Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական ինքնությանը. Էդուարդ Շարմազանով

«Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, և ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին եղել է ընդդեմ ցեղասպանության համամարդկային և միջազգային պայքարի առաջամարտիկ պետությունը: Մեր իշխանության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ  2015թ.՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, 100-ից ավելի պետությունների պատվիրակներ, 4 երկրի նախագահ են ժամանել Հայաստան, որոնցից 2-ը ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունների նախագահներ էին, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը և ՌԴ նախագահ պարոն Պուտինը:

«Էդ ո՞նց էր՝ Սերժ Սարգսյանի ժամանակ Արարատն ու ցեղասպանության խոսույթը չէին խանգարում Հայաստանին, հիմա Նիկոլի ժամանակ խանգարո՞ւմ է: Երբ ասում է՝ պետք է հասկանանք՝ ինչ է եղել և ինչպես է եղել, մեկը չկա՞ դրան հարց տա, որ դա նույն բանն է, որ էսօր Պուտինը հայտարարի՝ դեռ պետք է հասկանանք՝ ինչ է եղել և ինչպես է եղել, որ Հիտլերը հարձակվել է ԽՍՀՄ վրա, կամ Նեթանյահուն ասի՝ պետք է հասկանանք՝ ինչ է եղել և ինչպես է եղել, որ Հոլոքոստ է տեղի ունեցել: Ինձ՝ 26 տարվա դասախոսիս, տհաճ է այդ տգիտության հետ գլուխ դնել, բայց մեր հանրության համար եմ ուզում ասել, որ ամեն ինչ շատ հստակ է և պարզ. Դեռևս 1915թ. մայիսի 24-ին Անտանտի երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, պաշտոնապես երեք պետությունների անունից հայտարարություն են տարածել, որտեղ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայ ժողովրդի ջարդերն անվանել են մարդկության դեմ իրագործված հանցագործություն»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ 1919թ. Կոստանդնուպոլսի ռազմական դատարանը Հայոց ցեղասպանության բոլոր կազմակերպիչներին հեռակա դատապարտել է մահապատժի. «Նույնիսկ Թուրքիայի դատարանն է նրանց դատապարտել: Նիկոլ Փաշինյանն այստեղ ուզում է դուր գալ թուրքերին և հավաքական Արևմուտքին, կոնկրետ՝ ՆԱՏՕ-ին, և ուզում է նաև մեր ժողովրդին մոլորության մեջ գցել, ասում է՝ բա ինչո՞ւ 1939թ. այդ խոսույթը չկար, 50-ականներին առաջացավ, իբր ուզում է ասել՝ ռուսներն են այդ թեման առաջ բերել: 1965թ., որ Ուրուգվայը ճանաչեց, ԽՍՀՄ հետ ի՞նչ կապ ուներ: 70-ականներին, որ Կիպրոսը ճանաչեց, ի՞նչ կապ ուներ ԽՍՀՄ-ը: 1987-ին, որ Եվրոպական խորհրդարանը ճանաչեց, հետագայում, որ Գերմանիան ճանաչեց, Ֆրանսիան ճանաչեց, ԱՄՆ-ը ճանաչեց, իմ նախաձեռնությամբ Չեխիան ու Լատվիան ճանաչեցին, Ռուսաստանն էր անո՞ւմ: Դա աբսուրդ է: Այո, ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ցեղասպանության հարցը եկել է հրապարակ, բայց հրապարակ բերել են Սովետական Հայաստանի մտավորականները, Վեհափառը և ղեկավարները»:

Նա նկատեց՝ այսինքն՝ եթե մեր ազգային շահերը համապատասխանում են այլ պետության շահերի հետ, չպե՞տք է ի շահ Հայաստանի օգտագործել. «Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական և բովանդակային հիմքերին, Անկախության հռչակագրին: Կամ, որ կանգնում ասում է՝ Արևմտյան Հայաստանը Թալինն է, Մարալիկն է, դա բացարձակ տգիտություն է: Արևմտյան Հայաստանը 387թ. է առաջացել Հռոմի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանման արդյունքում: Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայկական ինքնությանը, սակայն սա զարմանալի չէ, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող անձը, Արցախի հայաթափման ժամանակ մատը մատին չտված անձը, իհարկե, մի օր էլ պետք է խոսեր բացահայտ թուրքական խոսույթով»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս