Արարատ Միրզոյանը կմեկնի՞ արդյոք Անթալիա․ հաջորդ շաբաթ Թուրքիայում սպասվում է Դիվանագիտական 4-րդ ֆորումը

Անթալիայում՝ Թուրքիայի «տուրիստական մայրաքաղաքում», հերթական դիվանագիտական ​​ֆորումի նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։ Անթալիայի Դիվանագիտական 4-րդ ֆորումը, որը կազմակերպվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից Ռեջեփ Թայիբ Էրդողանի հովանու ներքո, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 11-13-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Այս տարի ֆորումը տեղի է ունենում «Վերականգնել դիվանագիտությունը մասնատված աշխարհում» խորագրի ներքո և, ըստ կազմակերպիչների, թեման արտացոլում է դիվանագիտության հրատապ անհրաժեշտությունը՝ վերահաստատելու իրեն որպես կայունացնող ուժ՝ աճող գլոբալ բաժանումների ֆոնին:

«Աճող աշխարհաքաղաքական ճեղքերը, խորացող գլոբալ անհավասարությունները, բռնության աճը, որն ուղղված է խաղաղ բնակչությանը, անհանդուրժողականությունը տարբեր տեսակետների նկատմամբ, անորոշությունները, որոնք պայմանավորված են տեխնոլոգիական խափանումներով և կլիմայական ճգնաժամի բազմաչափ ազդեցությամբ, սասանել են արդարադատության ընդհանուր զգացումը և քայքայել վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ: Ժամանակակից այս մարտահրավերներին լուծումներ գտնելու ներկայիս միջազգային համակարգի անկարողությունն ավելի է լարել արդեն իսկ դժվարին համագործակցության ջանքերը»,- նշում են ֆորումի կազմակերպիչները՝ ընդգծելով, որ աճող անկայունության և անկանխատեսելիության դարաշրջանում, որը նշանավորվում է բարդ մարտահրավերներով և բազմաթիվ ճգնաժամերով, Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումը նպատակ ունի գնահատել բազմակողմ կարգի համակարգային խնդիրները և խթանել դիվանագիտության վերականգնման շուրջ երկխոսությունն արագ զարգացող միջազգային միջավայրում:

Այս ձևակերպումները լավագույնս բնորոշում են ներկայումս աշխարհակարգի, դիվանագիտության ու միջազգային իրավունքի ճգնաժամը, որը հանգեցրել է մի շարք հակամարտությունների բռնկման, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում։ Սակայն ուշագրավն այն է, որ դիվանագիտության կարևորությունը շեշտադրում է Անկարան, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայման է դարձրել Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը պատրաստ է ստորագրման, այնինչ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում։

Ավելին՝ նախորդ տարի նույն այդ դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպված «Ճգնաժամերի ժամանակ դիվանագիտության առաջմղումը» պանելային քննարկման ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հորդորում էր թուրք բանագնաց Սերդար Քըլըչին կյանքի կոչել հայ-թուրքական բոլոր համաձայնությունները, բացել սահմանը, քանի որ դրա փակ լինելու համար որևէ պատճառ չկա։ Դրանից մեկ տարի անց ոչինչ չի փոխվել, մինչ այդ ևս չէր փոխվել, և չկան իրատեսական հեռանկարներ, որ մոտ ապագայում Թուրքիան կփոխի իր դիվանագիտությունը Հայաստանի հանդեպ։ Սա ներկայումս այն դիվանագիտությունն է, որին իրականում աջակցում է Անկարան։

Կարդացեք նաև

Վերադառնալով ֆորումի թեմային, նախորդ տարիներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայ-թուրքական կարգավորման գործընթացի ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնել են Անթալիա և մասնակցել ֆորումին, ինչպես նաև մասնակցել պանելային քննարկման, ունեցել շփումներ։

Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունը թուրքական ուղղությամբ, պետք է ասել, որ այս ֆորումը նրանց համար հնարավորություն է՝ շփումներ ծավալել թուրքական կողմի հետ, որոնք հատկապես վերջին շրջանում հազվադեպ են։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը 168.am-ի հետ զրույցում չհստակեցրեց՝ արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարարը մեկնելու է Անթալիա։

Նա, մասնավորապես, ասաց․ «Նախարարի այցերի մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք, միջոցառումների դեպքում՝ դրանց անցկացման օրերին ավելի մոտ ժամկետում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930