Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը»

7 տարի երկրի կառավարման ղեկը վերցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քաղաքացու օրվա իր ուղերձում, ըստ էության, հոգեբանորեն «մնացել» է դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ճանապարհներին, և շարունակում է խաբել, թե երկրի տերն իրեն իշխանության բերած քաղաքացին է:

Իր գրառման մեջ Փաշինյանը մի բանալի միտք է հնչեցնում՝ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը»: Սա վտանգավոր բանաձև է, որի կործանարար հետևանքները տեսանք, տեսնում ենք և դեռ տեսնելու ենք այսպես շարունակվելու դեպքում:

Փաշինյանն իր այս միտքն այլ տրամաբանության մեջ է տեղավորում, բայց նույնիսկ դա վաղուց չկա, գուցեև չի էլ եղել: Այսինքն, ներքին և արտաքին քաղաքական որոշումներում ոչ մի դերակատարում չի ունեցել և չունի «հպարտ քաղաքացին», և Փաշինյանի իշխանությունն իրեն այդ նույն քաղաքացու տիրակալ է զգում, բայց ոչ երբեք տեր՝ սոցիալ-տնտեսական, ռազմական, ներքին և արտաքին անվտանգության ապահովման տեսանկյունից:

Եվ ասել՝ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը», սա ոչ այլ ինչ է, քան երկրի ղեկավարի պատասխանատվությունից խուսափում, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի, դրա արդյունքների ու դրան հաջորդած դիվանագիտական, ռազմական պարտությունների, տարածքային և մարդկային կորուստների համատեքստում:

Կարդացեք նաև

Քաղաքացու պատասխանատվությունն այս ամենում միայն այն է, որ 2021 թվականի հունիսին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ապահովեց պատերազմում պարտված ղեկավարի հաղթանակը կամ նպաստեց դրան, ինչը փոքր պատասխանատվություն չէ: Ուստի հարց է՝ պարտված ղեկավար ընտրած քաղաքացին բարոյական իրավունք ունի՞ երկրի տեր լինելու (իհարկե, կա նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի սխալն ու պատասխանատվությունը):

2021 թվականին Փաշինյանը խաբել է, այլ խոստումներ է տվել, վախեցրել է պատերազմով և պատերազմի սարսափից դեռ դուրս չեկած ժողովրդի մի զգալի հատված ձայն է տվել նրան, բայց արդյո՞ք պատերազմում պարտված ղեկավարը կարող է խաղաղություն ապահովել, որը ոչ միայն չի կարողացել կանխել պատերազմը, ժամանակին կանգնեցնել այն, այլև բանակին տարել է պարտության, և հետո չի ընդունել սեփական գլխավոր պատասխանատվությունն այս ամենում: Մյուս կողմից՝ 2021 թվականի ընտրություններից առաջ Փաշինյանը նաև բաց է խոսել:

44-օրյա պատերազմում պարտությունից ամիսներ հետո՝ 2021 թվականի մարտին, Արագածոտնի մարզ «նախընտրական» իր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդում հավաքվածներին փորձել էր համոզել՝ դադարեք թուրքին թշնամի համարել:

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- շեշտել է նա՝ ըստ էության, մի կողմ թողնելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից հետո Ադրբեջանի ձեռքով կատարված ցեղասպանությունները, որոնք հանդիսացել են թշնամական հարաբերությունների մեկնարկային կետերը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը փորձել էր հասկացնել, որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է դիտարկել որպես գործընկեր՝ հօգուտ ՀՀ տնտեսության զարգացման:

Ուջան համայնքում Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր գործընկերային հարաբերությունները՝ մտահոգություն հայտնելով, որ եթե ինքը հեռանա, ապա ինչ է լինելու եռակողմ հայտարարության «ապագան», հետո՝ թե այդ փաստաթղթի չեղարկումը կհանգեցնի աղետի:

Եվ քաղաքացիները սա լսեցին և չընդդիմացան, երբ արդեն կար ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, որտեղ հստակ ներկայացված էր ստեղծված ճգնաժամային իրավիճակը և Փաշինյանի իշխանության շարունակման կործանարար հետևանքները, երբ Թուրքիան այդ ֆոնին փորձել էր միջամտել ՀՀ ներքին խնդիրներին: Եվ Փաշինյանը թուրքական հուշմամբ էր արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացրել, ինչը, բնականաբար, Թուրքիայի ղեկավարությունը ողջունել էր, այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի օրինակով դատապարտել էր ՀՀ-ում ՀՀ զինված ուժերի «ռազմական հեղաշրջման փորձը»:

Ու հիմա նույնքան սինխրոն Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունն ու Նիկոլ Փաշինյանը դատապարտել են ապրիլի 23-ին ջահերով ավանդական երթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները վառելու «արարողակարգը»։

Ավելին, Ադրբեջանն ավելի հեռուն է գնացել, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պահանջել է Փաշինյանից՝ իրենց դրոշներն այրելը դիտարկել՝ որպես հանցագործություն, և լուրջ միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու համար:

Նույն ժամանակահատվածում ադրբեջանական vesti.az-ը խմբագրական-վերլուծություն է հրապարակում, որտեղ Փաշինյանից պահանջում են նաև՝ հայկական դպրոցական դասագրքերում պետք է դատապարտվի ցեղակրոնությունը, Նժդեհի գաղափարախոսությունը, քանի որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, նժդեհական իդեոլոգիան դեռ շարունակում է ազդեցություն ունենալ հայկական հասարակության, և հատկապես՝ երիտասարդության և «ռադիկալ խմբերի» շրջանում:

Այսինքն, Ադրբեջանը պահանջում է Փաշինյանից ոչ միայն նման գործողությունները և գաղափարախոսությունը բանավոր դատապարտել, այլև համակարգային հստակ քայլեր ձեռնարկել:

«Իրական առաջընթացի համար Հայաստանը պետք է ձեռնարկի համակարգային միջոցներ՝ ատելության հռետորաբանության դեմ պայքարի համատեքստում: Դրա համար օրինակ կարող է ծառայել հետպատերազմյան Գերմանիայի փորձը՝ դպրոցներում ցույց տալու, թե ինչի է հանգեցնում ֆաշիզմը: Նման մոտեցում կարող է կիրառվել ՀՀ-ում, և ցեղակրոնությունն ու նժդեհիզմը պետք է ճանաչվեն պատմության ամոթալի էջեր, իսկ դրանց քարոզչությունն օրենսդրությամբ սահմանափակվի: Այս իրավիճակը հաղթահարելու համար, կրկնում ենք, անհրաժեշտ են համակարգային միջոցներ, այդ թվում՝ կրթական բարեփոխումներ, ատելության քարոզչության և նման «տոքսիկ» իդեոլոգիաների ակտիվ քննարկման օրենսդրական սահմանափակումներ»,- նշվում է ադրբեջանական հոդվածում:

Չմոռանանք, որ Բաքվից Փաշինյանին զգուշացրել էին՝ եթե ինքը չոչնչացնի ՀՀ-ում «ռևանշիզմը», իրենք դա կանեն: Եվ հիմա փորձ է արվում այս պահանջը ևս դարձնել խաղաղության համաձայնագրի ստորագրման և հարաբերությունների կարգավորման նախապայման: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ադրբեջանական դպրոցներում և դասագրքերում հայը որպես թշնամի և զավթիչ է ներկայացվում, երբ բացարձակ չի մեղմվել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

Այլ հարց է՝ եթե նախկին իշխանությունների օրոք այսօրինակ փաստերն արձանագրվում էին, և ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը փաստագրվում էր, ապա Փաշինյանի իշխանությունների օրոք դա չի արվում, մինչդեռ հիմա փաստարկված «կոնտրքայլի» ճիշտ ժամանակն էր՝ ի պատասխան ադրբեջանական պահանջների և ՀՀ-ի ներքին խնդիրներին միջամտելու փորձերին: Իսկ Նիկոլ Փաշինյանը չի ասում՝ ինչ պետք է ուսուցանվի ադրբեջանական դպրոցներում, փոխարենը՝ աղավաղել է պատմությունը հայկական դասագրքերում, բայց, ինչպես տեսնում ենք, սա բավարար չէ, դեռ անելիք ունի թուրք-ադրբեջանական տանդեմի տեսանկյունից: Եվ, բնավ, կասկած չկա, որ հանուն սեփական իշխանության Փաշինյանը կգնա օրենսդրությամբ նժդեհական, ցեղակրոն, դաշնակցական իդեոլոգիաների օրենսդրական սահմանափակման՝ այդ ճանապարհով Ալիևի «ձեռքերով» փորձելով ՀՀ-ում լուծել «ռևանշիզմի» հարցերը և անունը դնել «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն:

Իսկ Բաքվի «դատավարության» ժամանակ, որը մտել է «ապացույցների» փուլ, Ալիևը դեռ կշարունակի Հայաստանին ներկայացնել՝ որպես «ռազմական հանցագործ», «ցեղասպան», «օկուպանտ», իսկ հայերին՝ ազգային հողի վրա կին և երեխա «սպանող», պետական այս քաղաքականությանը մասնակից դարձնելով Ադրբեջանի շարքային քաղաքացիներին, որով, ըստ էության, Ալիևը պայթեցնում է Փաշինյանի այն թեզը, թե հնարավոր է այսօր հայերի և ադրբեջանցիների համակեցություն:

Ավելին, Ադրբեջանի նախագահը վերջերս նույնիսկ խոստովանել էր՝ ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը մոտ ապագայում իրատեսական չէ:

Բայց սա չի խանգարում Փաշինյանին առաջ մղել ադրբեջանական հետաքրքրություններ պարունակող «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը և դրանով մասնակցել ընտրություններին, և հորդորել 2018 թվականին «թավշյա հեղափոխությանը» մասնակից և 2021 թվականին իր պարտված ղեկավար լինելն անտեսած ՀՀ քաղաքացիներին «պաշտպանել ազատ կամարտահայտվելու իրավունքը, սա չափազանց կարևոր է»:

Բայց հարց է՝ 2018 թվականի և 2021 թվականի «հպարտ» քաղաքացիներից քանի՞սն են այսօր մնացել ՀՀ-ում, քանի՞սն է իր «ստորագրությունը» պահպանել, կամ քանի՞սն է հետ վերցրել, քանի՞սն է պատրաստ դնել իր ստորագրությունը «Իրական Հայաստանի» գաղափարախոսության տակ: Արդյո՞ք նման հաշվարկներ արել է Փաշինյանը, և արդյո՞ք նման հաշվարկներ արել է ընդդիմությունը…

Իսկ ապրիլի 26-ը ոչ միայն ՀՀ քաղաքացու, այլև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրն է, որոնց բարդ իրավիճակներ են սպասվում։

Տեսանյութեր

Լրահոս