Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչ պայմաններում է ԵՄ կոալիցիան գործողություն սկսելու Հորմուզում
Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ աշխատող երկրների եվրոպական կոալիցիան պատրաստ է գործողություն սկսել նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, եթե կատարվեն չորս հիմնական պայմանները, երկուշաբթի օրը հաղորդել է Repubblica թերթը։
Նշվում է, որ առաքելությունը կարող է սկսվել միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կայուն հրադադար կնքվի։
«Չորս պայման՝ առաքելության իրականացման համար։ Եվրոպացիները պատրաստ են գործողություններ ձեռնարկել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար։ Երեկվանից ի վեր հիմնական գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև շփումները սրվել են։ Ականազերծող նավերն ու հածանավերը արդեն ուղղություն են վերցրել դեպի Պարսից ծոց»,- նշվում է հոդվածում։
Առաջին պայմանը, ըստ եվրոպական մայրաքաղաքների, ԱՄՆ-ի պաշտոնական համաձայնությունն է ԵՄ ուժերի ներկայությանը նեղուցում։
Երկրորդ պայմանը Իրանի համաձայնությունն է իր ափերի մոտ օտարերկրյա առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Repubblica-ի տվյալներով՝ եվրոպական երկրների և Թեհրանի միջև արդեն իսկ ստեղծվել են կապի ուղիներ:
Երրորդ խնդրահարույց կետը ՄԱԿ-ի կողմից առաքելության քաղաքական աջակցությունն է, իսկ չորրորդ կետը վերաբերում է խորհրդարաններում, հիմնականում՝ Իտալիայի և Գերմանիայի, անհրաժեշտ հաստատումները ստանալուն։



