Արդյո՞ք դատավորի ամուսնու գործոնը խանգարել է անաչառ որոշման կայացմանը

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը շարունակելու է մնալ կալանքի տակ․ վերաքննիչ դատարանը պաշտպանների բողոքը քննել ու որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը:

Գործարարը կալանավորվել էր հունիսի 18-ին, նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։

Դատարանի վերջին որոշման առնչությամբ այսօր Կարապետյանի պաշտպանական խումբն ասուլիս էր հրավիրել։

«Պատկերացրեք՝ հրապարակային միջոցառում, ԶԼՄ-ների ներկայություն, մեր ձեռքը վերցնենք մուրճ և ասենք՝ այս մուրճը տալու ենք այս ու այն մարդկանց գլխին․․․,- առկա իրողությունների համատեքստում 4 տարի առաջ Փաշինյանի՝ մուրճով հավաքը հիշեց ու հիշեցրեց Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը և հավելեց,- Դա, օրինակ, իր մեջ կոչ կպարունակի, չէ՞․  նման հարց կարող է առաջանալ, սակայն այդ ամենի վերաբերյալ նույն Դատախազությունն ասել էր, թե գոյություն ունեն Ռաբաթի կանոններ, խոսքի ազատություն, խոսքի կոնտեքստ, խոսքի քննադատական բնութագրիչ, հետևաբար՝ այդտեղ հանցանք չի կարող լինել։ Իսկ Ռաբաթի կանոններին մենք ենք հղում տվել, մենք գիտեինք դրա տեղը։

Կարդացեք նաև

Այսինքն,  երբ ասում են՝ «Մեր ձևով», այստեղ կարող է հատուկ շա՜տ թաքուն կո՞դ կա․ փորձագետներն ասեցին՝ չկա, բայց Սամվել Կարապետյանը 80 օր շարունակում է մնալ կալանավորված»։

Արձագանքելով փաստաբանին՝ 168.am-ը նկատեց, որ հենց այսօր Նիկոլ Փաշինյանը ևս հիշել է իր «պողպատե մանդատ»-ի մասին, և հետաքրքրվեց՝

-Փաշինյանն այսօր վերահաստատել է իր մոտեցումը, արդյո՞ք իրավունքը կգերակայի այն մանդատին, որն, ըստ Փաշինյանի, իրեն տվել է ժողովուրդը։

-Արդյո՞ք Կարապետյանի գործով վերջին որոշումը կայացրած դատավոր Ժենյա Մելիքսեթյանի անաչառ որոշման կայացմանը խանգարեց նրա՝ պաշտոն զբաղեցնող ամուսնու դրվագը։

-Ծանոթացե՞լ եք արդեն դատարանի որոշմանը ի՞նչ մանրամասներ կհայտնեք։

Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանն արձագանքեց․ «Իրավունքը գերակայելու է․ եթե ՀՀ-ում գործում է Սահմանադրությունը, իրավունքը գերակայելու է։ Ի դեպ, իրավունքի գերակայությունը ՀՀ անփոփոխելի հոդվածներից է։

Արդյո՞ք տիկին Մելիքսեթյանի հետ փոխկապակցված անձի հանգամանքը խնդիր հանդիսացել է, օրինակ,  անաչառության տեսանկյունից, թե՞՝ ոչ․ բացահայտեմ՝ այդ խնդիրը մենք բարձրաձայնել ենք։ Քանի որ գործը գրավոր ընթացակարգով էր քննվում, գրավոր դիրքորոշում է ներկայացվել Վերաքննիչ Հակակոկռուպցիոն դատարանի դատավոր տիկին Մելիքսեթյանին, որ առկա են նման տվյալներ, և այդ հարցը փարատելու համար, հանրության առջև, հաշվետվողականության տեսանկյունից, հարկավոր է գործը քննել բանավոր ընթացակարգով, որ մենք հնարավորություն ունենանք պարզելու՝ արդյո՞ք դատարանի համար դա կաշկանդող հանգամանք է, թե՞՝ ոչ։  Մեր միջնորդությունը, ինչպես տեսնում եք, չբավարարվեց։

Իսկ ինչ վերաբերում է դատական ակտին, այն բաղկացած է շուրջ 104 էջից, որից 80 տոկոսը հանդիսանում են մեր կողմից ներկայացրած դիրքորոշումները, 10 տոկոսը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման մեջբերումները: Բուն վերլուծությունը կազմում է տոկոսային չնչին մի հարաբերակցություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930