Մինեապոլիսում բողոքի ակցիա է տեղի ունեցել միգրացիոն ոստիկանների կողմից տղամարդու սպանության պատճառով
ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել դաշնային գործակալների կողմից 37-ամյա Ալեքս Փրեթիի սպանությունից հետո։ Ցուցարարները բողոք են հայտնել ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) գործողությունների դեմ և արդարադատություն պահանջել Ալեքս Փրեթիի և գրեթե 3 շաբաթ առաջ ICE գործակալների կողմից սպանված Ռենե Գուդի համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
37-ամյա Փրեթին բուժակ էր, որին հունվարի 24-ին գնդակահարել էին ICE գործակալները, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Մինեապոլիսում տեղակայվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի նպատակով։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պնդում է, որ գործակալները կրակել են ինքնապաշտպանության նպատակով՝ փորձելով զինաթափել Փրեթիին, սակայն ըստ այլ վկայությունների՝ տղամարդու ձեռքին, հնարավոր է, հեռախոս է եղել, այլ ոչ թե ատրճանակ։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների կողմից սպանության տեսանյութի վերլուծության՝ գործակալները Փրեթիի ձեռքից ատրճանակը վերցրել են նախքան նրա վրա կրակելը։
Մինեապոլիսում բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն դադարի բողոքել միգրացիոն ոստիկանության դեմ, մինչև նրանք չհեռանան քաղաքից։
Հունվարի 25-ին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ICE գործակալները «որոշակի պահի» կհեռացվեն Մինեապոլիսից, սակայն չի նշել, թե երբ դա կարող է տեղի ունենալ։
Թրամփը նաև կրկին քննադատել է տեղական իշխանություններին՝ կոչ անելով Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին համագործակցել, «այլ ոչ թե դիմադրել և բորբոքել պառակտման, քաոսի և բռնության կրակը»։
Truth Social-ում իր գրառման մեջ Թրամփը նաև Ռենե Գուդի և Ալեքս Փրեթիի մահն անվանել է «դեմոկրատների կողմից առաջացած քաոսի արդյունք»։
Ուոլցը մամուլի ասուլիսում ասել է, որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար, և կրկին կոչ է արել Թրամփին Մինեապոլիսից հեռացնել 3000 «անվարժ» ICE գործակալներին։


