«Արցախի հարցին առնչվող որևէ դիվանագիտական խողովակ չպետք է փակվի, այդ թվում՝ Մինսկի խումբը. Արցախի ԱԺ-ն պետք է ակտիվ վարքագիծ դրսևորի». Հակոբ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում Ալիևին ուղղված մի քանի կետանոց առաջարկներ էր ներկայացրել։ Այդ առաջարկներից մեկն էլ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն։ Ավելի վաղ Մինսկի խումբը լուծարելու պահանջ ՀՀ իշխանություններին ներկայացրել էր Ալիևը, ասելով, որ դա այն պահանջներից մեկն է, որն իրականացնելուց հետո միայն կարող են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»։
Այս առաջարկի առնչությամբ Կառավարությունից ի պատասխան «Ազատության» հարցերին՝ ասել էին, որ Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։
«2024-ի դեկտեմբերի 19-ին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- լրատվամիջոցին հիշեցրել են Կառավարությունից։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ արցախահայերից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի լիազորել լուծարել Մինսկի խումբը, որն ի սկզբանե ստեղծվել է Արցախի հարցի լուծման համար։ Արցախահայերը նաև Նիկոլ Փաշինյանին չեն պատվիրակել անել հայտարարություններ, քայլեր, որոնց արդյունքում Արցախն ապօրինաբար հանձնվեց Ադրբեջանին։
«Հասկանալի է, որ ՀՀ օրվա իշխանությունը որոշել է, որ, այսպես թե այնպես, իրենց համար Արցախի հարց այլևս գոյություն չունի, ասելով, թե Արցախի հարցը չի տեղավորվում «իրական Հայաստանի» հարցերի մեջ։ Ուստի տրամաբանական են նրանց գործողությունները, այսինքն՝ այնպիսի հարցեր, քայլեր, որոնք միտված են Արցախի հարցը մոռանալու, փակելու՝ այս իշխանությունների գործողությունների տրամաբանության մեջ է։
Իհարկե, բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու Հայաստանը չպետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջատար լինելու դիրքերից, որովհետև եթե նույնիսկ բոլորը դրա կողմնակիցը լինեն, սակայն Հայաստանը հանդես գա չլուծարելու դիրքերից՝ Մինսկի խումբը կշարունակի մնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։
Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ գործունեություն չի ծավալում, և ՀՀ իշխանությունն առիթն օգտագործելով՝ փորձում է հանրությանը բացատրել, թե ինչու պետք է լուծարվի խումբը։
«Արցախի հարցին առնչվող որևէ դիվանագիտական խողովակ չպետք է փակվի, այդ թվում՝ Մինսկի խումբը։
Եթե այսօրվա իշխանությունն իր մտքում ունենար այն գաղափարը, որ եթե ոչ այսօր, ապա վաղը պետք է պայքար տարվի Արցախի համար, ապա նման քայլի չէր գնա։ Հայաստանի իշխանությունն ուղղակի ամեն ինչ անում է, որպեսզի բավարարի Ադրբեջանի պահանջը։
Ստեղծված պայմաններում Արցախի ԱԺ-ն պետք է ակտիվ վարքագիծ դրսևորի՝ իր հայտարարություններով և իր պահանջներով։ Կարծում եմ՝ չպետք է բավարարվել սոսկ Արցախի հարցով ստեղծված միջազգային հանձնախմբի աշխատանքներով։
Հուսանք, Արցախի ԱԺ-ն ավելի կենսունակ վարքագիծ կդրսևորի»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։