Սա պատերազմ է Հայաստանի դեմ, և, այո՛, ամեն մեկն իր մեջ պետք է այդ որոշումն ընդունի՝ ինքը հա՞յ է, թե՞ սպանդի մատերիալ. Արման Աբովյան
Հայաստանի ներկա իշխանությունների պնդումները «խաղաղության հաստատման» կամ «խաղաղության գալու» մասին շինծու են, իսկ նրանց վարած ստորացման, նսեմացման և ապազգայնացման քաղաքականությունը ճանապարհ է դեպի Հայաստանի Հանրապետության ապամոնտաժում, ոչ թե դեպի խաղաղություն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանն այսօր, ըստ էության, սողացող օկուպացիայի քաղաքականություն է վարում Հայաստանի դեմ, որին նպաստում են Հայաստանի ներկա իշխանությունները։
«Ըստ էության, մեր առջև դնում են մի երկընտրանք՝ ասելով. «Փոխում ես հայրենիքդ, ինքնությունդ մի կտոր հացի հետ»։ Այո՛, ստորացման, նսեմացման և ապազգայնացման քաղաքականությունը, որն, ըստ էության, տանում է ՀՀ ներկայիս իշխանությունը, ներկայացվում է՝ որպես «ճանապարհ դեպի խաղաղություն»։ Բայց դա ճանապարհ չէ դեպի խաղաղություն, դա ճանապարհ է դեպի Հայաստանի Հանրապետության ապամոնտաժում։ Ախր, նույնն ասում էինք Արցախի մասով, նույնն ասում էինք այլ կետերում կատարվողի մասով։ Մի՞թե մենք այնքան հիմար ենք, որ մեզ այսպիսի պարզունակ գաղափարներով տանեն-դնեն յաթաղանի տակ։ Ըստ էության, մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը ներկայացվում է՝ որպես միակ տարբերակ, որ ողջ մնանք։ Այլ տարբերակ իրենք չեն առաջարկում»,- մեկնաբանեց Արման Աբովյանը։

Վերլուծաբանը շեշտում է՝ գործող իշխանության կողմից առաջ մղվող «խաղաղության» տեսլականը լավագույն դեպքում զինադադար է, իսկ վատագույն դեպքում՝ «խաղաղության» անվան տակ Հայաստանի քողարկված, սողացող օկուպացիային տանող գործընթաց։
«Ի վերջո, պատերազմներն ինչի՞ համար են լինում՝ այս կամ այն պետության տարածքը զավթելու և այդ տարածքին տիրելու նպատակով։ Եթե այս պետությունը՝ Ադրբեջանը, ակնհայտորեն, բացահայտորեն, ուղիղ արտահայտում է իր նկրտումները, և Հայաստանի ղեկավարությունը չի դիմադրում, ապա, այո՛, սա պատերազմի ձևաչափ է, պարզապես այս պատերազմի ժամանակ առայժմ մարդկանց չեն սպանում։ Իսկ Ադրբեջանն իր նկրտումները չի թաքցնում և չի քողարկում։ Սա մի քիչ պարադոքսալ իրավիճակ է։ Ադրբեջանը և Թուրքիան մեծապես շահագրգռված են Հայաստանի ներկա իշխանության վերարտադրման հարցով, որովհետև ներկա իշխանության մնալն իրենք դիտարկում են որպես պատմական շանս՝ վերջնականապես փակելու Հայկական հարցը։ Հայաստանի ներկա իշխանության քաղաքականությունն, ըստ էության, ոչ թե նպաստում է, այլ գեներացնում է այդ օրակարգը, երբ մարդկանց խաբում են, որ «եկել է խաղաղություն»։ Տեսեք, գերությունն էլ է խաղաղություն։ Ներողություն եմ խնդրում համեմատության համար, բայց գերեզմանում էլ է խաղաղություն։ Մեկ այլ օրինակ էլ բերեմ. հիմա Արցախում խաղաղությո՞ւն է, թե՞ ոչ։ Իսկ ո՞վ է ասել, որ խաղաղության այդ տեսլականը չեն փորձում կյանքի կոչել նաև այսօր», – ընդգծեց Արման Աբովյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան ղազախական ցորեն ներկրելու տեղեկությանը՝ վերլուծաբանը նշեց հետևյալը. «Թմբկահարում են թշնամի պետության տարածքով հացահատիկի մատակարարումը դեպի Հայաստան, ինչը նշանակում է՝ «ժողովուրդ ջան, փոխանակում ենք երկիրը, անվտանգությունը, ինքնությունը մի կտոր հացի հետ»։ Մոտավորապես այս տրամաբանությունն է, և այս իշխանությանը կարելի է պայմանականորեն դասել մի քաղաքական համակարգի, որ նենգափոխության «մեծ վարպետ» է. պարտությունը ներկայացնում են որպես հաղթանակ, սողացող օկուպացիան ներկայացնում են որպես խաղաղություն»։

Հարցին՝ չէ՞ որ ամեն անհատի համար կարևոր է ոչ միայն իր անվտանգությունն ու նյութական ապահովությունը, այլև արժանապատվությունը, Աբովյանը պատասխանում է.
«Արժանապատվությունն այս իշխանության ներկայացմամբ՝ գործոն է, որը խանգարում է մեզ ապրել անվտանգ։ Չեք հասկանո՞ւմ։ Իրենք ասում են՝ «չէ, դու պետք է ստորացված, նսեմացված լինես, կարևորը՝ կերդ տեղը լինի, ու քեզ չգան, չսպանեն։ Ոչինչ, որ դու ստորացված ես»։ Բայց ստորացումն ունի շատ հստակ նպատակ՝ ինչի՞ համար են քեզ ստորացնում, ինչո՞ւ են հայրենիքդ քո ձեռքից խլում։ Շատ պարզ պատճառով՝ որ քեզ փոխարինեն։ Ինչո՞ւ են քեզ ինքնությունից զրկում՝ որ քեզ ոչնչացնեն։ Որովհետև ինքնությունից զրկված մարդը զրկվում է դիմադրելու ունակությունից»։
Այս համատեքստում քաղաքագետը նկատեց, որ իշխանություններն արդեն գրեթե չեն էլ խոսում ՀՀ ռազմավարական տարածքների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված լինելու մասին։
«Ի՞նչ է անում Ալիևը։ Ալիևը, ինչպես արդեն ասացի, և՛ հետաքրքրված է՝ այս իշխանությունը մնա, դրա համար սահմանային սադրանքներն առժամանակ դադարեցրել են, բայց մյուս կողմից՝ նա խնդիր ունի իր հասարակությանը նախապատրաստելու ապագա կամ արդեն իսկ տեղի ունեցող զավթողական գործընթացներին։ Ամենամեծ զավեշտն այս իշխանության արդարացումն է, թե «Ալիևը դա ասում է իր ներքին լսարանի համար»։ Լավ, ընդունենք՝ ներքին լսարանի համար է դա ասում։ Բայց ինչո՞ւ է դա ասում ներքին լսարանի համար, ինչի՞ է նա նախապատրաստում ներքին լսարանին։ Շատ վատ է, որ ներքին լսարանի համար սա ասում է՝ ըստ էության, նախապատրաստելով իր ցեղակիցներին (խոսքն ադրբեջանցիների կամ կովկասյան թաթարների մասին է) հետագա էքսպանսիոնիստական գործողությունների Հայաստանի հանդեպ։ Այո՛, իրենք իմաստ չունեն տանկերով գալու, քանզի այս իշխանությունը ստեղծում է բոլոր պայմանները, որ զավթողականությունը չզուգահեռվի ուղիղ ռազմական գործողությունների հետ»,- հավելեց քաղաքական վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Ալիևի կողմից պատմության խեղաթյուրմանը՝ վերլուծաբանը նշեց. «Պետք է առաջ տանել ոչ թե պատմության ապացուցողական բազան, որովհետև ապացուցողական բազան ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն է, այլև համաշխարհային պատմությունը, Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի, մեծ կայսրությունների պատմությունն է։ Այստեղ մենք խնդիր չունենք ապացուցելու, որ մենք այստեղ ենք եղել, կանք ու կմնանք։ Մենք խնդիր ունենք ապացուցելու, որ մեզ նախապատրաստում են ոչնչացնելու, և ոչնչացման գործընթացի հիմնական կետը շինծու պատմական ակնարկներ բերելն է։ Նույնն անում էին ֆաշիստները՝ հրեաների հանդեպ, նույնն արվում էր յուրաքանչյուր զանգվածային ոչնչացման կամ ցեղասպանությունից առաջ»։
Արման Աբովյանը նաև շեշտեց՝ փաստացի ունենք մի իրավիճակ, երբ խաղաղությունը հավասարվում է Հայաստանի Հանրապետության կազմաքանդման հետ զուգահեռ, ընդ որում՝ կազմաքանդումը ներկայացվում է՝ որպես պոզիտիվ գործընթաց։ Եվ Ալիևն այս պարագայում Հայաստանի ներկա իշխանությունների՝ «չորրորդ հանրապետության» նարատիվը վերափոխում է «Արևմտյան Ադրբեջանի»։ Աբովյանի խոսքով՝ Բաքվի բռնապետի կողմից Սևանը կամ հայկական այլ տեղանուններ թուրքական անուններով անվանելը լոկ բառեր չեն, դա ուղենիշ է իրենց գործողությունների։
«Խնդիրը հետևյալն է. այսօր Հայաստանի Հանրապետությունն այս իշխանության թեթև ձեռքով դարձել է հարմար յուրացման տարածք թուրք-ադրբեջանական տանդեմի, ավելի լայն իմաստով՝ անգլո-սաքսոնական ուժային կենտրոնների։ Երբ մեզ ասում են՝ խաղաղության համաձայնագրում թղթով գրված է, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հարց եմ տալիս՝ այդ պարագայում Երևանը, Սևանը, Էջմիածինը թուրքական և ադրբեջանական քաղաքներ անվանելն ինչի՞ մասին է խոսում, այն մասին է խոսում, որ Ադրբեջանը և Թուրքիան այս պարագայում հենվում են ոչ թե ստորագրված թղթի, այլ գետնի վրա եղած իրականության։ Եկվոր թրքալեզու ցեղերն արդեն մոտավորապես 100 տարուց ի վեր ձևավորում են մեծ էթնոքաղաքական միավոր, որի ընթացքում այլ՝ բնիկ էթնիկ խմբերի առկայությունը վտանգում է իրենց նորաստեղծ էթնոքաղաքական միավորման ձևավորմանը։ Հիմա, երբ մենք ասում ենք՝ խաղաղություն, մենք պետք է հասկանանք՝ հակառակ կողմի խաղաղության տեսլականը ո՞րն է։
Որովհետև հակառակ կողմի՝ Ադրբեջանի խաղաղության տեսլականը հետևյալն է՝ «հայերը չպետք է լինեն»։ Դա վտանգում է Ադրբեջանի և Թուրքիայի կոնցեպտը։ Հասկացե՛ք, նժարի վրա դրված է մե՜ծ էթնոքաղաքական՝ թուրքական նեոկայսրության կառուցում, ու արանքում մենք ենք։ Այո՛, մեզ չի ստացվել ուժի միջոցով ստիպել, մեզ ստացվել է ներքին պառակտման և թրքահաճո կամ թրքամետ ուժերի քաղաքական դաշտ գցելու միջոցով ձևավորել մի իրավիճակ, երբ մենք ենք ինքներս մեզ ոչնչացնում։ Չի՛ կարող գոյություն ունենալ ո՛չ պետություն, ո՛չ էթնոքաղաքական միավոր, եթե չունի նվազագույնը իր քաղաքական և ազգային երազանքը, իղձերը»,- շեշտում է քաղաքագետը։

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է ներկա իշխանության պայմաններում դիմագրավել այս մարտահրավերներին և կանխել թուրք-ադրբեջանական ծրագրերը Հայաստանի դեմ, Աբովյանը պատասխանեց. «Պետք է ամեն մարդ իր մեջ որոշում ընդունի՝ ինքը սպանդի մատերիա՞լ է, թե՞ հայ մարդ։ Ավելի քան համոզված եմ, որ այս իշխանությունն իր գոյությունը տեսնում է թուրք-ադրբեջանական ծիրում, թուրք-ադրբեջանական հետաքրքրությունների ներքո։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է։ Ժողովո՛ւրդ ջան, հերի՛ք է, բավակա՛ն է, հոգնել ենք մշտապես խելագարության և նենգափոխության մեջ ապրելուց։ Ի վերջո, պե՞տք է գլուխներս թափ տանք, սթափվենք։ Այո՛, ամեն մեկն իր մեջ պետք է այդ որոշումն ընդունի՝ ինքը հա՞յ է, թե՞ սպանդի մատերիալ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կարող է լինել Ղազախստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տեղափոխվող ղազախական ցորենը։ Հոկտեմբերի 22-ին Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանը ողջունեց Ալիևի այդ հայտարարությունը՝ իր գնահատանքն արտահայտելով Ադրբեջանի նախագահին և նշելով, թե «տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան»։ Մասնագետները, սակայն, ոչ միայն տնտեսապես ոչ նպատակահարմար են համարում Ղազախստանից ցորենի ներկրումը, այլև ընդգծում են, որ Ադրբեջանի տարածքով բերված ցորենը լուրջ վտանգներ է պարունակելու պարենային անվտանգության տեսանկյունից։
Նոյեմբերի 3-ին՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած իր ելույթում, Բաքվի բռնապետը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի նկատմամբ իր ռեժիմի տարածքային անթաքույց հավակնությունները՝ Հայաստանի տարբեր տեղանուններ անվանելով թուրքերեն անուններով և հայտարարելով, թե իրենք Հայաստան են գալու «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

