Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Պակիստանի վարչապետին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 25-ին Պեկինում ընդունել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին՝ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերի շրջանակում։ Այս մասին հաղորդում է չինական Xinhua լրատվական գործակալությունը:
Հանդիպման վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Սի Ծինփինի հետ հանդիպումից առաջ Շարիֆը բանակցություններ էր անցկացրել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։
France 24-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի գլխավոր բանակցողը՝ Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ նույնպես գտնվում է Պեկինում։
Ավելի վաղ Մունիրը Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի հետ այցելել էր Թեհրան և բանակցություններ վարել իրանցի պաշտոնյաների հետ՝ Իրանի դեմ պատերազմի ավարտի միջնորդական ջանքերի շրջանակներում։
Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի Պակիստանի հետ՝ «Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման գործում դրական ներդրում ունենալու» համար։
Իր հերթին, Պակիստանի պետական PTV հեռուստաալիքը հաղորդել է, որ Պեկինում Չինաստանի ղեկավարության հետ հանդիպմանը Շարիֆն ասել է, որ «աշխարհը անցնում է կրիտիկական պահի միջով»։
«Գործերը ճիշտ ուղղությամբ են շարժվում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Չինաստանին խաղաղության խթանմանն ուղղված աջակցության համար»,- հավելել է Շարիֆը։
Պակիստանը հանդես է գալիս որպես ԱՄՆ-Իրան հակամարտության միջնորդ և ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։
Այժմ Պակիստանը կրկին քայլեր է ձեռնարկում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։



