Մինսկի խմբի աշխատանքը հայկական շահերից էր, ու դա ապացուցեց նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն․ Արմեն Աշոտյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ առնչություն ունեցող կառույցների փակվելու հարցում Ադրբեջանը շահագրգռված էր, որովհետև այդ գործունեության հիմքում հայկական շահերն էին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ԱԳՆ–ի երեկվա հայտարարությանը, որում շեշտվում էր, թե խմբի լուծարումով ի չիք են դառնում խմբի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերը։

«Սա վկայությունն է ուղիղ այն բանի, որ այդ փաստաթղթերն ու խմբի գործունեությունը ներառում էին հայկական շահ, և հայկական շահերն այնտեղ արտահայտված էին բոլոր բանակցությունների և բանակցողների ժամանակ, բացի ձեր նշած անձից (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ․)»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնելով Մինսկի խմբի փակման մասին, հատուկ շեշտադրեց՝ այն, ինչ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընդունված փաստաթղթերում գրված է եղել, իրավական ուժ չունի։

«Իրենք շահագրգիռ էին, որ միջազգային իրավունքով ամրագրված, հայկական շահերից բխող բազմաթիվ դրույթներ վերանային»,- եզրափակեց Աշոտյանը։

Տեսանյութեր

Լրահոս