«Հոգեբույժ չեմ, որ Փաշինյանի ուղեղը վերլուծեմ. նրա ասածը հայհոյանք է ամբողջ հայությանը». Հարութ Սասունյան
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Միացյալ Նահանգներում, բայց, բնականաբար, ոչ թե Թրամփի հետ հանդիպման օրակարգով, այլ մասնակցելու 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Հայկական դեսպանատան առջև հավաքված հայ համայնքի ներկայացուցիչները Փաշինյանին դիմավորեցին «Արցախը դավաճանված է», «Փախստականները մոռացված են», «Փաշինյանը տապալեց Հայաստանը» և նման գրությամբ պաստառներով:
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը, օրինակ, հրավիրված չի եղել Փաշինյանի հետ հայ համայնքի հանդիպմանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ հստակ գիտեն՝ ում հրավիրել. «Չեն ուզում, որ ինչ-որ մեկը գա և վարչապետին ոչ հաճելի բան ասի: Առանց անուններ տալու, ասեմ, որ կային առնվազն երկու կազմակերպությունների ղեկավարներ, որոնք 2020թ. պատերազմից հետո գրավոր պահանջել էին Փաշինյանի հրաժարականը, իսկ այսօր արդեն այնտեղ նստած էին, բայց դա իրենց որոշումն է, ես ասելիք չունեմ»:
Անդրադառնալով հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեսանյութին, Հարութ Սասունյանն ուշադրություն հրավիրեց այնտեղ Փաշինյանի հնչեցրած մի քանի թեզերի, հատկապես Ցեղասպանության վերաբերյալ վերջին շրջանում արած հայտարարությունները վերահաստատելու վրա.
«Նա չի հասկանում, որ Ցեղասպանության մասին իր խոսքերն իսկապես վիրավորական են ամբողջ աշխարհի հայության համար, օրինակ՝ երբ ասում է՝ ո՞վ էր պատճառը, որ Հայաստանի ժողովուրդը սկսեց Ցեղասպանության մասին նշել: Սա հայհոյանքի նման մի բան է հայությանը, որովհետև հայ ժողովրդի մեծ մասի մաշկի վրա է գրված Ցեղասպանությունը, նրանց նախահայրերը սպանվել են, անշուշտ, ես էլ եմ դա կրում: Մեզ ոչ ոք չի ասել՝ Ցեղասպանության մասին նշենք, թե ոչ, դա մեր արյան մասն է կազմում, այդպես ենք մեծացել, ամեն հայ դա գիտի, այնպես չէ, որ ինչ-որ տեղից է հրահանգ եկել, որ Ցեղասպանության մասին հիշենք: Այս մարդը չի հասկանում: Նրա ասածները դժգոհության մեծ ալիք են բարձրացնում»:
Նա նկատեց՝ ամբողջ աշխարհի հայությունը շատ լավ գիտի Ցեղասպանության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է վիրավորական խոսքեր, որոնք ազդում են նաև հենց իր վարկանիշի վրա.
«Նրա վարկանիշն էլ ավելի է ընկնում: Երբ շվեյցարահայերի հետ զրուցում էր, նրան ոչ ոք չհարցրեց, թե ինչ կարծիք ունի Ցեղասպանության մասին, նա առանց հարցնելու սկսեց այդ մասին խոսել: Նրա ասածները ոչ միայն հայության շահերից չեն բխում, այլև հենց իր: Ես հոգեբույժ չեմ, որ Փաշինյանի ուղեղը վերլուծեմ: Թեև Ցեղասպանության հարցն ամենալուրջ հարցն է հայության համար, բայց միակ հարցը չէ, որի վերաբերյալ Փաշինյանը նման բաներ է ասում: Պետք է մի հոգեբույժ ստուգի այս մարդու ուղեղը, տեսնի՝ ի՞նչն է պատճառը, որ նման բաներ է ասում, անցյալում իր հետ ի՞նչ է պատահել: Նա, երբ թերթի խմբագիր էր, այն ժամանակ էլ այդպիսի բաներ գրում էր»:
Նա նկատեց՝ եթե սովորական մարդ նման հայտարարություններ աներ, գուցե խնդիր չլիներ, բայց երբ երկրի ղեկավար է նման հայտարարություններ անում, դա հետևանքներ է ունենում Հայաստանի համար. «Ինչ ինքն է ասում, հաճախ համընկնում է Էրդողանի և Ալիևի ասածներին: Երբ Ալիևն ասում է, որ Սահմանադրությունը պետք է փոխեք, որոշ ժամանակ անց Փաշինյանն ասում է՝ այո, Սահմանադրությունը պետք է փոխենք: Երբ Ալիևն ասում է՝ հայցերը պետք է հետ քաշել, Փաշինյանն ասում է՝ այո: Այսինքն՝ ինքը կրկնում է մեր թշնամիների ասածը, և դրա համար հաճախ ես ասում եմ, որ ինձ թվում է՝ Երևանում վարչապետի աթոռին հենց ինքը՝ Ալիևն է նստած, ոչ թե հայ ղեկավար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում