
«Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցը և մյուս պանթեոնները գտնվում են ամբողջական ոչնչացման վտանգի տակ». Հովիկ Ավանեսով

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետությունում հուշարձանների, հատկապես՝ գերեզմանոցների ոչնչացումը կամ մասնակի ավերումը մեծ չափերի է հասնում։ 2020 թվականից սկսված այս գործընթացն Ադրբեջանն ամեն կերպ ձգտում է հասցնել ավարտին՝ վերացնելով հայկական հետքը։ Արդեն կան գյուղեր, որոնք Ադրբեջանը հիմնովին ոչնչացրել է, գյուղերի հետ միասին՝ նաև գերեզմանոցները։ Թեպետ նախկինում գերեզմանոցները վանդալիզմի ենթարկելու տեսանյութերը համացանցում շատ էին, սակայն հիմա Ադրբեջանը փորձում է այդ ամենը ծածուկ անել՝ բոլորի աչքից հեռու։
Վերջերս Բրազիլիայում բրազիլացի երիտասարդ հետազոտողներից մեկը հայազգի Աշխեն Գևորգյանին ասել էր, որ Պաղեստինի, Կոսովոյի, Աբխազիայի հիմնահարցի հետ միասին, նաև ուսումնասիրում է Արցախի հիմնահարցը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի Արցախից, մյուս վայրերում մարդիկ գերեզմանոցները չեն ոչնչացնում, մինչդեռ Արցախը միակ տեղն է, որտեղ Ադրբեջանը պղծում է հայերի գերեզմանոցները։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի բնորոշմամբ՝ Արցախում Ադրբեջանի կողմից գերեզմանների ոչնչացման դեպքերը պետք է դարձնել քննարկման առանձին առարկա։
Խոսելով Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի վիճակի մասին՝ Հովիկ Ավանեսովն ասաց՝ տարբեր տեսանյութեր են տեսել, որ ադրբեջանցիները մի քանի պղծման դեպքեր են իրականացրել։
«Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, ադրբեջանցի զինվորները տեսանյութեր էին հրապարակել Եղբայրական գերեզմանոցից, որտեղ քայլում էին մեր հերոս տղաների շիրիմների վրայով, հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցնում՝ վիրավորելով տղաներին ու նրանց հարազատներին։ Տեղադրված ծաղկեպսակներն էին շուռ տալիս։ Այնուհետև հրապարակված տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ տասնյակ գերեզմանաքարեր վնասել էին, կոտրել։ Սա մտահոգության տեղիք է տալիս, որ Եղբայրական գերեզմանոցը և մյուս պանթեոնները գտնվում են ամբողջական ոչնչացման վտանգի տակ, էլ չեմ խոսում Արցախի ողջ պատմամշակութային հուշարձանների մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։
Շարունակելով՝ Հովիկ Ավանեսովը փոխանեց՝ վանդալիզմի դեպքեր արձանագրվել են Հաթերքի Եղբայրական գերեզմանատանը, Հադրութում, Շուշիում՝ ինչպես շրջկենտրոններում, այնպես էլ՝ գյուղերում։ Այդ բոլորը տեսանյութերով արձանագրել են։ Ադրբեջանը գիտակցաբար է թիրախավորում հենց գերեզմանոցները՝ հոգեբանական ճնշում գործադրելով տղաների հարազաների ու առհասարակ հայ ազգի վրա։
«Վանդալիզմի վերջին դեպքերից է նաև Վանք գյուղի համալիրի ոչնչացումը, նաև Ասկերանի հուշահամալիրը՝ բոլորը Արցախի ու Հայրենական պատերազմի զոհերին նվիրված։ Կան դեպքեր, որոնք մենք տեսանյութերով արձանագրում ենք, բայց հազարավոր դեպքեր մնում են մեր աչքից հեռու։ Նման դեպքերի մասին հայկական օրակարգում պետք է մշտապես բարձրաձայնվի. խոսքը չպետք է վերաբերի միայն պատմական գերեզմանոցներին, պետք է վերաբերի գերեզմանոցներին առհասարակ։ Դժվար թե գտնվի հակամարտության այլ գոտի, որտեղ այս մասշտաբների պղծեն գերեզմանոցները, ինչպես անում է Ադրբեջանն Արցախում։ Սա բացառապես անում են Թուրքիան ու Ադրբեջանը: Արևելքի այն երկրներում, որտեղ նման դեպքեր արձանագրվում են, իրականացնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները. նրանք այդ ձեռնագիրն ընդօրինակել են Թուրքիայից ու Ադրբեջանից։ Գերեզմանների պղծումը դեմ է իսլամին»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։
Ըստ մեր զրուցակցի՝ պատերազմն ունի իր գրված և չգրված օրենքները, որոնցից մեկը վերաբերում է ազգի սրբավայրերի, գերեզմանոցների պահպանմանը։ Սա Ադրբեջանին ու Թուրքիային չի վերաբերում, այդ երկրներն առհասարակ առնչություն չունեն քաղաքակրթության հետ, նրանք «պարազիտային» քաղաքակրթության կրողներ են։
«Արցախի տարածքի 90 տոկոսում կան հայկական պատմական գերեզմանոցներ. ի վերջո, դրանք են նաև ցույց տալիս, որ Արցախը պատմական հայկական տարածք է։ Հետևաբար՝ Ադրբեջանն այս ամենը լավ իմանալով՝ լծվել է դրանց իսպառ ոչնչացմանը։ Այդ գերեզմանոցները հսկայական տեղեկատվություն են տալիս բնակավայրի արհեստների ու արվեստների, բնակչության մասին, ինչպես, օրինակ, Շուշիում տապանաքարերի վրա էր գրված, թե տվյալ մարդն ինչ արհեստի է տիրապետել»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության վրա: Իննամսյա տոտալ շրջափակումից հետո Ադրբեջանն արցախահայերին սպառնում էր ֆիզիկական ոչնչացմամբ։ Հետևաբար՝ այս սպառնալիքի տակ բռնի տեղահանեց արցախահայերին ու շարունակեց 2020 թվականի նոյեմբերից սկսած գործընթացը, այն է՝ Արցախից իսպառ ջնջել հայկական հետքը։ Այդ նպատակով ոչնչացրել է եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, շենք-շինություններ, և այդ վանդալիզմը շարունակում է առ այսօր։