
Մեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ

Մեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել, ևս մի քանիսը համարվում են անհայտ կորած: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հեղեղները սողանքներ են առաջացրել՝ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների և գետերի՝ ափերից դուրս գալու պատճառ դառնալով:
Իդալգո նահանգի քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են 16 մարդու մահվան մասին՝ նշելով, որ վնասվել են առնվազն 1000 տներ և հարյուրավոր դպրոցներ:
Պուեբլա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Արմենտան հայտարարել է, որ սողանքների հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, ևս 5-ն անհետ կորած են համարվում։ Իշխանությունները հայտնել են Վերակրուս նահանգում ևս 2 մահվան դեպքի մասին։
«Մենք աշխատում ենք բնակչությանն աջակցելու, ճանապարհները բացելու և էլեկտրաէներգիան վերականգնելու ուղղությամբ», – ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։