Ռուբեն Հայրապետյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանի գործով նոր դատախազ է ներգրավվել. նախկին հանրային մեղադրող Ռուզաննա Խուդավերդյանն ազատվել է աշխատանքից, գործով նոր դատախազ կա՝ Ենոքյան ազգանունով, ով նախ միջնորդեց 2 ամսով հետաձգել նիստը, որպեսզի վերջինս հասցնի ծանոթանալ վարույթի նյութերին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10.00, սակայն այդ նիստն էլ չկայացավ:

Այսօրվա դատական նիստի սկզբում այլ նոր հանրային մեղադրող` Հռիփսիմե Ասատրյանը հանդես եկավ միջնորդություններով: Դրանք վերաբերում էին Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման համատեքստում հայցի առարկայի փոփոխության և նոր մեղադրյալ ու նոր պատասխանող ներգրավելու մասին:

Կարդացեք նաև

Հանրային մեղադրողի խոսքից հետո նրան հարցեր ուղղեց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը՝ մասնավորախես «Հայէկոնոմբանկի» կողմից կեղծ տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վերահաշվարկի մասին: Հանրային մեղադրողն ասաց՝ չի արվել:

Վահագն Դալլաքյանը նաև մեկ ամիս ժամանակ խնդրեց դատարանից՝ կապված հանրային մեղադրողի միջնորդությունների հետ:

Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 10.00-ին:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանից եւ Նարինե Հայրապետյանից՝ հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձորում գտնվող հողամասն ամբողջությամբ, Առինջում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ, Սևանում գտնվող հողամասն ամբողջությամբ, ինչպես նաև՝ «Լեքսուս» ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ գույքերի միջին շուկայական արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Ռաֆիկ և Մարիամ Հայրապետյաններից բռնագանձել ավտոմեքենան, «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ-ում 2021թ հոկտեմբերին ներդրված 6 մլն․ 897 հազ․ 30 ՀՀ դրամ չափով արժույթն ամբողջությամբ, նույն ՓԲԸ-ում 2020թ սեպտեմբերի 25-ին ներդրված և 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 6674 ԱՄՆ դոլարի չափով ավանդն ամբողջությամբ, ինչպես նաև՝ Յունիբանկում 2021թ սեպտեմբերի 22-ին ներդրված 1 մլն 523 հազ․ 641 ՀՀ դրամի չափով ավանդն ամբողջությամբ։

Այնուհետև, ըստ դատախազի, Ռաֆիկ Հայրապետյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման է ենթակա Երևանի Ավան թաղամասի շենքերից մեկում ոչ բնակելի տարածքն ամբողջությամբ, Ավանում բնակելի տունն ամբողջությամբ, Լեքսուս մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև՝ «Սպորտ Ռեզորթ», «Ռոյալ Քլաբ», «Սևան Ռեզորթ», «Հարսնաքար», «Նորալուսին» ընկերությունների մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին արժեքը։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև «Զարգացման հայկական բանկ» ՓԲԸ 65181 բաժնետոմսերից 8526 ապօրինի բաժնետոմսերը և 153433 հասարակ բաժնետոմսերից 45430 ապօրինի բաժնետոմսերը, այնուհետև, «Հարսնաքար» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 70 մլն 600 հազ 496 ՀՀ դրամ չվերադարձված մասից 57 մլն 58 հազ 104 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Նորալուսին» ընկերությանը տրամադրված փոխառության 43 մլն 710 հազ․ 903 ՀՀ դրամ չվերադարձված մասից՝ 5 մլն․ 898 հազ․ 520 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Ռոյալ Քլաբ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 3 մլն․ 394 հազ․ 375 ՀՀ դրամ չվերադարձված մասից 96 հազ 375 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, «Սևան Ռեզորթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության 88 մլն․ 318 հազ․ 393 ՀՀ դրամ չվերադարձված մասից 74 մլն 119 հազ․ 266 դրամի պահանջի իրավունքը, «Բյուրեղ» ՓԲԸ-ին տրամադրված փոխառության 97 մլն 702 հազ 500 դրա չվերադարձված մասից 83 մլն 568 հազ 580 դրամի պահանջի իրավունքը, «Արագած» ԲԿ-ին տրամադրված փոխառության 199 մլն 74 հազ․ 606 չվերադարձված մասից 193 մլն 829 հազ․ 510 ՀՀ դրամի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ չվերադարձված ապօրինի մասի չափի գումար։ Դատախազությունը նաև պահանջում է բռնագանձել բաժնետոմսեր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս