Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. շուրջ 30 անձ ձերբակալվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող մի շարք քրեական վարույթներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի պահում են զենք-զինամթերք:
Քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին բազմաթիվ (շուրջ 6 տասնյակ) հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել են շուրջ 3 տասնյակ անձինք:
ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու քաղաքացիական շրջանառության մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու և առգրավելու հարցում, ուստի հանրությանը հորդորում ենք՝ ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ մինչև իրավասու մարմինների կողմից ապօրինի զենք-զինամթերքի գտնվելու վայրի մասին իմանալը՝ դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

