
Ես պետք է հեռացնեմ Նիկոլ Փաշինյանին. այս բանաձևով պետք է գործենք յուրաքանչյուրս. Արմեն Աշոտյան
Այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկով խորհրդարանական լսումներ են հրավիրվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի վերաբերյալ:
Իր ելույթում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախ շեշտեց, որ Փաշինյանի իշխանությունը գնալու է, նրանք հավերժ չեն, ուստի պետք է պատրաստ լինել տեր կանգնելու երկրին և ազգային օրակարգին:
«Իրենց գնալուց հետո լիքը գործ կա անելու»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պետք է մտածել «Հայաստան՝ Նիկոլից հետո» խնդրի մասին:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը դիմեց «Հայաստան» դաշինքի ընդդիմադիր գործընկերներին`նշելով.
«Տղե՛րք, տպավորություն է ստեղծվել, որ տվել եք ձեր համաձայնությունը մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման: Մի՛ արեք այդպես, ես հավատացի այն ամենին, ինչ այստեղից դուք մեզ փորձեցիք ասել և ասեցիք: Մի՛ հարամեք ձեր իսկ մատուցած մատաղը: Մատաղը պետք է ընդունելի լինի, ոչ թե հարամվող:
Հետևաբար, խնդրում եմ, հրահանգե՛ք ձեր տարաբնույթ քարոզիչներին՝ անջատել թեզը, թե բա՝ տեսաք ինչ եղավ: Ի՞նչ եղավ, Նիկոլին հեռացրի՞նք: «Հայաստան» դաշինք, ես ձեզ հավատում եմ: Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք հեռացնել Նիկոլին»:
Այնուհետև ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ ՀԱԿ-ի գործընկերների հայտարարություններին, մասնավորապես, Լևոն Զուրաբյանին, ով հայտարարել է, թե ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ:
«Մենք Ձեզ հետ չէինք էլ պատրաստվում գնալ ընտրությունների»,- հայտարարեց Աշոտյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: