
Սա Երևանը Գազա է դարձնելու. Մեղրիով կոտորվելու է հայությունը. Հրանտ Բագրատյան
Մենք չէինք կարող Գորիս-Կապան ճանապարհը կառուցել Ադրբեջանի տարածքում. այն կառուցվել է հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ. Հրանտ Բագրատյան
Այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկով խորհրդարանական լսումներ են հրավիրվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և տնտեսական հիմնական սխալներին:
Ըստ նրա, Փաշինյանի առաջին քաղաքական սխալն Արցախի կորուստն էր՝ հայտարարելով «Արցախը Հայաստան է, և վերջ», ԵԱՀԿ ՄԽ առաջարկներից հրաժարվելը, և այլն:
Հ. Բագրատյանի խոսքով, ՀՀ-ն պատերազմական պայմաններում չի եղել՝ «զորակոչ, չի հայտարարվել, բանակը չի մոբիլիզացվել, չեն աշխատացվել այն գործարանները, որոնք կարող էին զինամթերք արտադրել»:
«Սրանք կոնկրետ «հանցագործություններ» են,- ընդգծեց նա:
Այնուհետև Հրանտ Բագրատյանն անդրադարձավ սահմանազատման և սահմանագծման խնդրին՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապված վերջին փաստաթուղթը ստորագրվել է 1988-ի հունվարի 12-ին:
«Երկու կողմից 5-ական մարդ ստորագրել է, այդ թվում՝ նախարարների խորհրդի տեղակալների մակարդակով: Ադրբեջանը միակ հարևանն է, որի հետ մենք ամբողջովին սահմանագծված ենք: Ոչ միայն սահմանազատված, այլև սահմանագծված: Եվ սահմանագծված է 975 կմ սահմանից 969-ը: Բարեբախտաբար այդ 5 ստորագրողներից մեկը դեռ ողջ է:
ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը և Մհեր Գրիգորյանը, չես հասկանում՝ ինչի համար են աշխատում, պիտի ասվեն էս մարդկանց անունները, հայտարարեցին, որ դա չի հաստատվել, դա հաստատվելու կարիք չունի: Բա որ դու ասում ես, ընկեր ջան, որ Ալմա Աթայի հռչակագրով եք անում՝ նախկին ԽՍՀՄ սահմաններով, բա վերջին թուղթը սահմանի էղել է 1988-ին:
Եկել է, և առանց ամաչելու ասում է, թե 1975 թվականի քարտեզով ենք անում, որովհետև Ադրբեջանը պահանջում է, իսկ Ադրբեջանն էլ ասում է, թե ինքը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի, այլ մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է: Բա էդ դեպքում ինչի ես Ալմա Աթայի անունը տալիս»,-մանրամասնեց նա և պնդեց, թե միայն Գորիս-Կապան հատվածում մոտ 400 քկմ ենք զիջել:
«Մենք չէինք կարող Գորիս-Կապան ճանապարհը կառուցել Ադրբեջանի տարածքում: Ճանապարհը կառուցվել է հայկական ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ»,- ասաց Բագրատյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: