
ԿԲ-ն անփոփոխ թողեց ՎՖՏ-ն. 12-ամսյա գնաճն ավելացել է, տնտեսական ակտիվությունը դանդաղել է․ ԿԲ նախագահ
Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 6-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման գործող տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս։ Տեղեկությունը նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրայնացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ որոշումը հիմնավորելով միջնաժամկետ հորիզոնում ներքին պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու հանգամանքով։
ԿԲ նախագահն արձանագրեց՝ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ կազմելով 3.3 տոկոս, և միաժամանակ ավելացել է 12- ամսյա բնականոն գնաճը, բայց մնացել թիրախից ցածր՝ 2 տոկոսի մակարդակում։ Ըստ Մարտին Գալստյանի՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային, ինչպես նաև Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում՝ պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար գնաճի արագացման ռիսկերն էականորեն ավելացել են:
«ԱՄՆ տնտեսական քաղաքականության՝ հատկապես առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Այս պայմաններում միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորվել են գների նվազման առարկայական ռիսկեր:
Մյուս կողմից՝ միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված՝ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման և համաշխարհային գնաճային ռիսկերը պահպանվում են: Ավելացել են միջնաժամկետում ԱՄՆ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների վրա հավանական ազդեցությունների վերաբերյալ անորոշությունները»,- մանրամասնեց նա։
ԿԲ նախագահը նկատեց նաև՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը:
«Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը:
Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև՝ ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր:
Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, իսկ ընդհանուր պահանջարկի միջավայրը գնաճի տեսանկյունից գնահատվում է չեզոք: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են գնաճային ռիսկեր,- ասաց Մարտին Գալստյանը և հավելեց,- Քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը՝ Խորհուրդը դիտարկել է մի շարք սցենարներ։
Մի կողմից՝ քննարկվել են Ա տիպի սցենարներ, որոնց հիմքում ընկած անորոշությունները՝ այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական և ՀՀ-ում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում՝ ՀՀ երկրի ռիսկի հավելավճարն ու դրանից բխող մակրոտնտեսական ազդեցությունների հետ, պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի՝ գների կայունության նպատակի ապահովման համար։
Մյուս կողմից՝ քննարկվել են Բ տիպի սցենարներ, այդ թվում՝ կապված ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության շուրջ անորոշությունների երկարատև պահպանման, համաշխարհային տնտեսությունում վստահության նվազման հետևանքով աճի կրճատման և ՀՀ պահանջարկի թուլացման ռիսկերի ձևավորման հետ․ դա ենթադրում է շուկայի սպասումների համեմատ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում, արձանագրելով Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականությունը, սակայն կարևորելով Ա տիպի սցենարներից բխող էական մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը ևս՝ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»։
ԿԲ նախագահն ամփոփելով՝ նշեց՝ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3 տոկոս նպատակի և գների կայունության ապահովման համար:
Մանրամասները՝ տեսանյութում