ԻՐԱԿԱՆ ԹԱԼԱՆԸ ՍԱ՛ Է. Ինչպես են պետության փողերը ներդնում օֆշորում գրանցված մի քանի օրվա ընկերության մեջ ու տանուլ տալիս

Նախկինների «թալանի» ու կոռուպցիայի դեմ պայքարող «հեղափոխականների» իշխանությունն ինքն է թաթախվել կոռուպցիայի ու թալանի մեջ։ Սրա համար էին պետական բյուջեն համարում սեփական գրպանը, որպեսզի պետության փողերն ինչպես ուզենան՝ ծախսեն ու պատասխանատվություն չկրեն դրա համար։ Պետության փողերը քամուն են տալիս, «անշահախնդիր» բաժանում մտերիմներին ու հարազատներին, իրենց ու իրենց շրջապատի հետ փոխկապակցված անձանց, վատնում են պետական միջոցները, բայց շարունակում են հանգիստ վայելել իրենց պաշտոնները։ Քանի դեռ իշխանության են ու գտնվում են իշխանության հովանավորության տակ, իրենց ապահով են զգում։ Մի օր այս ամենի ձայնը դուրս է գալու, բոլորը տեսնելու են, թե «հեղափոխականների» իշխանությունն ինչպես է անխնա թալանել ու կողոպտել պետական բյուջեն։

Կարծում եք՝ պատահականությո՞ւն են վերջին շրջանի ինքնախոստովանությունները՝ իշխանությունների տգիտության ու համատարած անգրագիտության վերաբերյալ։ Արդարանալու համար հիմքեր են ստեղծում։

Հանաք բան չէ, 7 տարի իշխանության ղեկին գտնվող մարդը, որի ղեկավարած կառավարության ու իր որոշումներով հարկատուների վճարած հարկերից տասնյակ միլիարդներ են բաժանել գյուղացուն աջակցելու ու գյուղատնտեսությունը զարգացնելու համար, այսօր հիշել են, որ զրո արդյունք են ապահովել։

«Էդքան փող ենք տվել, զրո տոկոսով վարկեր ենք տվել, արդյունքը զրո է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Թվում է, թե այսպիսի խոստովանությունից հետո, վերևից-ներքև բոլորին պիտի պատասխանատվության կանչեին՝ պետությանը տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր միլիարդների հասնող վնասներ տալու, պետության միջոցները վատնելու համար։ Բայց անգամ մեկ պատասխան տվող չկա։ Բոլորն անմեղ են։

Այսքանից հետո զարմանալի չէ, որ պետությանը տասնյակ-միլիոնավոր դոլարների վնաս հասցրած հիմնադրամի ղեկավարը կարող է ինքնագոհ հայտարարել, թե ԱՆԻՖ-ի մասով իր հետ կապված իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել։

Որտեղի՞ց Տիգրան Ավինյանին այդպիսի վստահություն, այն էլ՝ այսքան սկանդալային բացահայտումներից հետո, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկեր ու ակնհայտ հովանավորչության հիմքեր են պարունակում։ Չնայած դրան, տևական ժամանակ հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում, չկան մեղավորներ։ Պետությանը տասնյակ միլիոն դոլարների վնասներ են տվել, հարկատուների փողերը անտեղի ծախսել են, տարբեր ծրագրերի անվան տակ բաժանել իրենց  մտերիմներին, պատասխան տվող չկա։

Կոռուպցիայի դեմ պայքարն ու նախկինների «թալանը» քաղաքական նպատակներով շահարկող Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն շահագրգռված չէ ԱՆԻՖ-ի շրջանակներում պետական միջոցների թալանը բացահայտելու, առավել ևս՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, պետությունից թալանած ու վատնած փողերը վերադարձնելու հարցում։

Թե ինչո՞ւ, դժվար չէ հասկանալ՝ այդ ամենի գլխին ինքն է կանգնած եղել։

ԱՆԻՖ-ի փողերը երկնքից չեն ընկել, կառավարությունն է տվել պետական բյուջեից։ Ու հավանաբար բոլորն էլ լավ իմացել են, թե ո՞ւր են գնում այդ գումարները, ինչպե՞ս են ծախսվում, ինչի՞ մեջ և ո՞ւմ բիզնեսում են ներդնում։

Ժամանակին նախկիններին ու նրանց շրջապատին էին մեղադրում օֆշորային ընկերություններ գրանցելու ու այնտեղից Հայաստանում ներդրումներ անելու մեջ։ Նրանք դեռ իրենց փողերն էին ներդրում, հիմա իրենք պետության փողերն են ներդնում օֆշորում գրանցված մի քանի օրվա ընկերության մեջ ու տանուլ տալիս։

Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի դուստր՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, 2023 թվականին ավելի քան 1 մլրդ 539 մլն դրամի կամ շուրջ 4 մլն դոլարի ներդրում է արել օֆշորային գրանցում ունեցող ընկերությունում, որի տնօրենը եղել է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին, բիզնես գործընկերը։ Ընկերությունը, որտեղ ներդրում են արել, բացվել է ներդրում կատարելուց ընդամենը մի քանի օր առաջ։ Հատուկ այդ նպատակով է բացվել։

Շուրջ 4 մլն դոլար պետական բյուջեից տվել են անհայտ ծագման ընկերությանը, որն ունեցել է ընդամենը մեկ առավելություն՝ ընկերության տնօրենը եղել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին։ Այդպես չլիներ, արդյո՞ք 8 օր առաջ ստեղծված ընկերությանը 4 մլն դոլար կտային։ Իհարկե չէին տա։

Եթե ոչ այսօր, ապա մի օր հաստատ իրավապահները կզբաղվեն նրանով, թե ո՞րն է եղել սրանում Տիգրան Ավինյանի ու նրա կնոջ հետաքրքրությունը։

Հատկապես որ, տրված գումարը նպատակին չի ծառայել։ Այն, որ պետության 49 տոկոս մասնակցությամբ ընկերությունը շուրջ 4 մլն դոլար ներդրումից 1,5-2 տարի հետո ունեցել է ընդամենը 1 աշխատող, ամեն ինչ ասում է։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի այլ ծրագրեր ևս պտտվում են Տիգրան Ավինյանի շրջապատում։ Նրա ղեկավարման շրջանում 960 միլիոն դրամ կամ ավելի քան 2,4 մլն դոլար է տրամադրվել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ին՝ ելակի ջերմոցներ հիմնելու համար, որի  սեփականատերը եղել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի այն ժամանակվա նախագահ, այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դասընկերը։

Երևի սրա մասին էլ Տիգրան Ավինյանը չի իմացել։

Մեկ այլ դեպքում՝ տարիներ շարունակ գործող ընկերությունում ավելի քան 796 մլն դրամի կամ շուրջ 2 մլն դոլարի ներդրում են արել, ձեռք են բերել ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը, որը նոր սեփականատիրոջ հայտնվելուց հետո ու նրա կամակորությունների պատճառով կանգնել է խնդիրների առաջ։

Պետություն-մասնավոր համագործակցության անվան տակ բյուջեից շուրջ 20 մլն դոլարի ներդրումներ են արել թվով 10 կազմակերպություններում, որոնց ճակատագիրն անհայտ է։ Ու սա դեռ միայն «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի շրջանակներում։

ԱՆԻՖ-ի վատնած գումարները շատ ավելի մեծ են. 3 տարում բյուջեից 60-70 մլն դոլար են ծախսել, ոչ մի հաջողված ծրագիր հայտնի չէ։ Ու դեռ ոչ մեկը չի ուզում պատասխան տալ սրա համար։ Չնայած պատասխան տվողների շրջանակը բոլորին հայտնի է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս