Բաժիններ՝

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը ԵԱ-ի արծաթե մեդալն առանձնակի է կարևորում

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Էլմիրա Կարապետյանը ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը կարևոր մեկնարկ է համարում մրցաշրջանի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրն ամփոփեց մրցաշարի արդյունքները:

«Եվրոպայի առաջնության նախորդ փուլում բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան` կյանքից հեռացավ ամուսնուս հայրը և ես բարդ իրավիճակում էի՝ թողնե՞լ մրցաշարն ու վերադառնալ, թե՞ մնալ: Շնորհակալ եմ ամուսնուս, որն օգնեց որոշում կայացնել ու մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Իրականում, շատ լավ էի նախապատրաստվել այս մրցաշարին թե Երևանում, թե մրցաշարին նախորդած ուսումնամարզական հավաքին»,-առանձնացրեց Կարապետյանը:

Վերջինիս խոսքով`10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևն առաջին անգամ էր անցկացվում: «Իմ «կրակ»-ը եզրափակչի համար դրական էր: Ես հուզմունք չունեի: Շատ կարևոր է, որ Օլիմպիական խաղերից հետո նորից վերգտնեի ինձ, և սա կարևոր քայլ էր ամբողջ մրցաշրջանի համար: Այս արծաթե մեդալը Եվրոպայի առաջնությունում շատ մեծ վստահություն է տալիս»,-ասաց նա:

Կարապետյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց ամուսնուն, իր մայրիկին, Հայաստանի հրաձգության ամբողջ հավաքականին` աջակցության համար: Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում դուրս էր  եկել եզրափակիչ, որտեղ մրցել էր Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Վասկևիչի հետ:

Եզրափակչում Էլմիրա Կարապետյանը զիջել էր 13:15 հաշվով` դառնալով ԵԱ-ի փոխչեմպիոն:

Էլմիրա Կարապետյանը Եվրոպական խաղերի արծաթե, ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է, դարձել է աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Մասնակցել է Տոկիո-2020-ին և Փարիզ-2024-ին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս