Ծիծաղելի է այս խոսույթը. առաջիկա 40-50 տարում ԵՄ-ն ընդլայնման որևէ ծրագիր չունի. ելքը համագործակցությունն է ՌԴ-ի հետ. Գարիկ Քեռյան

Մինչ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարում են, թե՝ վերջ, գնալու ենք դեպի Եվրոպա, և դրա համար մարտին Խորհրդարանը վավերացրել էր ԵՄ անդամակցության մասին օրենքի նախագիծը, օրերս Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց՝ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել։

ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի խոսքով՝ ի պատիվ Արարատ Միրզոյանի՝ հանրությանը նա ճիշտն ասաց, որովհետև իսկապես այն, ինչ տեղի է ունենում՝ «Եվրաքվեի» ստորագրություն, ԵՄ գնալու որոշում, տարբեր տեսակի վերլուծություններ ու քաղաքական հայտարարություններ, այն ամենը, ինչը լցված է քաղաքական դաշտում և պետական այրերի խոսույթում, դրա արժեքը զրո է։

«Զրո է ոչ թե այն առումով, որ ԵՄ գնալը սխալ ռազմավարություն է, կամ այն հետամնաց կառույց է, ոչ, բոլորովին հակառակը, այն ամենակատարելագործված, արդիական քաղաքական ու տնտեսական ստրուկտուրա ունեցող կազմավորումն է։ Բայց, ցավոք, ԵՄ ռազմավարության առաջիկա բավականին երկար ժամանակահատվածում, չեմ սխալվի, եթե ասեմ՝ առաջիկա 40-50 տարում, ընդլայնման որևէ ծրագիր չկա։

Առաջիկա 5 տարում մի քայլ են անելու Արևմտյան Բալկանյան պետություններին ԵՄ կազմում ընդգրկելու ուղղությամբ՝ Ալբանիան է, Կոսովոն, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան։ Բնականաբար, որևէ կառույցում, որը կլինի զարգացած թե հետմնաց, ո՛չ մուտք գործելու հնարավորություն կա, ո՛չ էլ այդպիսի ռեսուրս ունի Հայաստանը, դրա վերաբերյալ քաղաքական գործընթաց առաջ տանել, ստորագրահավաք իրականացնել, ԱԺ-ում քննարկումներ անել, հետո օրենք ընդունել, համարում եմ պարզապես ծիծաղելի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գարիկ Քեռյանը։

Կարդացեք նաև

Խոսելով ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստան այցից, Գարիկ Քեռյանն ասաց՝այցը բարձր է գնահատում։ Եթե դիտարկի վերջին 2 տարում հայ-ռուսական հարաբերություններում առկա սառնությունը, անհասկանալի իրողությունները, հակառուսական հռետորաբանությունը, հատկապես պետական հեռուստաընկերությունում ու մյուս լրատվամիջոցներում բացահայտ թշնամական քարոզին տեղ տալն ուղղակի ծանր երևույթ էր։ Հետևաբար՝ Լավրովի այցից հետո, հնարավոր է՝ «սառույցը կոտրվի», և այսուհետև հարաբերությունները նորմալացվեն ու ջերմանան։
Չնայած քաղաքագետը վստահ է՝ խորքային առումով հայ-ռուսական հարաբերություններն իրենց հենասյուները չեն կորցրել։

«Հենասյուներից մեկը Հայաստանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին, ԱՊՀ-ին և ՀԱՊԿ-ին։ Այս 3 եվրասիական կառույցների կենտրոնը Ռուսաստանն է, դրանք գոյատևում են այդ երկրի շնորհիվ։ Հայաստանը, օրինակ, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, անդամակցում է բոլոր 3 կառույցներին։ Ըստ էության Ռուսաստանը մեր տնտեսական թիվ մեկ գործընկերն է, և և մեր տնտեսությունը 99 տոկոսով կախված է և՛ ՌԴ-ի հետ առևտրից, էներգետիկ ծրագրից, և՛ ֆորմալ առումով Հայաստանը դուրս չի եկել նույնիսկ ՀԱՊԿ-ից, նա մնում է մեր թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակիցը»,- շեշտեց Գարիկ Քեռյանը։

Նրա բնորոշմամբ՝ ինքը հեռու է Ռուսաստանի կերպարը սրբագործելուց, պարզապես հանդես է գալիս իրատեսական դիրքերից։ Իսկ իրատեսությունն ասում է, որ Ռուսաստանի ազգային պետական շահերը և ռազմավարական նպատակները՝ ինչպես գլոբալ, այնպես էլ՝ տարածաշրջանային առումով, միշտ չէ, որ համընկել են Հայաստանի պետական ու ազգային շահերին։ Եղել են հարցեր, որ երկուստեք այդ շահերը գնացել են հակառակ ուղղությամբ. խոսքը և՛ Արցախի հարցում, և՛ Ադրբեջանի հարձակումներին արձագանքելու ու մի շարք այլ իրողությունների մասին է։

«Սա փաստ է և էականորեն վնասել է հայ-ռուսական հարաբերություններին, պարզապես չեմ ուզում այստեղ օգտագործել այն, ինչը մեր հայ վերլուծաբանները, որոնց անվանում եմ փորձանքագետներ, իրենց խոսույթում օգտագործում են։ Ռուսաստանին նրանք վերագրում են թշնամական կերպար՝ նրա մեղքը փնտրելով։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը գերտերություն է, այն ունի բազմաթիվ շահեր և՛ հեռավոր Արևելքում և՛ ասիական ու հետխորհրդային տարածաշրջանում, Եվրոպայում և այլուր։ Իրենց քայլերը մշակելիս՝ չեն ասում՝ բերեք Հայաստանին հարցնենք՝ իրենց համար լա՞վ է, որ այդ քայլն անենք։ Ռուսական շահն այսօր թելադրում է, որ պետք է պահել այնպիսի իրավիճակ, որ Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանը, Չինաստանը, որոնք Ռուսաստանի համար մեծ դերակատարում ունեն, չմիանան պատժամիջոցներին։ Իրենց այս մեծ պլաններում, բնականաբար, չեն կարող այնպիսի քայլեր անել, որ հայտնվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ բախման կիզակետում, իսկ այս 2 երկրներն իրատեսական դիվանագիտություն վարող երկրներ են։ Հասկանալով այս ամենը՝ նրանք աշխատում են առավելագույնը կորզել ՌԴ-ից, երբեմն մեր տարածաշրջանում Ռուսաստանի կողմից հասնում են թողտվության՝ իրենց պլանները կատարելու համար»,- նշեց քաղաքագետը։

Նա նաև ընդգծեց՝ Հայաստանի դիվանագիտությունը պետք է աշխատի բարդ իրողության մեջ, չգնա ՌԴ-ի հետ կապերի սրման և պատրանքներ չստեղծի, թե արևմտյան 1-2 պետություն կամ ուժային կենտրոն գալու է ու Հայաստանի համար պայքարի, ռեսուրսներ ծախսի և այլն։ Ելքը համագործակցությունն է Ռուսաստանի հետ, հատկապես՝ «3+3» ձևաչափով։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրան օդանավակայանում դիմավորել էր ՀՀ ԱԳ փոխնախարարը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր այցը սկսել էր «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակին:

Օդանավակայանի ճանապարհին Լավրովի այցին ընդառաջ՝ «Եվրաքվե» նախաձեռնության մի քանի անդամներ ակցիա էին արել, իբր թե բողոքելով նրա այցի դեմ, հետո ակցիան տեղափոխվել էր ԱԳՆ շենքի մոտ, երբ Լավրովն ու Միրզոյանը հանդես էին գալիս համատեղ մամուլի ասուլիսով։

Տեսանյութեր

Լրահոս