««Հայաստան» խմբակցությունը հրաժարվե՞լ է Ռոբերտ Քոչարյանից, թե՞ նա այլևս չի ուզում վարչապետ լինել». Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սկզբունքորեն դեմ չէ իմպիչմենտի գաղափարին, բայց մյուս կողմից՝ դրա իրականացման հնարավորությունը շատ փոքր է համարում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով:

«Մի կողմ թողնենք, որ բոլոր իրավական և քաղաքական հիմքերը կան, որպեսզի Փաշինյանն իմպիչմենտի ենթարկվի, բայց չկա մի կարևոր կոմպոնենտ՝ համաժողովրդական շարժումը, որը երկու խնդիր պետք է լուծի. մի կողմից՝ ճաքեր առաջացնի իշխանության ներսում, մյուս կողմից՝ բնականորեն ծնվի այն լիդերը, որը կարող է նաև վարչապետի թեկնածու դառնալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտնվել են նուրբ իրավիճակում:

«Նրանք մանդատ են ստացել Փաշինյանին հեռացնելու օրակարգով, եթե իմպիչմենտի գործընթացի չեն գնում, ստացվում է, որ տապալել են իրենց նախընտրական խոստումը, ինչպես արդարացիորեն արձանագրում են, որ ՔՊ-ն է տապալել թե՛ իր նախընտրական խոստումները, թե՛ կառավարության ծրագիրը»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Սուրեն Սուրենյանցն իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողներին խորհուրդ է տալիս իրար չհակադրել իմպիչմենտը և ընտրություններով Փաշինյանին հեռացնելու գաղափարները. «Եթե հակադրում են, կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, որովհետև եթե տապալվի իմպիչմենտի գործընթացը, իսկ կանխատեսելիորեն դա այդպես էլ լինելու է, այդ դեպքում հասարակության մոտ ապատիան գուցե ավելի խորանա ընտրություններից առաջ, ինչն ավելի վտանգավոր է դարձնելու իրավիճակը: Ե՛վ նա պետք է փորձել, և՛ ընտրությունները պետք է փորձել, պետք չէ հակադրել»:

Նա նկատեց՝ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն Վանեցյանն էր, ով հիմա ինքնուրույն է գործում, և դժվար թե կարողանա խմբակցության վարչապետի թեկնածուն լինել. «Իհարկե, սա ՀՀԿ-ին չի ազատում վարչապետի նոր թեկնածու ունենալու պատասխանատվությունից, բայց «Հայաստան» խմբակցության պարագայում, երբ վարչապետի թեկնածուի հարցում չեն կողմնորոշվում, ինձ մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք նրանք հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանից, թե՞ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի ուզում վարչապետ լինել: Նրանք ունեն վարչապետի թեկնածու, խորհրդարանի գործունեության այս մանդատն էլ չի սպառվել, եթե հայտարարություն չենք լսել Քոչարյանից, որ նա հրաժարվում է նման հավակնությունից, զարմանալի է, որ նրանք քննարկելու հարց ունեն այս թեմայով»:

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կանգնած է շատ լուրջ երկընտրանքի առաջ. «Կա՛մ հաշտվելու է նրա հետ, որ առաջիկա ընտրություններն անցնցում հեռանալու միջոց են, ի դեպ, առայժմ դրա շանս կա, կա՛մ պետք է գնա արյունոտ խրախճանքի ճանապարհով, որովհետև իշխանությունը վերարտադրելու այլ տարբերակ, ըստ էության, չունի: Եթե Նիկոլ Փաշինյանն այսքան կառչած մնա իշխանությանը, դա չի կարող տեղի ունենալ խաղաղ ճանապարհով, որովհետև օրինական ընտրությամբ նա վերարտադրվելու տարբերակ չունի, հետևաբար՝ նա պետք է գնա քաղաքացիների դեմ ուժ գործադրելու ճանապարհով: Նա չի էլ գիտակցում, որ իր դեմ ոչ թե այս պահին երկու խմբակցություններն ու մեր տիպի արտախորհրդարանական ուժերն են, այլ՝ հասարակությունը: Հասարակության մեծամասնությունն այլևս չի հանդուրժում այս իշխանության գոյությունը: Եթե հասարակության մոտ այդ դժգոհությունը դեռևս պասիվ է արտահայտվում, պատճառը մեկն է՝ մարդիկ սպասում են, որ մեկ տարի հետո ընտրություն կլինի, իրենք իրենց կամարտահայտությունը կանեն: Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրությունները չկեղծի, հեռանում է, եթե կեղծի, ստիպված է լինելու դիմել այնպիսի մեթոդների, որ մեր աչքին գուցե մանկապարտեզ թվա Մարտի 1-ը»:

Անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած «Հանրապետություն» կուսակցության հայտարարությանը, թե պաշտպանել են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, նա շեշտեց, որ սովորական խուժանությանը չի կարելի աշխարհաքաղաքական ենթատեքստ տալ, սովորական խուժանությունը չի կարելի արդարացնել ինքնիշխանականությամբ, արևմտականությամբ, հակառուսականությամբ.

«Ոչ մի նման բաղադրիչ այդ ամենի մեջ չկա: Ընդամենը գործ ունենք քաղաքական և կրթական անհրաժեշտ ցենզ չունեցող մի պատահականության հետ, որը թափառախմբի մյուս անդամների հետ միասին ինչ-որ պաշտոն է ձեռք բերել, հիմա էլ բռունցքի տուրք տալով՝ փորձել է ընդդիմախոսին լռեցնել: Նա, ի վերջո, մեկ է, պաշտոնանկ է արվելու, բայց իշխանությունը պահը բաց թողեց: Վստահ եմ, որ երկուշաբթի, երեքշաբթի պաշտոնանկ կարվի, ուղղակի բանաձև են փորձում գտնել, որ հա՛մ գայլը կուշտ մնա, հա՛մ գառները կենդանի մնան, որովհետև աղմուկը չափազանց մեծ է: Այդ պաշտոնանկությունը ներիշխանական գզվռտոցի էլ կարող է հանգեցնել, որովհետև եթե Ալեն Սիմոնյանին կարելի է թքել և մնալ ԱԺ նախագահի պաշտոնում, որոշ մարդիկ կասեն՝ ինչո՞ւ ծեծել չի կարելի»:

Ըստ նրա՝ հիմա Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների համար նման է դուրս գրված ապրանքի.

«Այլ խնդիր է, որ եթե Հայաստանի ներսում ռեալ այլընտրանք չձևավորվի, ներքաղաքական ստատուս-քվոն կարող է և փոփոխության չենթարկվել: 3,4,5 այլընտրանքային կենտրոններ պետք է առաջանան, որոնք մեկ դրոշի տակ գուցե չլինեն, բայց իրենց ներդաշնակ գործողություններով հասնեն իշխանափոխության՝ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Փաշինյանը հիմա պաշտոնավարում է իր ընտանիքի, իր երեխաների անվտանգության հաշվին: Երբ զոռբայությամբ շարունակում ես պաշտոնավարել՝ լավ հասկանալով, որ հասարակությունն այլևս քեզ չի ընդունում, դու վերացնում ես անցնցում, քաղաքակիրթ հեռանալու փոքր հնարավորությունները: 2026թ. Նիկոլ Փաշինյանի քաղաքակիրթ հեռանալու վերջին շանսն է, եթե այդ շանսն էլ բաց թողեց, միևնույն է, նա առաջիկա տարիներին հեռանալու է, բայց հեռանալու է ցնցումների ճանապարհով, իրենց դրած սամասուդի մշակույթը բումերանգի էֆեկտով վերադառնալու է իրենց»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս