Փաշինյանը մոռացել է՝ ինչի համար է ՀՀ-ն միացել Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին. Ինչի մասին պետք է խոսվեր միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, որ չխոսվեց

Բաքվի շինծու մեղադրանքներով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարության ժամանակ Ադրբեջանը «նյութական վնասի» չափ է հրապարակել, որը հասնում է մի քանի միլիարդ մանաթի:

Եվ մինչև Ադրբեջանը շարունակում է հաշվել օկուպացված Արցախում «ադրբեջանական ոչնչացված պատմամշակութային հուշարձանների թիվը», Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի ժամանակ հայտարարում է.

«Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Եվ մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել»:

Իսկ իրականում Փաշինյանը միջազգային այս հարթակը պետք է օգտագործեր բարձրաձայնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի, իսկ այնուհետև՝ Արցախի ամբողջական հայաթափման արդյունքում մի քանի հազար խաչքարի, մի քանի հարյուր միջնադարյան գերեզմանի, մի քանի հարյուր հայկական եկեղեցու և մի քանի տասնյակ վանական համալիրի կորստի մասին: Ավելին, անուն առ անուն պետք է նշվեր, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանները, խաչքարերը՝ փորձելով ջնջելով հայկական քրիստոնեական հետքը, ինչպես է Ադրբեջանը հայկական եկեղեցիները ներկայացնում որպես աղվանական՝ ի թիվս Դադիվանքի:

Կարդացեք նաև

Այսինքն, կրոնական միջազգային գիտաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է խոսեր Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և կրոնական ու էթնիկ անհանդուրժողականության մասին, և այդ համատեքստում կարող էր բարձրաձայնել այն խնդիրների մասին, որին ամբողջ աշխարհում պատերազմական տարբեր իրավիճակներում բախվում են քրիստոնյաները: Չի՛ արվել: Եվ այս պարագայում զարմանալի չէ, որ միջազգային շրջանակներում և հարթակներում ընկալելի են առավել ադրբեջանական տարաբնույթ թեզերը:

Նշենք, որ երբ 2020 թվականին Հայաստանը միանում էր Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին, ինչը ՀՀ-ում սկզբում միանշանակ չընդունվեց, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պարզաբանել էին, թե Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ցեղասպանությունների, ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, և մենք շարունակաբար օգտագործել ենք միջազգային ցանկացած հարթակ և ձևաչափ՝ այդ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: 

«Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին, հատկապես՝ քրիստոնյաների պաշտպանության խնդրին Մերձավոր Արևելքում, որտեղ հայ ժողովուրդն ունի դարավոր ներկայություն և այլ ազգերի և կրոնների հետ համերաշխ գոյակցության մեծ փորձ: Հենց դա է հանդիսացել Հայաստանի կողմից դաշինքին միանալու հիմնական պատճառներից մեկը։ Հայաստանն ունի պատմական և բարոյական պարտավորություն` պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների իրավունքները»,- հիմնավորել էր Արտաքին գործերի նախարարությունը:

Այսօր, փաստորեն, Հայաստանի իշխանությունները մոռացել են, թե ինչի համար են միացել կրոնական վերը նշված դաշինքին, կամ դրա նպատակներից հիմնականը, և Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին մեր երկրի մասնակցությունը ներկայացնում են ավելի նեղ շրջանակում, որ ՀՀ-ում գործում են կրոնական տարբեր կազմակերպություններ, որ հարգվում է ազգային փոքրամասնությունների կրոնական հավատքը և այլն:

Ի դեպ, այսօր մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե հյուրանոցատերերին ասվել է, որ մուսուլմանական աղոթատեղիներ պետք է սարքել: Արդյո՞ք որևէ ոչ քրիստոնյա այս տարիներին բողոքել է սրանց բացակայությունից, արդյո՞ք մահմեդական երկրներում քրիստոնյա զբոսաշրջիկների համար աղոթատեղիներ են կառուցում հյուրանոցներում: Սակայն սա առանձին թեմա է: Իսկ միջազգային կրոնական գագաթաժողովին Փաշինյանը փորձել է ցույց տալ, թե իբր ինքը չափազանց աստվածահավատ է, թե իր համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և «իր քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա», թե իր համար շատ կարևոր է հատկապես Նոր Կտակարանով առաջնորդվել:

Այստեղից հարց՝ որտե՞ղ է Նոր կտակարանում գրված, որ մարդկանց տան մոտ քաղաքական ակցիաների ժամանակ պետք է դագաղներ դնել, որ մուրճով պետք է գնալ քաղաքական հավաքների և ընդդիմախոսներին սպառնալ, որտե՞ղ է Աստված ստախոսներին, վախկոտներին պաշտպանում: Իսկ գուցե հակառակի մասի՞ն է պատվիրում և զգուշացնում: Չմոռանանք նաև այն դրվագները, երբ Նիկոլ Փաշինյանն իրեն Քրիստոսի հետ մեկ հարթության վրա էր դրել:

Մասնավորապես, 2019թ. նոյեմբերին Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայտարարել էր. «Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները, և մենք ոչնչի առաջ չենք կանգնելու»:

Այս շարքը կարելի է շարունակել: Իսկ Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և մի առիթով Հիսուսին մեղադրել «կադրային սխալ քաղաքականության մեջ»:

 «Երբ որ խոսում էի դավաճանության մասին և դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են և, հնարավոր է, էլի լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես` իրավապահ համակարգում, ըստ էության` դա էլ խոստովանություն է, սխալի խոստովանություն է և սխալը ընդունելու, բայց հետո, որ մեկ-մեկ այդ թեմայով մտածում, տանջվում եմ, ինձ էլի օգնության է գալիս Սուրբ գիրքը, Ավետարանը, որ ասում է, եթե դու ի վիճակի չես էնպիսի կադրային քաղաքականություն վարել, որ դավաճանություն չլինի, դու որքանով ես ի վիճակի ղեկավարել երկիրը, ղեկավարել կառավարությունը: Ու Սուրբ գիրքը ինչով ա գալիս օգնության… նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ, պարզվեց, կան, էնպես որ, եթե նույնիսկ Հիսուս Քրիստոսը ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որևէ վարչապետ կամ, օրինակ, ես կարող եմ էդպիսի քաղաքականություն վարել»,- հայտարարել էր նա 2020 թվականին, ընդ որում՝ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ:

Արդյո՞ք նույն տրամաբանության մեջ է Փաշինյանը դիտարկում 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտության և դրանից հետո մարդկային և Արցախի, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների համատեքստում իր դավաճանությունը, քանի որ 2024 վերջերին հայտարարել էր, թե 2020 թվականի պատերազմին առնչվող ինքն իրեն այլևս հարցեր չունի, այսինքն՝ այլևս նաև միակ պատասխանատուն չէ:

 

Տեսանյութեր

Լրահոս