Կոչ ենք անում մեր ժողովրդին չընկնել իշխող վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ և միասնաբար պայքարել Արցախի Հանրապետության անկախության վերակերտման համար. ՀայաՔվե

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել. «34 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, գործելով միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, հիմք դրեց Արցախի Հանրապետությանը։

Արցախն այսօր, ցավոք, ժամանակավորապես բռնազավթված է, և չնայած Հայաստանի իշխող վարչախմբի հակազգային քաղաքականությանը, մենք պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ հայ ժողովուրդը բնավ էլ չի համակերպվել Արցախի կորստի հետ և փակված չի համարում Արցախի հարցը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման գործունեության կարևորագույն առաջնահերթությունն արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը միջազգային օրակարգ մտցնելն է, ինչը ոչ միայն մարդու իրավունքների տեսանկյունից արդարացի պահանջ է՝ վերահաստատված Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի վճռով, այլ նաև հասկանալի և ընդունելի օրակարգ է համաշխարհային և տարածաշրջանային տարբեր ուժային կենտրոնների համար։

Մեր ժողովրդի պատմության մեջ եղել են նման շրջաններ, երբ հայ ժողովուրդը հայրենազրկվել է, սակայն իր մեջ ուժ և կորով է գտել՝ վերատիրելու իր սրբազան հայրենիքին։
Կոչ ենք անում մեր ժողովրդին չհանձնվել, չտրվել կարճաժամկետ
հիասթափություններին, չընկնել իշխող վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության
տակ և միասնաբար պայքարել Արցախի Հանրապետության անկախության վերակերտման համար»։

Տեսանյութեր

Լրահոս