
Փաշինյանի վտանգավոր չիմացությունը…

«Փաշինյանը «սպառնացել» է բանակին և զինվորականությանը՝ չպետք է ամեն տեսակի սպառազինություն ունենալ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթին, բայց այնտեղ առաջ է քաշվում մի թեզ, որի շուրջ չենք «ծավալվել»:
«Մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ (обороноспособный) բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ, որովհետև մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ՝ ի՞նչ խնդիր լուծելու համար։ Ո՞րն է այն հայեցակարգը, որն ինքը հետապնդում է, ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է»,- հայտարարել է նա:
Ցանկացած մասնագետի, այլ երկրի առաջնորդի մոտ այս ձևակերպումը, մեղմ ասած, զարմանք կառաջացնի, եթե չասենք՝ կասկածներ Փաշինյանի գիտելիքների հետ կապված, որովհետև, երբ խոսք է լինում պաշտպանունակության մասին (обороноспособность), առաջին հերթին նկատի են ունենում պետությունը: Իսկ երկրի պաշտպանունակությունը (обороноспособность государства) համապարփակ հասկացողություն է կամ վիճակ, և ռազմական ուժը կամ բանակի մարտունակությունը դրա մի բաղադրիչն է:
Այսինքն, երկրի պաշտպանունակությունն ապահովում է ոչ միայն ռազմական շինարարությունը, այլև՝ հզոր տնտեսությունը (դրանով պայմանավորված է ռազմական կամ պաշտպանական շինարարության որակը), ռազմարդյունաբերության զարգացման միտումները, ժողովրդագրական պատկերը, պետական բոլոր մարմինների գործունակությունը խաղաղ և պատերազմական իրավիճակում, արտաքին քաղաքականությունը, որոշ առումներով՝ անգամ իրավական-օրենսդրական բազան, հանրության բարոյահոգեբանական տրամադրվածությունը և այլն:
Երբ, օրինակ, Ռուսաստանի ղեկավարը ՆԱՏՕ-ից իր սահմանների համար վտանգ է տեսնում, նա հրահանգում է կառավարությանը՝ բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, ինչը նշանակում է համալիր միջոցառումների իրականացում:
Ստացվում է՝ մի կողմից՝ Փաշինյանը հայտարարում է, որ բանակը՝ որպես անվտանգության ապահովման գործոն, ամենավերջին տեղում պետք է լինի, մյուս կողմից, գուցեև ենթագիտակցորեն, գուցե ռազմական, կառավարման որոշակի նրբություններին չտիրապետելու արդյունքում՝ պետության ամբողջ պատասխանատվությունը դնում է զինված ուժերի վրա:
Եվ ունենում ենք նույն վիճակը, երբ պատերազմն իրականում վարում է պետությունը, զինված ուժերն էլ մարտական գործողություններ իրականացնում, բայց 2020 թվականի 44-օրյա պատերազմի պարտության ամբողջ պատասխանատվությունը դրվեց բանակի վրա, զինվորականության, հրամանատարության, հարուցվեցին քրեական գործեր:
Իսկ պետության պաշտպանունակությունը գնահատվում է, թե որքանով է երկիրը կարողացել կամ ունակ պաշտպանել իր սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային շահերը, և այս հարցում ռազմական ուժը կարևոր բաղադրիչ է:
Որքանո՞վ է ՀՀ-ն կարողացել սա անել, կամ՝ որքանո՞վ է պատրաստ ռազմական ագրեսիայի, թերևս, ավելորդ է ասել, դրա վառ ապացույցը 2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան է:
Ուզում ենք հավատալ, որ այս նրբությունները ԳՇ-ում և Ռազմական ակադեմիայում հասկանում են, ի վերջո, նրանցից շատերն ունեն ռազմական կրթություն։
Ի դեպ, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հիշեցրեց 2019 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը նրա առաջ քաշած թեզը, որտեղ նշել էր, որ ռազմական գործի մի քանի ասպեկտներ են հայտնի՝ ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ժամանակն է եղել շեշտադրել ինտելեկտը:
«Եվ ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ Զինված Ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված Ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը: Եվ սա է խնդիրը, որ մենք այսօր առաջադրում ենք և իրար հետ պետք է լուծենք»,- ասել էր նա:
Կարո՞ղ ենք այս հայտարարությունից 6 տարի անց ասել, որ ՀՀ-ի բանակը դարձել է տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը, երբ հույսը դեռ ԵԿՄ-ն է, 25-օրյա վարժանքի մասնակիցները:
Արդյո՞ք այսօրվա ատեստացիոն գործընթացը բանակի ինտելեկտուալ կարողությունները զարգացնում է այնպես, որ համարվի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը, իհարկե՝ ոչ, բայց կորցրել է եղած մարտունակությունը:
Ի՞նչ էր ռազմական գործից հեռու Նիկոլ Փաշինյանը հասկանում ինտելեկտուալ բանակ ասելով՝ սպաների մի քանի լեզվի տիրապետո՞ւմ, օպերային ներկայացումների հաճախակի այցելությո՞ւն…
Միջազգային զորավարժություններին մասնակցությունն արդյոք չի՞ մարզում ռազմական մտածողությունն ու ճկունությունը, չի՞ զարգացնում ռազմական միտքը:
Բանակին հրահանգներ է տալիս մի մարդ, ով չի ծառայել բանակում, հեռու է ռազմական գործից, չի տիրապետում գերագույն հրամանատարի գործառույթներին, և թե երբ պետք է այն կիրառել, զենքը զինամթերքից չի տարբերում և այլն, բայց ինչ-որ թեզեր է պարտադրում բանակին, զինվորականությանը:
Եվ զինվորականության մի շերտ, որ բողոքում էր զինված ուժերում խորհրդային հնացած համակարգից կամ մոդելից, այսօր պետք է ի գիտություն ընդունի Փաշինյանի ոչ մասնագիտական թեզերը և դա փորձի ինչ-որ կերպ հարմարեցնել ռազմական կանոններին:
Բնականաբար, բանակը չպետք է ետ մնա ժամանակակից պատերազմի և անվտանգային արագ փոփոխվող կանոններից, եթե մտադրությունները բարի են, եթե նպատակը հզոր բանակ ունենալն է:
Կամ՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք չենք ձգտում ունենալ բոլոր տեսակի սպառազինություն:
Թե ինչ սպառազինություն է պետք, ՀՀ-ում նախկինների օրոք և զարգացած երկրներում որոշվել է, որոշվում է Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքում, ինչը նախատեսված է ՀՀ գործող ռազմական դոկտրինով:
Բայց նման գործընթաց չի կատարել Փաշինյանի իշխանությունը, Անվտանգության խորհուրդը, և այն սպառազինությունն էլ, որ ձեռք է բերվել վերջին տարիներին, այն բարեփոխումները, որ կատարվել են, առանց դրա իրականացման են եղել:
Նշենք, որ Պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգն առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/:
Տվյալ գնահատման արդյունքները հիմք են հանդիսանում պաշտպանության ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի մշակմանը, հետևաբար, պաշտպանական բարեփոխումների համար:
Այն հնարավորություն է տալիս հնարավորինս ճշգրիտ, հիմնավորված և նպատակաուղղված իրականացնել սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը և ֆինանսավորումը, ինչպես նաև՝ զգալիորեն բարձրացնում է պետության պաշտպանունակությունը, ապահովում է անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար և նվազեցնում է անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը:
168.am-ն ուսումնասիրություն էր ներկայացրել նախկին իշխանությունների օրոք իրականացված Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացների վերաբերյալ, դրանց շրջափուլերի, որի շրջանակում խոսվում էր «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգի դուրսմղման և «Սանձահարում/Զսպում» դոկտրինալ մոտեցման ներդրման անհրաժեշտության մասին: