիջում կլինեն, ո՛չ էլ կապիտուլյացիա, այլ իր հողը և ինքնիշխանությունը պաշտպանելու Լիբանանի բացառիկ իրավունքի հաստատում», – Աունի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Նախագահն ընդգծել է, որ Լիբանանի հարավի ազատագրման հիշատակին իսկական տուրք կլինի այնպիսի պետության կառուցումը, որը հենարան կդառնա բոլոր քաղաքացիների համար, որտեղ ինքնիշխանությունը յուրաքանչյուր լիբանանցու պատասխանատվությունը կլինի։
Լիբանանի հարավն Իսրայելի օկուպացիայի տակ էր գտնվում 1978 թվականից, երբ Իսրայելն սկսեց «Լիտանի» գործողությունը, ապա 1982 թվականի ներխուժումից հետո ամրապնդեց իր ռազմական ներկայությունը և, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծեց Հարավային Լիբանանի բանակի աջակցությամբ։ 2000 թ. մայիսի 25-ին իսրայելական զորքերն ավարտեցին երկրի հարավային շրջաններից դուրս գալու գործընթացը, որը Լիբանանում նշվում է որպես Դիմադրության և ազատագրման օր։
Լիբանանի և Իսրայելի միջև դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում ապրիլի 16-ին, որից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի մասին։
«Հեզբոլլահ»-ը քննադատել է Լիբանանի կառավարությանն Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար։



