
Օնիկ Գասպարյանն ու Ջալալ Հարությունյանը տիրապետում են տեղեկությունների, որոնք քաղաքական դաշտում կարող են բերել փոփոխությունների. Դավիթ Տոնոյանը քաղաքական պատասխանատվություն է կրում. Տիգրան Աբրահամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• Ադրբեջանի համար խիստ կարևոր կետ է Հայաստանի ապառազմականացումը։ Այդ տեսանկյունից Հայաստան ներկրվող զենքն Ադրբեջանի համար մեծ աղմուկ բարձրացնելու առիթ է։ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Հայաստանին ու դա ներկայացնում՝ որպես Հայաստանի դեմ պատերազմ սկսելու լեգիտիմություն։
• ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը խնդիրներ է առաջացնելու Հայաստանի ներսում՝ թե՛ անվտանգային, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ սոցիալական բևեռացման տեսանկյունից։ Պատկերացրե՛ք իրավիճակ, որ միևնույն բակում լինելու են մարդիկ, ում որդիները չեն գնալու բանակ, չեն մասնակցելու պատերազմի, և լինելու են մարդիկ, ովքեր դա չեն անելու, քանի որ գումար չունենալու պատճառով հնարավորություն չեն ունենալու ազատվել զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն օրեր առաջ ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը: Խստացնող փոփոխություններից մեկը ժամկետային զինվորական ծառայության վերջնաժամկետ տարիքային շեմն է։ Նախագծով առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37:
«Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ: Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից»,- ասել է Սարգսյանը:
Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ խրախուսող կարգավորումներով ժամկետային զինծառայողներին առաջարկվում է ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 մլն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 մլն դրամ։
• Անհնար է մեկ ամսում մարդուն այնպես պատրաստել, որ պահեստազորում ընդգրկվելիս վերջիններս կարողանան մասնակցել հնարավոր մարտական գործողություններին։ Այդ մարդիկ լինելու են թիրախ ու որևէ խնդիր չեն կարողանալու լուծել։ Եթե Պաշտպանության նախարարությունն այս նախագծի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունենար, միգուցե ՔՊ-ական այդ պատգամավորն այն շրջանառության մեջ չդներ։
• Այս պահին Զինված ուժերն ունեն լուրջ համալրման խնդիր, և այս պարագայում զինծառայության ժամկետի կրճատումը խոցելի է դարձնելու Հայաստանի անվտանգային համակարգը։
• Զինված ուժերում ծառայությունը քաղաքացիական պարտք է Հայրենիքի նկատմամբ, և այս նախագծով հարված է հասցվում նաև այդ ինստիտուտին։ Իսկ ո՞վ է ասում, որ Հայաստանում այնքան մարդ կա, որ պատրաստ է 100 000 ավել աշխատավարձի դեպքում ընդգրկվել զինվորական ծառայության մեջ, երբ տեսնում է, որ պետությունը թքած ունի բանակի ու զինծառայողի վրա։ Այնպես որ, թող չասեն՝ այդ գումարները, որ տրվելու են, աշխատավարձ պիտի բարձրացնեն մյուսների համար։ Իշխանությունն առավելագույնն արել է, որ մարդկանց հետ պահի զինծառայությունից, ու հիմա որպես լուծում՝ տեսնում են կաշառքի, կոռուպցիայի օրինականացումը։
• Երբ իշխանությունը զինծառայողին դիտարկում է՝ որպես սոսկ աշխատավարձ ստացող, իսկ հերոս՝ հարկ վճարողին, ոչնչացնում է այն հիմքերը, որի վրա կառուցված է բանակը։
• Ընտրություններից առաջ ՔՊ-ն մարդկանց խոստանում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում, ապա և փողով առհասարակ օրինական ձևով բանակից ազատում։ Սա աղետալի է, բայց մարդիկ իրենց համար հնարավորություն են տեսնում։ Եթե մարդկանց նպատակն իրենց երեխային վերցնել, արտագաղթելն է, դա իրենց որոշումն է, բայց այս նախագիծը մեր անվտանգային համակարգին այնպիսի հարված է հասցնելու, որ հետո տասնամյակներով չկարողանանք վերականգնել։ Դա թույլ չտալու համար սրանց պետք է վռնդել իշխանությունից, ունենալ այնպիսի Զինված ուժեր, որ Հայաստանի քաղաքացու անվտանգությունն ու արժանապատվությունը հնարավորինս պահպանվի։
• Այսօր լոկ 50 հրետանային միջոցների գնումը չի կարող ներկայացվել՝ որպես Զինված ուժերի զարգացման ճանապարհ։ Միգուցե դա ակտուալ կլիներ 15-20 տարի առաջ, բայց աշխարհն այնպես է առաջ գնում, որ հիմա դա որպես մեծ ձեռքբերում ներկայացնելը ծիծաղելի է։ Այդ գնված 50 հրետանին լայնամասշտաբ պատերազմի արդյունքում այսօրվա աշխարհում մի քանի րոպեի ընթացքում կարող է դառնալ մետաղի ջարդոն։ 10 անգամ ավելի էժան դրոններով կարող են ոչնչացնել քո միավորները, արդյունքում՝ դու տուժում ես ոչ միայն ռազմի դաշտում, այլև ֆինանսապես։
• Ոչ միայն «Իսկանդերը», այլև շատ այլ զինատեսակներ Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում չկարողացավ օգտագործել ըստ իրենց նշանակության ու տեխնիկական հնարավորությունների, և ունեցանք այն, ինչ ունեցանք։
• Բոլոր առումներով մեր քաղաքացուն հետաքրքրում է՝ իշխանությունն իր առաջ դրված անվտանգային խնդիրները լուծելո՞ւ է… Ես ասում եմ՝ ո՛չ, չի լուծելու, ու մինչև քաղաքական փոփոխություն չլինի, այդ հարցը չի լուծվելու։
• ՊԲ բանակի ցանկացած հրամանատարի դեպքում ցուցիչն իր վերաբերյալ հանրության արձագանքն է։ Ջալալ Հարությունյանի հրամանատարության ներքո բազմաթիվ մարդիկ են ծառայել։
Լևոն Մնացականյանը գերեվարված է, բայց նրա ռազմական հմտությունների մասին ամենուր խոսում են։ Ջալալ Հարությունյանը մինչև 2018թ․ ամենաշատը ռասկռուտկա եղած զինվորականներից է։ Ինձ համար՝ որպես մարդու, ով ճանաչում է նրան՝ մինչ 2018թ․-ը, և 2018-2020 թվականների Ջալալ Հարությունյանը տարբեր մարդիկ են։ Ջալալ Հարությունյանը հսկայական ինֆորմացիայի է տիրապետում, բայց նա չի խոսում։ Ինչո՞ւ․․․ Չի խոսում նաև Օնիկ Գասպարյանը։ Չգիտեմ՝ ինչո՞ւ չի խոսում, բայց կարծում եմ՝ մտածում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչ էլ ասի, դա քննարկման առարկա չի դառնալու։
• Ե՛վ Օնիկ Գասպարյանը, և՛ Ջալալ Հարությունյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց բարձրաձայնումը քաղաքական դաշտում կարող է բերել փոփոխությունների։
• Երբ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխվեց, 6 ամիս առաջ, նա ասաց՝ նոր եմ ազատվել, ինձ ժամանակ է պետք խոսելու համար։ Տոնոյանը քաղաքական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ մեզ հետ տեղի է ունեցել․ ու կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ ճշմարտությունը հնչեցնի, հասարակությունից ներողություն խնդրի։ Երբ մարդն ասելիք ու համարձակություն է ունենում, արտահայտվելու ձևը գտնում է, ինչպես դա անում է Արմեն Աշոտյանն իր կալանքի 15 ամիսների ու հիմա էլ՝ տնային կալանքի պայմաններում։
• Նիկոլ Փաշինյանի համար օդ ու ջրի պես անհրաժեշտություն է խաղաղության պայմանագրի տակ դրված Ալիևի ստորագրությունը ստանալը։ Ինքը 2021թ․ դրանով է գնացել ընտրության, խաղաղություն է խոստացել, որը չի բերել։ Հիմա դա 2-րդ անգամ է փորձում խաղարկել, ժողովրդի վրա «վաճառել», բայց արդեն 2026թ․ընտրություններում ձայներ ստանալու համար։ Հասարակությանն անընդհատ պարտվողի հոգեբանություն են սերմանում, բայց մարդիկ պիտի իմանան՝ պարտվելու են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։
• Իմպիչմենտը՝ անվստահության գործընթացը, ինքնին քաղաքական գործընթաց է, որը հնարավորություն է տալու գնալ վարչապետի փոփոխության։ 2020թ.-ից հետո ձեռնարկվել են փողոցի միջոցով Փաշինյանին հեռացնելու տարբեր պրոցեսներ․ չի ստացվել։ Հիմա եթե մտածենք, որ անվստահության գործընթացն էլ կարող է չհաջողել, ուրեմն առհասարակ ոչինչ չպետք է ձեռնարկել…
• Էդմոն Մարուքյանն ու նրան ներկայացնողներն իրար արժեն։ Նրանք այդ պրոցեսը դիտարկում են՝ որպես քաղաքական վերակենդանացման հնարավորություն։ Թող դիտարկեն։
• Ես չեմ հասկանում՝ ինչի՞ է անվստահության գործընթացի մեկնարկը Հանրապետականին թիրախավորելու առիթ հանդիսացել։
• 2020թ.-ից հետո ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ մշտապես պայքարում էին մարդիկ, ում հետ մենք տարբեր պայքարների ժամանակ ու քրեակատարողական հիմնարկներում ենք եղել։ Եթե մրցակցության տեսանկյունից ՀՀԿ-ն իրենց խանգարում է, իրենց խնդիրն է։ Երկրորդ նախագահին չեմ ուզում մեկնաբանել։ Ինձ համար տհաճ է։ Բավականին խնդրահարույց բաներ եմ տեսնում իր հայտարարությունների մեջ, բայց չեմ համարում, որ այն մարդն եմ, որ պիտի դա քննարկեմ։ Ես էլ տարբեր առիթներ եմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ զրուցելու, բայց չեմ կարող ինձ իրավունք վերապահել հանրայնացնել դրանք։ Մի օր, եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, կխոսի դրա մասին…
• Մենք մի շաբաթ առաջ ենք ասել, որ դեռ չենք տեսնում թեկնածու առաջադրելու անհրաժեշտություն, որ հնարավորինս լայն դաշտ ստեղծվի ընդդիմադիր ուժերի համագործակցության համար։ Երբ «Արթուն ենք» շարժման հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի հետ ամփոփվեն, այն ժամանակ հնարավոր կլինի քննարկել թեկնածուի անձը։ Միակ բանը, որ կարող եմ ասել, դա չի կարող լինել Նիկոլ-2, Նիկոլի արբանյակ կամ Նիկոլի թեկնածու։ Վաղը կարող են Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանն էլ անհամաձայնություն ունենալ, ասել՝ անվստահության գործընթաց ենք սկսում, նստենք լրջորեն քննարկե՞նք նրանց թեկնածությունը։ Էդմոն Մարուքյանը չի կարող օրակարգ ստեղծել, բայց կարող է օրակարգի մաս դառնալ։ Հիմա նա դա է անում։
Մանրամասները՝ տեսանյութում։