ԷԴ Ո՞ՒՄ ԵՍ ԽԱԲՈՒՄ. ԻՐԱՆԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ ՄՏՆԵՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲԱՆ ՉԻ ՄՆԱ. ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԹՂԹՈ՞Վ ԵՍ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ.  ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իմպիչմենտն ամբողջ երկրին անհրաժեշտ գործընթաց է, կապ չունի՝ Սիսիանի, Ամասիայի, Մեղրիի գյուղերում ապրող գյուղացիները տեղյա՞կ են դրանից, թե՞ չէ։ Սա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորների կապրիզը չէ, ոչ էլ ՀՀԿ-ն պարապ է մնացել։ Սա ահազանգ է բոլոր հին ու նոր ուժերին։ Պետք է հնարավորինս շուտ կասեցնել այս աղետների ընթացքը:
  • Հաճելի անակնկալն այն էր, որ ԱԺ լսումների ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը միանում է անվստահության գործընթացին ու պատրաստ է 26 պատգամավորների ստորագրությունները դնել ձևաթղթի տակ։ Հույս ունեմ՝ «Հայաստան» դաշինքն առաջիկայում կոչ կանի միանալ գործընթացին։ Հաջորդ թիրախը, ում դուռը ծեծելու ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Հիմա անհրաժեշտ է աշխատել 20 պատգամավորի հետ։
  • Մեզ անհրաժեշտ է 2026թ. ընտրություններից 6 ամիս առաջ կործանարար պրոցեսը ստոպ տալ։

Կարդացեք նաև

  • Իմպիչմենտը տարանջատման գործընթաց չէ, այլ միավորման։ Նիկոլ Փաշինյանը գործընթացից դուրս է։ Ինքը կարող է ճնշել միայն իր 71 պատգամավորներին։
  • Հարգելի ՔՊ-ական պատգամավորներ, դուք մանդատ եք ստացել, որ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա անեք, անվտանգության մակարդակը բարձրացնեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Արցախի հարցը քննարկեք, ի՞նչ եք արել… Մեր երկրի ճանապարհները առանց մեզ տալիս եք սրան-նրան…
  • Մենք խաղաղության դեմ չենք, մենք ձե՛ր դեմ ենք, որովհետև ձեր ձեռքի թուղթը խաղաղության մասին չէ՛։ Էդ թուղթը նոր կապիտուլյացիայի մասին է, որը բերելու է է՛լ ավելի ծանր պարտադրանքներ։ 
  • 101 միլիարդ մոտ 260 միլիոն դոլար անվտանգությունից հանում ես, ռազմական ծախսերի բյուջեն կրճատել ես, տակը ի՞նչ ես դնում, օգոստոսի 8-ի թո՞ւղթը։ Երկրի անվտանգությունն էդ թղթո՞վ ես ապահովելու: 
  • Գազան, Ուկրաինան պատերազմի մեջ են, բոլորը զինվում են՝ Լեհաստանը, Չեխիան, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը Ռուսաստանը 4 տարի է՝ պատերազմի մեջ է։ Էդ ո՞ւմ վրա է Փաշինյանի հույսը, ո՞ւմ է խաբում։
  • Գնում, Ամերիկայում ստորագրում է մոդուլային փոքր ատոմակայանների մասին թուղթ, գալիս է Ռուսաստան, ասում է այն, ինչ հաճելի է Ռուսաստանին։ Սա է Նիկոլի լեգիտիմությունը։ Երկիրդ Թրամփը մեկ Ալբանիայի հետ է խառնում, մեկ Կամբոջայի․ ո՞ւր է քո լեգիտիմությունը։
  • Սրանք ուզում են մեր ժողովրդի երջանկությունը սկսվի ու ավարտվի պոմիդոր ու վարունգ ուտելով։ Լավ ապրեն, Ֆեստիվառ անեն, մի ինչ-որ երգչի փող տան, գա, երգի, գնան-ուրախանան, ուտեն, քնեն։ Ի՜նչ Արարատ, ի՜նչ Արագած, ի՜նչ եկեղեցի… ո՞վ եք դուք։

  • Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց 2018թ․ Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի թեկնածու, որովհետև մենք մեզ վրա էինք ուզում վերցնել Արցախյան հարցի լավագույն փոխզիջումային լուծման պատասխանատվությունը։ Ու կապ չուներ, որ մեզ դրա համար կքննադատեին։ Այն ժամանակ Արցախն էլ մերը կլիներ, Քարվաճառն ու Քաշաթաղն էլ։ Ոչ թե Հայաստանին կպարտադրեին ճանապարհ տալ։ Ես չեմ հավատում, որ Սյունիքի այդ ճանապարհը մենք ենք վերահսկելու, Ադրբեջանի ու Թուրքիայի հրահանգները կատարելու են, հայկական վերահսկողություն չի լինելու։ 
  • 2019թ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների փաստաթուղթը Նիկոլն ինչի՞ է պահում, որովհետև այդտեղ հստակ գրված էր լուծումը, իսկ այդ դեպքում կունենայինք Արցախ, բանակ, չէինք ունենա կորուստներ, 6-7 միլիարդ դոլարի զենք չէր մնա Ադրբեջանին, տարածաշրջանում կլիներ երաշխավորված խաղաղապահ ծառայություն ու կլիներ բոլորովին ուրիշ «ռասկլադ», ու այսօր մենք չէինք խոսի իրական Հայաստանից, որի ժամանակ Արարատից խոսելը վտանգավոր է։ Պարզ է, չէ՞, որ եթե էդ թուղթն իր օգտին լիներ, ինքը վաղուց դա հրապարակած կլիներ։
  • 44-օրյա պատերազմի քաոսի հիմնական պատճառը կառավարման բացակայությունն էր։ Պատերազմի ժամանակ երեք հզոր երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարները տևել են 5-10 րոպե։ Ադրբեջանն էդքան հզոր էր, առյուծի սիրտ էր կերել, որ քամահրանքով մոտենա՞ր այդ պետություններին ու նրանց միջնորդություններին։
  • Նիկոլը մեզ շատ բան ունի պատմելու։ Ու ինչքան պատմի, այնքան իր դեմ ցուցմունք է տալու։ Այո՛, Հայաստանը 44-օրյա պատերազմում չէր պարտվի, եթե 2018թ․ չլիներ իշխանափոխություն։ Արցախի հարցն էլ կլուծվեր խաղաղ ճանապարհով։
  • Բոլորս ենք խաղաղություն ուզում: Խաղաղություն սպառողը նաև մենք ենք՝ որպես հասարակ քաղաքացի։ 2018թ.-ից մինչև 2019-ի հունվար բոլորը մեզ ասում էին՝ բա վա՞տ է, որ չեն կրակում հիմա, ձեր ժամանակ լարված էր… Բայց դեկտեմբերին հենց Նիկոլն ընտրվեց, տեսաք՝ ինչ եղավ. պատերազմ, աղետներ, կորուստներ… Հիմա նույն բանն է։ Ադրբեջանում սպասում են՝ Նիկոլը 2026թ․ վերընտրվի, շարունակեն իրենց գործողությունները Հայաստանի դեմ: 

Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանակի և անվտանգության մասին, ասել էր. 

«Անվտանգության ապահովման հարցում էական պատկերացումներ են փոխվել. նախորդող ժամանակաշրջանում մտածում էինք, թե արտաքին սպառնալիքները նվազեցնելու գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը,  բայց պատմությունը եկավ ապացուցելու, որ սա չաշխատեց… Անվտանգության ապահովման հարցում մենք մոռացել էինք ամենակարևոր գործիքը՝ լեգիտիմությունը։ Լեգիտիմությունը դարձրել ենք անվտանգության գործիք՝ Պրահայում։ Այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել…»:

Մեկ այլ առիթով էլ նա ասել էր՝ հո Ադրբեջանը մեր դե՞մ չի զինվում…

  • Բա ո՞ւմ դեմ է զինվում Ադրբեջանը: Տեսնենք՝ ովքեր են Ադրբեջանի հարևանները կամ հավանական հակառակորդները: Կասպից ծովից հարևանը Ռուսաստանն է. Ռուսաստանի դեմ չեն կարող: Չեմ կարծում, որ Վրաստանի դեմ են զինվում: Իրանի դեմ՝ գուցե, բայց դա Ադրբեջանի պատերազմը չի լինի, Ադրբեջանը կներքաշեն այդ պատերազմի մեջ: Հետևաբար՝ ես չգիտեմ՝ կգնա՞ Ադրբեջանն այդ ավանտյուրային, թե՞ չի գնա, որովհետև եթե միայն Իրանի ցամաքային զորքերը մտնեն Ադրբեջան, Ադրբեջանից բան չի մնա:

  • Նիկոլը դիմելու է ժողովրդին՝ ասելով՝ ինձ ընտրեք, որ խաղաղություն լինի, հետո ասելու է՝ ճամփա տանք Ադրբեջանին, որ խաղաղություն լինի, հետո կասի՝ 200.000-ից ավելի ադրբեջանցիներին բերենք Հայաստանում բնակեցնենք, որ խաղաղություն լինի, ու այդպես կշարունակվի, մինչև կտեսնենք, որ էլ Հայաստան չկա։
  • Ինչո՞ւ է Նիկոլը բանավեճի հրավիրում Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նիկոլն ուզում է իր նշաձողը բարձրացնել, իրեն դասել 3 նախագահների շարքում։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը գնան, նստեն կապիտուլյացիա ստորագրածի ու երկրորդին պատրաստ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ի՞նչ խոսեն։ Ինչի՞ շուրջ բանավիճեն, ամբողջ երկիրը կորցրել, պրծել է։ Թող 2018 թվականին կամ պատերազմի ժամանակ բանավիճեր, նախագահները բոլոր տարաձայնությունները մի կողմ դրեցին և հանուն Արցախի, Հայաստանի՝ փորձեցին օգնել: Մերժեց ու պարտության տարավ, Արցախը հանձնեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս