
44-օրյա պատերազմից առաջ Թուրքիային Սարդարապատով սադրողն ադրբեջանական կրակոցների հրձիգ է գտել. Փաշինյանի ցեղասպանության մեխանիկան

Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ջահերով ավանդական երթը: Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, այն կրում էր «Մի՛ ուրացիր» կարգախոսը՝ հաշվի առնելով ՀՀ գործող իշխանության դիրքորոշումը, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն չէ։ Ավելին, ինչպես այս տարվա հունվարին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր Նիկոլ Փաշինյանը, «մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել…»:
Ինչևէ, ջահերով երթի տրամաբանության մեջ այս անգամ ևս այրվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները: Դրանից որոշ ժամանակ անց՝ ժամը 23:14-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն»: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը բավականին օպերատիվ է ստացել տեղեկատվությունը, ադրբեջանական կրակոցների ապացույցները, և նույնքան օպերատիվ էլ հրապարակել է դրանք, ինչը ոչ միշտ է լինում:
Իսկ ՀՀ գործող ղեկավարությունը, իշխանական և մերձիշխանական շրջանակներն անմիջապես իրար հերթ չտալով, ըստ էության, ադրբեջանական այս սադրանքի պատճառ համարեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը: Կարող ենք վերապահում ունենալ այս «արարողակարգի» հետ կապված, բայց սա համարել Ադրբեջանի կողմից հայկական սահմանամերձ բնակավայրերի թիրախավորման պատճառ, անհեթեթ է, հատկապես, երբ մոտ մեկ ամիս է՝ սահմանագոտու տարբեր ուղղություններում և սահմանամերձ բնակավայրերում լսվում են ադրբեջանական կրակոցներ, թիրախավորվում է խաղաղ բնակչությունը:
Կարո՞ղ ենք ընկալել սա ադրբեջանական կրակոցների արդարացում՝ «էմոցիոնալ ֆոնի վրա կրակել են…», ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մի անգամ դրանք արդեն մեկնաբանել է՝ որպես Ադրբեջանի բանակում անկարգապահության հետևանք: Այսինքն, եթե ընդունենք, որ ապրիլի 23-ին դրոշներ այրողները սադրեցին, հարց է առաջանում՝ մյուս օրերին ո՞վ կամ ի՞նչն է սադրանքի մղում, եթե ՀՀ զինված ուժերին էլ հրամայված է ո՛չ հրադադարի ռեժիմ խախտել, ո՛չ էլ անգամ պատասխան միջոցներ ձեռնարկել:
Սրա պատասխանն ունե՞ն իշխանությունները, թե՞ դարձյալ ընդդիմությունից պետք է հարցնել, ինչպես վերջերս հորդորել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ընդունված փաստ է՝ ադրբեջանական կողմը միշտ էլ խորհրդանշական օրերի դիմել է սադրանքի, ինչը նախկինում արձանագրել է նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը, օրինակ, 2015 թվականին:
«Ապրիլի 24-ի նախաշեմին հայ-ադրբեջանական սահմանը կրկին լարված է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ արձակելով ոչ միայն դիրքապահների, այլ նաև գյուղերի ուղղությամբ:
Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց»,- մասնավորապես, 2015թ. ապրիլի 24-ին հրապարակված հոդվածում գրել էր ՀԺ–ն, որտեղ նշվում է նաև Տավուշի ուղղությամբ կրակոցների մասին, ներկայացվում պաշտոնական և ոչ պաշտոնական պարզաբանումներ:
Նույն պատկերն է եղել նաև 2016 թվականի ապրիլին, և Ապրիլյան պատերազմի գործողությունները 4 օր չեն տվել, նույնը եղել է նշված ժամանակահատվածներից առաջ: Այսինքն, հակառակորդը չի փոխվել, նրա նպատակներն են ընդլայնվել, և ՀՀ-ի արձագանքն ու ընկալումն է փոխվել ադրբեջանական սադրիչ գործողություններին:
Եթե Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ ապրիլի 23-ին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների վառելը սադրեց, որ նրանք գիշերով կրակեն բնակելի տան ուղղությամբ, որ իրենց ընդդիմախոսների տարբեր «ռևանշիստական» հայտարարություններն են Ադրբեջանի «մատը դնում ձգանին», ապա նա չի՞ կարծում՝ 2020 թվականի պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 28-ին, Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը կարող էր ևս սադրանք թվալ Ադրբեջանի և Թուրքիայի աչքերին, հատկապես, երբ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր՝ ՀՀ-ի հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, երբ 2020 թվականի օգոստոսի 21-ի ԱԽ նիստում Փաշինյանն ինքը խոսել էր Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեության մասին՝ նշելով, որ այն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում Մերձավոր Արևելքի, Եվրասիական տարածաշրջանի, Եվրոպական տարածաշրջանի գործընկերների մոտ: Դեռ չենք նշում «Արցախը Հայաստան է, և վերջ» 2019 թվականի օգոստոսին փաշինյանական հայտնի հայտարարությունը:
Վերադառնալով բուն թեմային և օրվա խորհրդին՝ պատմական կարճ էքսկուրս անցկացնենք լրագրող ու ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան լրատվամիջոցի՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող հոդվածներով:
Եվ այսպես:
2012թ. ապրիլի 24-ին «Հայկական ժամանակն» անանուն խմբագրական է հրապարակում «Ցեղասպանության մեխանիկան» վերտառությամբ, որտեղ հարցադրումներ են արվում՝ «երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը», այնուհետև անանուն հեղինակը մի քանի «շաբլոն տեսարանի» դրվագ ներկայացնելուց հետո, շարունակում է.
«..Ինչո՞ւ անապատ քշվող հայերը չեն հարձակվել ու ջնջխել իրենց քշող ասկյարներին։ Մի պարզ պատճառով. զինված պահակախմբերի վրա առաջին հարձակվողները մեծ հավանականությամբ պետք է տեղում զոհվեին, նրանց հետևողները միայն պահակախմբի զենքին տիրանալու շանս պիտի ունենային։ Ահա այստեղ է խնդիրը. ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն` պոտենցիալ զոհը։ Դեռ ավելին, ոչ ոք չի ցանկացել լինել հարձակվողների երկրորդ խմբի մեջ, ոչ ոք չի ցանկացել վտանգել իրեն, ոչ ոք չի ցանկացել քայլ անել իրավիճակի փոփոխության ուղղությամբ։ Բոլորը հույս են ունեցել, որ ուրիշ ինչ-որ մեկը, ինչ-որ ուրիշներ իրենց փոխարեն կպայքարեն էլ, կազատագրեն էլ, կզոհվեն էլ, և իրենք կվայելեն այդ ուրիշների կյանքի գնով ձեռքբերված ազատությունը։ Սպանդանոցի ճանապարհին բոլորը սպասել են, որ հայտնվի որևէ մեկը, որ անի այն, ինչն այնքան պարզ ու տրամաբանական է թվում, ինքնին ենթադրվող ու հասկանալի։ Բոլորը սպասել են, որ այդ մեկը կհայտնվի, բոլորը համոզված են եղել, որ այդ մեկը իրենք չեն։ Բոլորը զարմացած են. մի՞թե չկա այդ մեկը, բոլորը թուքումուր են անում բոլորին` այդ մեկը դառնալ չցանկանալու համար… իր անելիքը մահապարտների շարքում անմռունչ և հնազանդ քայլելն է` շառից և փորձանքից հեռու։ Այս մտածողությունն է հնարավոր դարձնում ցեղասպանությունը, սա է կոչվում ցեղասպանության մեխանիկա։ Որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»:
Բայց այսօր արդեն վարչապետ Փաշինյանն, ըստ էության, հայ ժողովրդին ասում է՝ մահապարտների շարքում պիտի անմռունչ լինել, չջնջխել ասկյարին:
Այսօր վարչապետ Փաշինյանը Ցեղասպանության կանխարգելման, կրկնություն թույլ չտալու համար որպես միջոց՝ ոչ թե մեզ սպանել ցանկացողի վրա պատասխան հարձակումն է տեսնում, ոչ թե առաջին հարձակվողին է փնտրում, այլ զիջողական քաղաքականությունը, սահմանազատման գործընթացը, որից դեռ ՀՀ-ն չի շահել, իսկ հային սպանել ցանկացողն ավելի է մոտեցել մեր բնակավայրերին:
Գուցե անանուն հոդվածագիր Փաշինյանն առաջին հարձակվողի դերում իրե՞ն է տեսել և իր «համարձակ» զիջողական արտաքին քաղաքականությունը հարձակո՞ւմ է համարում, հատկապես, երբ հոդվածի վերջում թուրքական ցեղասպանությունը սահուն կերպով ներքաղաքական համեմատությունների դաշտ է բերվում:
«Ավանդական մտածողությունը ցեղասպանության կանխարգելումը, այսինքն` կրկնության բացառումը կապում է արտաքին աշխարհում փոփոխություններ հարուցելու հետ (ցեղասպանության միջազգային ճանաչում և այլն), նոր մտածողությունը շատ ավելի կարևոր է համարում ներքին փոփոխությունները, փոփոխությունները հանրային մտածողության և հանրային հարաբերությունների ոլորտում։
Նման մոտեցումը հենվում է այն գիտակցության վրա, որ ցեղասպանության մեխանիկան այսօր էլ թելադրում է մեր հանրային մտածողության և հարաբերությունների կերպը, կանխորոշում մեր հանրային և անհատական վարքագիծը։ Անարդարությունը, ապօրինությունը, լկտիությունը, բեսպրեդելը ասկյարի նման այսօր էլ մեզ զրկում են հայրենիքից…»,- ասվում է հոդվածում, որտեղ, ըստ էության, կան ձևակերպումներ, որոնց տողատակում կարելի է տեսնել նաև այսօրվա Փաշինյանին:
2015 թվականին էլ «Հայկական ժամանակի» մեկ այլ հոդվածում նշվում է, թե Ապրիլի 24-ը նախևառաջ մեր ամոթն է, մեր քաղաքական մտքի տկարությունը՝ «բայց երևի ժամանակն է հրաժարվել նախկինում հնչած պատասխաններից՝ ապրիլի 24-ը մեր ողբերգությունն է, մեր սուգը, թուրքերի թուրք լինելու ապացույցը, պատմական անարդարություն. ոմանք այս օրը վրեժխնդրության նոր ազդակներ են ստանում»:
«Ցեղասպանությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է լինելու, և մենք՝ ցեղասպանվողի լավագույն դերակատար, քանի դեռ չենք փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, քանի դեռ մենք ինքներս մեզ այլ դեր չենք վերապահել, քան ցեղասպանվողի կամ ցեղասպանողի դերակատարումը»,- շարունակում է «Հայկական ժամանակի» հոդվածագիրը:
Բնականաբար, ցեղասպանությունը չպետք է համարել «ձեռքբերում», գուցեև՝ ամաչել, բայց որպեսզի ազգը ցեղասպանվողի դերից դուրս գա, պետք է հաղթանակ ապահովել պատերազմներում, այն, ինչ տեղի ունեցավ Արցախի առաջին պատերազմի ժամանակ:
Բայց ի՞նչ տեղի ունեցավ «թավշյա հեղափոխականների» մեր ժամանակաշրջանում. կորցրեցինք այն հաղթանակը, որի շնորհիվ ինչ-որ առումով ժողովուրդը դուրս էր եկել զոհի հոգեբանությունից, իսկ հիմա սա դառնում է պետական գաղափարախոսություն և քաղաքականություն:
Այսօր հերոսությունները զուտ արարողակարգային են, հզոր բանակ ունենալու, պարտությունից հետո դրա մեջ չմնալու և արագ վերականգնվելու, հզոր դիվանագիտություն վարելու քայլեր չեն արվում։ Իսկ դիմացը այսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է՝ իր հզոր բանակով, ում լիակատար աջակցությունն ունի Ադրբեջանը, և նաև այդ պատճառով չպետք է ժամանակ կորցնել և վերականգնել բանակի կարողությունները, բարոյահոգեբանական վիճակը: Սակայն արվում է ճիշտ հակառակը:
Ավելին՝ 44-օրյա պատերազմի ուղիղ մասնակից Թուրքիային կարգել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդ՝ այն անվանելով առանց միջնորդ խաղաղության բանակցություններ և հարաբերությունների կարգավորման գործընթաց…
Փաստորեն սա է Փաշինյանի ցեղասպանության բացառման մեխանիկան…
Ի դեպ, Փաշինյանը գիտակցո՞ւմ է, որ ինքը տարբեր առիթներով «վառում է» ՀՀ զինանշանը, որովհետև դրա վրա պատկերված է հայոց խորհրդանիշ բիբլիական Արարատը…