
Ե՞րբ Փաշինյանն SMS կուղարկի Ստեփան Մնացականյանին

Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ առիթն օգտագործեց սեփական իշխանության չեղած հաջողություններն ու ձեռքբերումները գովազդելու համար։ Հայտարարեց, որ հիմա մարդիկ կիսով չափ ավելի լավ են ապրում, քան ապրում էին մինչև 2018թ. իշխանազավթումը։ Ասածը հիմնավորելու համար բերեց ցուցանիշներ, որոնք, սակայն, իրականության հետ կապ չունեն։ Պաշտոնական վիճակագրության մեջ նման ցուցանիշներ չկան, դրանք կեղծ են ու ուռճացված։
Ասում է՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ, ընդ որում՝ աշխատավարձով ապահովված: 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ, 2025 թվականի ապրլին՝ 304,992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է 130.000 դրամ կամ 70 տոկոս։
Բացում ենք պաշտոնական վիճակագրությունը, որն ամեն ամիս արձանագրում է միջին աշխատավարձի ցուցանիշները, ու տեսնում, որ Նիկոլ Փաշինյանի ասած թվերը չկան։ Դրանք անհամեմատ ավելի ցածր են, քան Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Ազգային ժողովում ու դատողություններ անում, թե ինչքանով են հիմա մարդիկ ավելի լավ ապրում, քան ապրում էին տարիներ առաջ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, միջին աշխատավարձը Հայաստանում 2025թ. ապրիլին եղել է ոչ թե 304,992 դրամ, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, այլ 285,106.000 դրամ՝ ուղիղ 19,886 դրամով ավելի քիչ։
Միայն այս մի թվի մեջ շուրջ 20.000 դրամի շեղում է տվել։ Ու ինչպես միշտ, ոչ թե ի վնաս, այլ ի օգուտ սեփական շահերի։ Աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները ճոխացնելու համար՝ խեղաթյուրել է իրականությունը, խաբել քաղաքացիներին ու փորձել լավ ապրելու վերաբերյալ պատրանքներ ստեղծել։
Որտեղի՞ց է վերցրել այդ թիվը Նիկոլ Փաշինյանը, հայտնի չէ։ Բայց սա առաջին նման դեպքը չէ և նորություն չէ Նիկոլ Փաշինյանի պարագայում։
Եթե վստահում ենք պաշտոնական վիճակագրությանը ու համադրում Նիկոլ Փաշինյանի ասածի հետ, ստացվում է, որ նախորդ 7 տարիներին Հայաստանում միջին աշխատավարձը ոչ թե 130.000, այլ 111.000 դրամով է բարձրացել։ Ու աճը կազմում է ոչ թե 70 տոկոս, այլ անհամեմատ ավելի ցածր։
Սրանք Նիկոլ Փաշինյանի համար գուցե վիճակագրական մանրուքներ են, բայց այդ մանրուքների տակ լուրջ քաղաքական նպատակներ կան թաքնված՝ քաղաքացիների շրջանում կեղծ լավատեսական տրամադրություններ ստեղծելու համար։ Բայց դա էլ նորություն չէ ՔՊ-ականների պարագայում. 7 տարի է՝ ծուռ հայելիների թագավորության մեջ են պահում քաղաքացուն, ստերով ու կեղծիքներով սնում ու կերակրում։
Այն աճը, որի մասին պարբերաբար խոսում է Նիկոլ Փաշինյանը, քիչ կապ ունի իրական աշխատավարձերի ավելացման հետ։ Այդ աճի հիմնական մասը եղել է աշխատավարձերի ստվերից դուրս գալու հաշվին, ու դա քաղաքացու իրական եկամուտների ավելացման հետ բացարձակ կապ չունի կամ կապ ունի այնքանով, որ դրա արդյունքում վիճակագրորեն իր եկամուտներն ավելացել են, աշխատավարձը թղթի վրա բարձրացել է։ Թղթի վրա պաշտոնապես բարձրացել է նաև Հայաստանում վճարվող միջին աշխատավարձի չափը։ Նիկոլ Փաշինյանին էլ թվացել է, թե դրանից այս մարդիկ սկսել են ավելի լավ ապրել։
Սա աչքակապություն է, որքան էլ վիճակագրորեն տեղի է ունեցել միջին աշխատավարձի աճ։
Անշուշտ, կան նաև մարդիկ, որոնց աշխատավարձերը վերջին տարիներին ոչ միայն թղթի վրա, այլև իրականում են բարձրացել։ Այն էլ՝ հաճախ շատ կտրուկ։
Այդպիսիք են բոլոր այն ՔՊ-ականները, որոնք մինչև իշխանության գալը ոչ մի տեղ չէին աշխատում, աշխատավարձ չէին ստանում, բայց իշխանության գալուց հետո՝ մի քանի հարյուր հազարից մինչև 1-1,5 միլիոն, գուցե նաև՝ ավելի շատ աշխատավարձեր են ստանում։ Պարզ է, որ այս մարդկանց համար կյանքը ոչ թե 50, այլ 500 կամ 5000 տոկոսով է լավացել։ Այլապես, ինչպես կարող էր լինել, որ նախկինում ոչինչ չունենալով, իշխանության գալուց հետո այս մարդիկ համատարած սկսեցին հարստանալ, բնակարանների ու ավտոմեքենաների տեր դառնալ։
Պարզ է, որ այս մարդկանց ու նրանց շրջապատի եկամուտները տասնյակ ու հարյուրավոր անգամներով են ավելացել, նրանք սկսել են տասնյակ ու հարյուրավոր անգամներով ավելի լավ ապրել, քան ապրում էին մինչև 2018թ.՝ ի տարբերություն շատերի, որոնք հիմա ավելի վատ են ապրում, քան ապրում էին նախկինում։ Նրանց աշխատավարձերն ու այլ եկամուտներն այնքան չեն ավելացել, որ փակեն նույնիսկ գնաճի հետևանքները։
Արդարության համար ասենք, որ աշխատավարձերի աճեր եղել են նաև տնտեսության որոշ ոլորտներում և առաջին հերթին՝ ֆինանսական համակարգում ու ՏՏ-ում։ Խոսքն իրական աճերի մասին է, որոնք հասնում են հարյուր-հազարների։ Ինչպես ֆինանսական համակարգում, այնպես էլ ՏՏ-ում մի քանի տարիների կտրվածքով աշխատավարձերի գրեթե կրկնակի աճ է արձանագրվել ու այդ հանգամանքը մեծապես ազդել է Հայաստանում գրանցված միջին աշխատավարձի ցուցանիշի վրա։
Թե այս ոլորտների աշխատավարձերն ինչպիսի էական ազդեցություն են թողնում միջին աշխատավարձի ցուցանիշի վրա, մեկ օրինակ բերենք։
Մարտին Հայաստանում միջին աշխատավարձը կազմեց ավելի քան 333.000 դրամ, միայն նրա արդյունքում, որ այդ ամսին բանկային համակարգում բոնուսներ վճարվեցին։ Ու հիմնականում դրա հաշվին նախորդ ամսվա համեմատ միջին աշխատավարձի ցուցանիշը Հայաստանում միանգամից աճեց 49.000 դրամով։ Դրանից մյուս ոլորտներում աշխատողների աշխատավարձերը չբարձրացան, բայց վիճակագրորեն նախորդ ամսվա համեմատ նրանք հարստացան 49.000 դրամով։
Միջին աշխատավարձերի այն աճերը, որոնցով պարծենում է Նիկոլ Փաշինյանը, այսպես է եղել շատ քաղաքացիների պարագայում։ Նրանց կյանքում ու աշխատավարձերի մեջ բան չի փոխվել, բայց վիճակագրորերն հարստացել են։ Այդպիսիք Հայաստանում հաստատապես ավելի շատ են, քան նրանք, որոնք իսկապես սկսել են ավելի լավ ապրել։ Միայն այն, որ 2018թ. հետո շուրջ 500.000 թոշակառուների թոշակը և 100.000-ից ավելի նպաստառուների նպաստը շատ ավելի քիչ է բարձրացել, քան եղել է գնաճը, բավական է դրանում համոզվելու համար։ Եթե սրան ավելացնենք նաև մի քանի հարյուր հազար աշխատող քաղաքացիներին, որոնք ստանում են նվազագույն կամ նվազագույնից մի փոքր ավելի աշխատավարձ, և 300.000-ից ավելի գյուղացիական տնտեսություններին, որոնց եկամուտները նույնիսկ նվազել են, պատկերն ավելի ամբողջական կդառնա։
Իրականությունից հեռու են նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, որ Հայաստանում վերջին տարիներին 242.000 աշխատատեղեր են ստեղծվել։ Դրանց մեծ մասը նախկինում եղած աշխատատեղերն են, որոնք տարբեր պատճառներով ժամանակին դուրս են մնացել աշխատատեղերի ցուցանիշներից։ Նոր աշխատատեղեր, որպես այդպիսին, Հայաստանում շատ քիչ են ստեղծվել, ու նաև դա է պատճառը, որ գործազրկության ցուցանիշները գրեթե չեն բարելավվում, իսկ աղքատությունը չի կրճատվում։ Անցած տարի անգամ գործազրկության աճ գրանցվեց։ Նույնիսկ վիճակագրորեն, որը դարձել է Հայաստանում տնտեսական աճերի ու բարեկեցության բարձրացման հիմքը, այլևս անհնարին է դարձել առաջընթացի ու կեղծ ձեռքբերումների տպավորություն ստեղծել։
Հ․Գ․ Պաշտոնական վիճակագրությունը, փաստորեն, հերքում է Նիկոլ Փաշինյանին։ Ո՞վ է իրականում ում խաբում՝ Փաշինյա՞նը՝ ժողովրդին, թե՞ Վիճակագրական կոմիտեն՝ Փաշինյանին, ըստ էության, երկրորդական է։ Ավելի հավանական է՝ թե մեկը, թե մյուսը։ Իսկ մինչ այդ բոլոր ժամանակների իշխանությունների կամակատար Ստեփան Մնացականյանը կարող է սպասել իր բաժին SMS-ին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ