ԵՄ-ն կուղարկի փորձագիտական խմբեր. Յոհաննես Լուխները՝ ՀՀ–ի համար վիզաների ազատականացման մասին

Նոյեմբերի 5-ին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի փոխանցման արարողությունից հետո ՀՀ-ի կողմից գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները հանդես են եկել հայտարարություններով.  հայտնում է ՆԳՆ-ն։

ՆԳ նախարարն իր ելույթում ընդգծել է, որ այսօր պատմական իրադարձություն է տեղի ունեցել․ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվել է առաջին շոշափելի քայլը, ինչը համատեղ ջանքի արդյունք է: Նախարարը կարևորել է, որ Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը շարունակական երկխոսություն ունի ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում:

Նախարարի խոսքով՝ ներկայացված Գործողությունների ծրագիրը լիովին համահունչ է Հայաստանի Հանրապետության բարեփոխումների քաղաքականությանը և ընդգրկում է մի շարք միջոցառումներ, որոնք էական ազդեցություն կունենան Հայաստանի քաղաքացիների կյանքում, մասնավորապես՝ ապահովելով արժանապատիվ ճանապարհորդության հնարավորություն դեպի Եվրոպական Միության տարբեր երկրներ:

Արփինե Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ հետևողականորեն իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։

«Գործողությունների ծրագրի պաշտոնապես փոխանցումը վկայում է համատեղ ջանքի որակի և երկկողմ պատրաստակամության մասին՝ շարունակելու երկխոսությունը և հասնելու վիզաների ազատականացմանը Հայաստանի և նրա քաղաքացիների համար»,- նշել է ՆԳ նախարարը։

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները նշել է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է, և այն կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի, և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց հանգրվանին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը երկուստեք հանձնառու են ապահովելու, որ գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև որակյալ:

Յոհաննես Լուխներն ընդգծել է նաև, որ հաջորդ փուլում հայկական կողմը պետք է պաշտոնապես արձագանքի ԵՄ կողմից ներկայացված գործողությունների ծրագրին, իսկ ԵՄ-ն կուղարկի փորձագիտական խմբեր՝ տեղում գնահատելու իրավիճակը և կազմելու համապատասխան զեկույցներ։

Տեսանյութեր

Լրահոս