Իշխանության «էլիտան» պետք է շեյխի նման ապրի, ժողովուրդը՝ ճորտի. չգիտեմ՝ իրենք իրենց ո՞ր ձեռքբերման համար են միլիոնների պարգևավճար տալիս. Հուսիկ Արա
«ՀՀ օրվա իշխանությունը վերջին 8 տարում այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ հասարակության 90 տոկոսը մեծ տառապանքի մեջ է, մտածում է, թե այս երկրի վիճակն ինչ է լինելու, հիմա ինչ են կորցնելու, և այլն։ Նման իրավիճակում, ինքս՝ որպես ստեղծագործող մարդ, չգիտեմ՝ ժամանակիս 1 տոկոսն արդյո՞ք տրամադրում եմ ստեղծագործելուն, ուղղակի անհնար է։ Տարբեր ոլորտներում ստեղծագործողների համար այսպես է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան՝ խոսելով երկրում ստեղծված իրավիճակի, այդ համատեքստում պաշտոնյաների միլիոնավոր պարգևավճարների, ինչպես նաև ազգի անելիքների մասին։
Բանաստեղծի խոսքով՝ սկսած ՔՊ գլխավորից մինչև իշխանական պատգամավոր, իրենց բոլոր քայլերը փորձում են անտրամաբանական ձևով արդարացնել, արդարացնելով նաև իրենց պարգևատրումները։
«Չգիտեմ, իրենք իրենց ո՞ր ձեռքբերման համար են միլիոնների պարգևավճար տալիս, չնայած գիտեմ «ձեռքբերումներ», օրինակ՝ Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների կրճատումը, «Թուրանական» միջանցքի հանձնումը։ Ասում են՝ մի ասեք «միջանցք», այլ ասեք՝ անխոչընդոտ ճանապարհ, է, այդպես ասենք, բայց դրանից իրականությունը փոխվո՞ւմ է՝ իհարկե չի փոխվում։ Սա նույնն է, որ ասեն՝ կատու մի ասեք, ասեք՝ փիսիկ։
Թուրքը 120 տարի պայքարեց այդ ամենը ձեռք բերելու համար և ստացավ այն։ Դրա համար էլ մեր երկրի ղեկավարին ամեն անգամ կանչում ու մեդալ են տալիս, վստահ եմ՝ նորից են տալու, որովհետև ստանալու բաներ ունեն դեռ»,- հավելեց Հուսիկ Արան։
Հուսիկ Արան հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի օրերս արած հայտարարությունը, որ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորվելու են, շեշտելով, որ Փաշինյանը վաղն էլ կարող է ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներն են միավորում, և դա դառնում է «Արևմտյան Ադրբեջան», բա սրա համար իրենց չպե՞տք է պարգևավճարներ տան։
«Նախկիններին են մեղադրում կոռուպցիայի մեջ, սրանք ամեն ինչի ձևը փոխել են ու այդպես են պետական բյուջեն թալանում։ Նիկոլն ասում է՝ թոշակառուների թոշակը բարձրացնենք, չեն իմանա՝ որտեղ ծախսեն, բայց իրենք 3 մլրդ են ստանում, գիտեն՝ որտեղ պետք է ծախսեն։ Ծաղր է սեփական հասարակության նկատմամբ, դե, իրենք պետք է ամենափարթամ կյանքով ապրեն, թոշակառուն էլ ոնց ապրի՝ ապրի։ Սրանց օրոք հասարակության սոցիալական բևեռացումն ավելի խորացավ ու ընդգծվեց»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հուսիկ Արայի բնորոշմամբ՝ այս իշխանությունների օրոք Հայաստանում կա մի խումբ «էլիտա», որը պետք է շեյխի նման ապրի, իսկ ժողովուրդը պետք է ապրի՝ որպես ճորտ, որովհետև ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ փողը թոշակառուն չի կարողանում ծախսել։
«Ես չգիտեմ, թե ինչ պետք է անի հանրությունը, բայց այս ամենն անհանդուրժելի է»,- ընդգծեց Հուսիկ Արան
