Իմ` ոչ երևանցու կարծիքը. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Արդեն գրել եմ, որ Երևանի բնակիչ չեմ և չեմ մասնակցելու կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական են (և դրա հետ, կարծես թե, ոչ ոք լրջորեն չի վիճում), ուզում եմ, ավանդույթի համաձայն, հայտնել իմ դիրքորոշումը. եթե ես քվեարկելու իրավունք ունենայի, ապա ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին:
Այնպես չէ, որ հիացած եմ այդ կուսակցության, նախկինում՝ դաշինքի գործունեությամբ: Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում, այստեղ էլ կան բոլշևիկյան հավատաքննության և առաջնորդի անձի պաշտամունքի տարրեր:
Բայց երբ քաղաքացին գնում է ընտրությունների, նա պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-որ ժամանակավոր, մակերեսային երևույթներով, այլ սկզբունքներով, գաղափարներով: Հենց դրանից ելնելով էլ ես, որպես քաղաքացի, նախագահական ընտրություններում համակրում էի Բագրատյանին, իսկ հիմա՝ ՀԱԿ-ին:
Կարևոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, ոնք կարող են փոխվել: էականը այն ուղղությունն է, իր բոլոր սխալներով և շեղումներով, որը ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները: Իսկ այդ ուղղությունն է ազատ շուկան, ժողովրդավարությունը ազգային հարցերում պրագմատիզմը:
Որքան կարելի է դատել հարցազրույցներից, նույն արժեքներն են դավանում ՀԱԿ-ի ցուցակում առաջադրված երիտասարդները: (Հեղափոխական հռետորաբանությունը ես վերագրում եմ, այսպես ասած, «ձախության մանկական հիվանդությանը»):
Կարևոր է նաև, թե ով է ղեկավարում ցուցակը: Վահագն Խաչատրյանը քաղաքի և երկրի համար դժվար տարիներին իրեն դրսևորել է որպես արհեստավարժ մենեջեր և տնտեսությունը ներսից հասկացող անձնավորություն: էական է, որ նա Երևանի քաղաղաքային խորհրդի նախագահ էր ընտրվել որպես անկուսակցական և իր աշխատանքի ընթացքում երբեք քաղաքական հակամարտության մեջ չի մտել այն ժամանակվա (1992-1996 թվականների) իշխանական ընդդիմադիր ուժերի հետ:
Սա այսօր էլ է արդիական. որքան էլ կուսակցություններն իրար քարկոծեն ու վարկաբեկեն, կան խնդիրներ և ոլորտներ, որտեղ իրենք դատապարտված են համագործակցության:
20 տարի ճանաչելով Վահագն Խաչատրյանին՝ ես նրանից ոչ միայն հայհոյանք չեմ լսել, այլև որևէ մեկի հասցեին անձնական վիրավորանք պարունակող արտահայտություն՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ մասնավոր զրույցներում: Երիտասարդ ՀԱԿ-ականներն այդ առումով պարոն Խաչատրյանից շատ բան ունեն սովորելու:
Ավելորդ չէ նորից հիշեցնել. այն, ինչ ես այստեղ ասում եմ, իմ անձնական կարծիքն է, որը կապ չունի իմ լրագրոդական գործունեության, ոչ էլ «Առավոտի» ուղղվածության հետ: Լրագրությունը, շարունակում եմ դա պնդել, չի կարող «պատկանել» որևէ կուսակցության, իսկ լրատվամիջոցը պարտավոր է հավասարակշռություն պահպանել բոլոր «հակամարտող» կողմերի միջև, ինչը և մենք անում ենք:
Ավելին ասեմ. թե տանը և թե աշխատավայրում իմ հարազատներն ու ընկերները, որքան հարցրել եմ, չեն կիսում իմ անձնական քաղաքացիական նախասիրությունները, և, որպես կանոն, այս և նախորդ ընտրություններում գերադասում են Րաֆֆիին: Չեմ պատրաստվում քննել որևէ մեկի հավատը: Կեցցե՛ բազմակարծությունը»: