Ո՞վ կարող էր պատկերացնել. Ինչպես է Պարույր Հովհաննիսյանը գովերգում Սերժ Սարգսյանի ստորագրած CEPA-ն
Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկումը: «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Հայաստան» խմբակցությունից քննարկմանը ներկա Էլինար Վարդանյանն ԱԳՆ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանին հիշեցրեց, որ 2013 թվականին, երբ Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել ԵԱՏՄ-ին, «Խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի» քննարկման պրոցեսն էր ընթանում, որն այդ որոշումից հետո այդպես էլ կյանքի չկոչվեց, քանի որ Եվրոպան, ըստ էության, դրել էր «կա՛մ-կամ»-ի քաղաքականությունը։
«Այժմ ի՞նչ եք կարծում, այս տարիների ընթացքում ինչ-որ վերաբերմո՞ւնք է փոխվել, կամ փոխվելո՞ւ է։ Ու թեկնածու լինելու փուլում, եթե Եվրոպան նորից պնդի «կա՛մ-կա՛մ»-ի վրա, մեր գործողությունները որո՞նք պետք է լինեն»,- հետաքրքրվեց Էլինար Վարդանյանը։
Ի պատասխան՝ Պարույր Հովհաննիսյանը նշեց՝ թեև CEPA-ի գործընթացը սկսվեց ավելի ուշ, բայց բոլոր կողմերից լսում էին տարբեր դիրքորոշումներ, հակասություններ՝ Արևմուտք-Ռուսաստան համատեքստում։
«Այս CEPA-ն էլի շատ ինովացիոն մոտեցման արդյունքն էր, որը, կրկնում եմ՝ հաջողվեց։ Այո՛, ազատ առևտրի պայմանագիրը հնարավոր չէր այդ պայմաններում, բայց ո՞վ կարող էր պատկերացնել, որ ԵԱՏՄ անդամ-երկիրը կունենա ասոցացման պայմանագրի 75 տոկոսից ավելի դրույթներ, որոնք իրականացվում են և վատ չեն իրականացվում՝ մոտեցնելով մեզ այդ եվրոպական ստանդարտներին։
Իհարկե, չենք կարող որևէ բան բացառել․ հիմա շատ բարդ է տալ որևէ ստույգ կանխատեսում։ Գիտեք՝ ինչքան փոփոխական է իրավիճակը, և այս տարում, կարծում ենք, կարող է է՛լ ավելի փոփոխական լինի։ Այսինքն՝ երկարաժամկետ ծրագրավորումը թերևս անհնար է։ Պետք է փորձենք օգտագործել մեր՝ ինչ-որ տեղ՝ վերջին տարիների, ինչ-որ տեղ՝ պատմական մոտեցումը, և, փորձելով խուսափել ռիսկերից, առաջ տանել մեր ազգային շահերը՝ օգտվելով բոլոր հնարավորություններից, որտեղ դրանք կան»,- մասնավորապես նշեց փոխարտգործնախարարը՝ ակամա հերքելով Նիկոլ Փաշինյանի՝ պատմականը մեզնից վանելու թեզը և արձանագրելով նախորդ իշխանության հաջող փորձը։
Մանրամասները՝ տեսանյութում