Բաժիններ՝

Մակրոնը 30 երկրների զինվորականների կոչ է արել անվտանգության երաշխիքներ մշակել Ուկրաինայի համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 11-ին Փարիզում հավաքված շուրջ 30 երկրների գլխավոր շտաբների պետերին կոչ է արել ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքներ» սահմանող պլանի մշակմանը: Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի կոմյունիկեն։

«Հաշվի առնելով հաշտության բանակցությունների արագացումը՝ նախագահը պարզաբանել է, որ այսօր պետք է հայեցակարգից անցնենք պլանի՝ անվտանգության վստահության արժանի երաշխիքներ սահմանելու նպատակով, որպեսզի Ուկրաինայում հնարավոր դառնա հաստատուն և երկարատև խաղաղությունը», – հայտնել են Ֆրանսիայի նախագահական գրասենյակից։

Նաև հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները համակարծիք են, որ անվտանգության երաշխիքները «չպետք է տարանջատվեն ՆԱՏՕ-ից և նրա հնարավորություններից»։

Ուկրաինայում ապագա խաղաղությունը երաշխավորելու պատրաստ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջազգային խորհրդակցությունը տեղի է ունեցել Մակրոնի նախաձեռնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս