Ֆիլիպիններում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, 17 մարդ դեռ անհետ կորած է
Ֆիլիպինների Անջելես քաղաքում կառուցվող շենք է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆիլիպինցի պաշտոնյաների։
Փրկարարական անձնակազմերը շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքները։
Տարածաշրջանային հրդեհային պաշտպանության բյուրոյի տեղեկատվության պատասխանատու Մարիա Լեա Սաջիլին հայտնել է, որ 17 մարդ անհետ կորած է. նրանց մեծ մասը շինարարներ են։
Նրա խոսքով՝ փլատակներում էլի մարդիկ կան, քանի որ ջերմային սկանավորումները հայտնաբերել են շնչառության և սրտի բաբախյունի նշաններ։
Պաշտոնյաները հայտնել են, որ այժմ հետաքննություն է ընթանում՝ պարզելու մայրաքաղաք Մանիլայից հյուսիս գտնվող Անջելես քաղաքում բազմահարկ շենքի փլուզման պատճառները։
Ըստ նախագծի և հաստատված թույլտվության՝ փլուզված շենքը նախատեսված էր որպես 9-հարկանի հյուրանոց, սակայն իշխանությունները հայտնել են, որ լրացուցիչ 10-րդ հարկում լողավազան էր կառուցվում։



