Սերժ Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստն անցավ դռնփակ ռեժիմում

Այսօր Հակալոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական գործով դատական նիստը: Այս մեկը պայմանականորեն անվանում են «Բաղդասարովի գործ»:

Նախորդ դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին այս վարույթը ևս միացնել մյուս երկու վարույթներին:

Դատավոր Գիվի Հովհաննիսյանը բավարարեց միջնորդությունը, գտավ, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննվող բոլոր վարույթները պետք է միավորվեն: Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով, մինչև Հակակոռուպցիոն դատարանի նախագահը դրա վերաբերյալ որոշում կկայացնի:

Այսօր Գիվի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դատարանի նախագահի կողմից որոշում է կայացվել վարույթները միացնելը մերժելու մասին: Դատական նիստը շարունակվեց ընդհատման պահից:

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ուներ, բայց քանի որ գաղտնիության ռեժիմ պահանջող միջնորդություն էր, օրենքով պաշտպանվող տեղեկատվություն պետք է հրապարակվեր, նա միջնորդեց միջնորդությունը քննարկել դռնփակության ռեժիմով: Դահլիճում կարող էին ներկա գտնվել Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը՝ Հայկ Խաչատրյանը և 3-րդ նախագահի անվտանգության ծառայության պետը:

Դատավորը բավարարեց միջնորդությունը: Նիստն ընթացավ դռնփակության ռեժիմում, ապա ավարտվեց:

Դատական նիստի ավարտին Ամրամ Մակինյանը տեղեկացրեց, որ դռնփակության ռեժիմում քննվել է նաև Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 մլն դրամ գրավը մնաց անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս