Մեր կարատանոց բրիլիանտը խուրդել են ցիրկոնի գնով և դրանից ուրախացել են. Արմեն Աշոտյանը՝ TRIPP-ի մասին
«Նիկոլական քարոզչության տիպիկ ձեռագիրն է՝ արտաթորանքը վաճառել դեսերտի տեղ։ TRIPP-ի փաստաթղթի տեքստում անբնականորեն շատ ճխտած էր «ինքնիշխանություն» բառը, մինչդեռ իրականության մեջ բոլորովին այլ բան է գրված։ Իմ քննադատությունը TRIPP-ի դեմ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության։ Չի կարելի մեղադրել ԱՄՆ-ին, որ ինքն իր շահերը տարածաշրջանում առաջ է տանում։ Կապ չունի՝ դու ում վասալն ես, վասալը մնում է վասալ՝ ռուսի՞նը կլինես, ամերիկացո՞ւնը, թե՞ եվրոպացունը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տրանզիտային պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան TRIPP-ը, և չի կարելի TRIPP-ի խաթր մսխել այդ պոտենցիալը։ Խոսքը և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին է, և՛ այլ տրանզիտային ճանապարհների։
«Չի՛ կարելի 1 կարատանոց ադամանդը խուրդել ցիրկոնի տեղ ու ուրախանալ դրա համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նկատեց՝ TRIPP-ի ռեալ իշխանությունն օպերատորների ձեռքում է լինելու, իսկ Հայաստանը, ցավոք, օպերատոր չէ։
«Իր տապալված ինքնաասուլիսում Արարատ Միրզոյանն ասաց՝ լոգիստիկան ունի 3 շերտ: Առաջին շերտը Միջին Ասիան, Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու շերտն է: Եթե TRIPP-ը գլոբալ Արևելք-Արևմուտք առևտրի նախագիծ է, ապա նայեք քարտեզին, կտեսնեք, որ Միջին Ասիայից էն կողմ կա տնտեսական գերտերություն, դա Չինաստանն է: Արարատ Միրզոյանը գիտակցաբար մատնեց այն փաստը, որ TRIPP-ի օգտագործումը չի ծառայելու Չինաստան-Եվրամիություն առևտրաշրջանառությանը, որը շատ մեծ է։ Այսինքն՝ ի սկզբանե նա բացահայտեց գեոպոլիտիկ կնճիռները: Հարց՝ չինացիներին չե՞ք թողնելու անցնեն այդտեղով։ Միայն Կենտրոնական Ասիայի համա՞ր է:
Ակնհայտ է, որ՝ հա: Երկրորդ շերտը, որ նա ասաց՝ Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ: Մեզ ի՞նչ: Մեզ դա ի՞նչ է տալու: Եվ երրորդը, ասում է՝ Հայաստանը կապելու է 3-րդ երկրների հետ: Լավ… Իսկ ո՞նց է կապելու: Եթե դուք ասում եք, որ TRIPP-ը տրանզիտային է, ո՞ւր է այն նախագիծը, որը Հայաստանի հիմնական տարածքը, բեռնափոխադրումները ներարկելու է այդ երակի մեջ: Եթե TRIPP-ը տրանզիտային է, ո՞ւր է այն տարածքը, որը Հայաստանի տնտեսական պոտենցիալը մտցնելու է այդ զարկերակի մեջ։
Ինչ վերաբերում է ճանապարհի բաժնեմասերին, Արմեմն Աշոտյանն ասաց. «Հիմա՝ հարց․ որևէ սթափ մարդ կասկածո՞ւմ է, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մնաց իշխանության, համաձայնելու է ԱՄՆ կառավարության ցանկացած առաջարկի՝ TRIPP-ի բաժնեմասերը, այդ թվում՝ ամբողջը, տալ ցանկացած երկրի, այդ թվում՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Իսկ եթե հանկարծ մերժեն, այդ պատկերացումները կընկնեն 18+ կոդի տակ, ու տեսանյութը տեղադրվի համապատասխան կայքերում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
