Անդրանիկ Քոչարյանը հիշել է նախկինների ժամանակները և պատասխանել Փաշինյանին՝ «մեղուն» կարող է հակառակորդին «կծել», չունենալով ոչինչ՝ լուծել ենք շատ մեծ խնդիրներ

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որտեղ, ըստ էության, հաշվետվություն է ներկայացնում Ալիևին, անգամ ընդունում է Ալիևի որոշ առաջարկներ: Այս հրապարակման մեջ, սակայն, այլ հանգամանքի կանդրադառնանք։

Փաշինյանը հերքել է ինքն իրեն և հաստատել ընդդիմության պնդումները

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Իմ գնահատականն այն է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»:

168.am-ը համապատասխան հոդվածում գրել է, որ նմանատիպ միտք դեկտեմբերի 12-ին հնչեցրել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ «երկու երկրի միջև պատերազմի գործոն այլևս չկա», քանի որ, ըստ նրա, «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, և հայկական ուժերը դուրս են բերվել «Ադրբեջանի տարածքից»:

Կարդացեք նաև

Բայց նույն Հաջիևը վերը նշված հայտարարությանը զուգահեռ՝ Հայաստանից խաղաղության պայմանագրի համատեքստում պահանջել է սահմանադրական փոփոխություն կամ նոր սահմանադրության ընդունում, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դադարեցում և սահմանափակումների կիրառում ՀՀ ռազմական շինարարության կամ բանակաշինության քաղաքականության մեջ: Ավելին, մենք մեր հոդվածում հստակ փաստեր էինք ներկայացրել, որ Ադրբեջանն ինչ-որ գործողության է պատրաստվում:

Եվ հիմա «Արմենպրեսին» տված հարցազրույցում, Փաշինյանը, ըստ էության, հաստատել է Ադրբեջանի՝ էսկալացիայի գնալու հնարավորությունը և հավանականությունը, ներկայացնելով նաև պատճառները, այն է՝

– 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

– Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք, ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետևաբար՝ մարդկանց վերադարձն այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ:

– Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ… մեզ փորձում են ասել, թե պաշտպանական նպատակներով պետք է ձեռք բերել պաշտպանական զենքեր:

– Մենք ասում ենք, որ նույնիսկ մեր ինքնիշխան տարածքի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ընդգրկող հատվածները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման հարցում ձեռք բերված ինստիտուցիոնալ լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը կարգավորել խաղաղ, բանակցային ճանապարհով: Նույնիսկ այս ամենի համատեքստում Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմ ստեղծել: Բայց Ադրբեջանն առայժմ չի արձագանքում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3 անգամ է՝ հօգուտ Ադրբեջանի: Այս ֆոնին մեզ մեղադրել սպառազինվելու մեջ, առնվազն արդար չէ:

– Գործնականում ամեն օր Ադրբեջանից սպառնալից հայտարարություններ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին:

– Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի ու չի գնալու այդ ճանապարհով: Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է:

Իսկ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն, իհարկե, ունի, «լեգիտիմ» հիմքեր էլ, որոնք թվարկել է Փաշինյանը, մասնավորապես, ՀՀ տարածքի 60 տոկոսի զավթում և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթով տարածքային պահանջների առարկայացում: Իսկ այն, որ Փաշինյանն իբր քաղաքական ճկունություն դրսևորեց և նշեց, թե՝ «եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները», ապա լավ կլինի ուսումնասիրի 44-օրյա պատերազմից հետո Ալիևի հրամանով ստեղծված տնտեսական գոտիները կամ շրջանները, ընդ որում, երբ օկուպացված Ստեփանակերտն ընդգրկվել էր Ղարաբաղի տնտեսական գոտում, այդ ժամանակ այն հայկական էր:

Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակման համար կարող է որպես պատճառ բերել նաև Հայաստանի զինվելը և ՀՀ զինված ուժերի դեմ սահմանափակումների կիրառման ադրբեջանական պահանջի չկատարումը, քանի որ լավագույն դեպքում Ալիևը ցանկանում է տեսնել հայկական բանակի ֆիկտիվ գոյություն:

Ավելին, Փաշինյանն իր վերը նշված հարցազրույցում հաստատել է նաև ընդդիմախոսների այն պնդումները, որ Ադրբեջանին հարձակվելու մտադրությունից չի կարող ետ պահել անգամ այն, որ Հայաստանն իր ավելի քան 200 քկմ տարածքը ուժի միջոցով չի պատրաստվում վերականգնել, այլ սահմանազատման և սահմանագծման գործընթացի տրամաբանության մեջ միայն, երբ հարց է՝ այդ 200 քկմ-ից քանի կիլոմետրը կվերադարձվի Հայաստանին և կհամարվի հայկական տարածք:

Այսինքն, զիջումները պատերազմի հավանականությունը չեն չեզոքացնում, այլ միայն ուժեղ բանակն է, որ կարող է զսպել հակառակորդի ռազմական պլանները, եթե անգամ այդ նույն հակառակորդի բանակը գերազանցում է քեզ իր ռազմատեխնիկական և մարդկային ռեսուրսով: Այլ հարց է, որ Հայաստանն իր առջև պիտի խնդիր դնի կրճատել թշնամական պետության և իր մեջ ուժային բալանսի տարբերությունը, ունենալ իրապես ուժեղ և ճիշտ «վերաձևված» բանակ:

Իսկ ի՞նչ է անում Փաշինյանը. նա Հայաստանը և ՀՀ զինված ուժերը «հանձնել է» Ալիևի բարեհաճությանը՝ լավ հասկանալով, որ Ադրբեջանն իրականում ունի մտադրություն կամ կարող է ունենալ մտադրություն հարձակվելու Հայաստանի վրա, բայց գործնականում այդ սցենարը չի դիտարկվում: Եվ ՀՀ զինված ուժերը ոչ թե պատրաստվում են պատերազմի, այլ միջազգային օրենքներին և ադրբեջանական պահանջներին առավել հարմար լինելուն, երբ միջազգային օրենքներն այսօր առավել քան երբևէ կիրառվում են երկակի, երբ ուժն է ծնում իրավունք, երբ ահաբեկիչը կարող է համարվել հակակառավարական ուժերի կամ ապստամբության առաջնորդ: Արդյոք սա դավաճանություն չէ՞ պետության նկատմամբ:

Ի դեպ, պետք է նկատել, որ վերջապես Փաշինյանը հասկացել է, որ պաշտպանություն ասվածը չի ենթադրում թաքնվել, և, որ միայն ՀՕՊ միջոցներով հնարավոր չէ դիմակայել՝ «ասենք՝ Հայաստանն ունեցավ գերհագեցած ՀՕՊ և ՌԷՊ միջոցներ, ինչո՞վ պետք է պաշտպանվի ցամաքային հարձակումներից. իհարկե՝ հրետանիով, իհարկե՝ հրթիռներով, իհարկե՝ խոցման այլ միջոցներով», բայց, կրկնում ենք, արդյո՞ք այն գործնականում կիրառվում է, արդյո՞ք հակահարձակման կամ զսպման գործողություններ իրականացնելու պահանջ դրվում է բանակի առաջ:

Մեր հիշողությունից դուրս չի եկել, որ չունենալով ոչինչ, լուծել ենք շատ մեծ խնդիրներ

 Ի դեպ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իշխանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, խոսելով բանակի մասին, ինչ-որ առումով մեսիջ-ձևակերպում է թույլ տվել:

«Ինչ էլ անենք, մեր զինված ուժերը պիտի լինեն այնպիսի վիճակում, որ կանխենք ցանկացած ագրեսիա: Ես չեմ ասում, որ մենք կլինենք ավելի ուժեղ, ինչպիսին Թուրքիայի զինված ուժերն են, բայց գոնե մինիմալ հնարավորություններ պետք է մենք ունենանք, որ այդ նպատակներն ունեցողներն իմանան՝ «մեղուն» կարող է իրենց «կծել»: Ես համեմատության մեջ եմ ասում, որովհետև, վերջին հաշվով, մեր հիշողությունից դուրս չի եկել, որ՝ չունենալով ոչինչ, լուծել ենք շատ մեծ խնդիրներ: Դա միայն մարդկային կապիտալի շնորհիվ»,- շեշտել է Քոչարյանը՝ հավելելով, որ կան սպեցնազ-բանակներ, որոնք փոքր խմբերով մեծ խնդիրներ են լուծում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում 2025թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթի ընթացքում, Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.

«Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը: Բայց նորից ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ո՞ւմից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում մենք շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ և անկեղծ ուղերձներ փոխանակենք ու կիսենք մեր ժողովրդի հետ:

Ուժեղ ո՞ւմից: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այդպես կոչված՝ թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք: Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ հինգ երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք»:

Կարո՞ղ ենք ասել, որ Անդրանիկ Քոչարյանն իշխանական լրատվամիջոցին տված իր նշված հարցազրույցում պատասխանում է Փաշինյանի այս հարցին, ինչո՞ւ չէ՝ հիշելով նախկինների ժամանակները:

Տեսանյութեր

Լրահոս