Դրամի փոխարժեքի վայրիվերումների պատճառը. մամուլ
«ՀՀ դրամի փոխարժեքի վերջին վայրիվերումները ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը իջել-հասել է 412 դրամի, այն դեպքում, երբ ընդամենը երեք շաբաթ առաջ 420 դրամի սահմանագծին էր»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Կենտրոնական բանկը սկզբունքորեն լռություն է պահպանում, թե որն է դրամի փոխարժեքի այսպիսի վայրիվերումների պատճառը: Դրամը արժեզրկվում է այն ժամանակ, երբ դասական կանոնների համաձայն՝ պետք է արժևորվեր, և արժեվորվում է այն ժամանակ, երբ պետք է արժեզրկվեր:
Բանկային համակարգից արդեն իսկ կասկածներ են հնչում, որ մեր ֆինանսական շուկայում հայտնվել են մեկ կամ մի քանի խոշոր «խաղացողներ», որոնք դրամի փոխարժեքի կտրուկ արժեվորման և արժեզրկման վրա հսկայական գումարներ են «վաստակում»: Հենց վերջիններս էլ որոշում են դրամի փոխարժեքը:
Որքանով են այս կասկածները հիմնավոր, առայժմ դժվար է ասել, բայց կա ևս մի օրինաչափություն: Դրամի փոխարժեքի տատանումները նույնական են եղել առնվազն վերջին երկու ընտրությունների շրջանում՝ ընտրություններից մի քանի օր հետո դրամը սկսել է կտրուկ արժեզրկվել, ինչը խոսում է ընտրությունների ժամանակ ֆինանսական խոշոր շարժերի մասին»: