Դամասկոսի օդանավակայանում տեղադրված թուրքական ռադարը խուճապ է առաջացրել Իսրայելում
Օրերս Սիրիայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նուհ Յըլմազը հայտնել էր, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանի թռիչքների անվտանգությունը կապահովվի «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության ռադարային համակարգը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ «HTRS 100» օդային երթևեկության կառավարման ռադարային համակարգը ապահովում է օդանավակայանների շրջակայքում գտնվող բոլոր օդային թիրախների ճշգրիտ հայտնաբերումն ու հետևումը նույնիսկ ոչ բարենպաստ եղանակային պայմաններում։
Արևմտյան հետախուզական աղբյուրները գրում են, որ այդ քայլը կարող է սահմանափակել Իսրայելի ազատ տեղաշարժը Սիրիայի տարածքում։ Վերոհիշյալ աղբյուրները դա դիտարկում են որպես զարգացում, որը կարող է լրջորեն նվազեցնել Իսրայելի կարողությունը Սիրիայի տարածքով օդային գործողություններ իրականացնելու համար։
Իսկ իսրայելի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան էլ նշել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական բազա հիմնելու հնարավորությունը դիտարկում է որպես «պոտենցիալ սպառնալիք»։ Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրքիայի այդ քայլը խուճապ է առաջացրել Իսրայելում։
Ըստ նրա՝ եթե ստեղծվի թուրքական ավիաբազա, ապա դա կխաթարի Իսրայելի ազատ տեղաշարժը Սիրիայում։ Դա սպառնալիք է, որին դեմ է Իսրայելը։
Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունն էլ իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ, Դամասկոսի միջազգային օդանավակայանում նոր ռադարը նախատեսված է քաղաքացիական նպատակների համար, այլ ոչ թե ռազմական:
