Ես չեմ ուզում, որ Փաշինյանի 2 «վեցնոցների» ստվերն ընկնի Հենրիխ Մխիթարյանի վրա. Նա այս 2 փոքրիկ արմենների փոքր դավադրությանը չի տրվի. Սուրենյանց
«Դեռևս մինչև պատերազմը Լևոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ է բնութագրել՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանն աշխարհում մեր միակ պարծանքն է մնացել, և անշուշտ, նա ոչ միայն երկրի լավագույն մարզիկն է, այլ այս պահին ամենաճանաչված հայն է աշխարհում, ով մեզ պատիվ է բերում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այս պահին ղեկավարում են Նիկոլ Փաշինյանի 2 «վեցնոցները»: ՀՖՖ-ում 2 արմենների (ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյան, փոխնախագահ Արմեն Նիկողոսյան.- Ս.Ս.) նիկոլակրատիա է: Երկուսին էլ ճանաչում եմ, երկուսն էլ մինի նիկոլփաշինյաններ են: Էս մարդիկ ամեն ինչ արեցին, որ Հենոն հավաքականից հեռանա: Ընդ որում, 2018թ. համագումարում շատ ստոր կերպով վարվեցին նա մոր հետ, երբ ձևավորվում էր ՀՖՖ նոր գործկոմը: Այսինքն՝ իրենք շատ նպատակային Հենոյին անկյուն մղեցին՝ իրենց մեդիաներով նրան հեղինակազրկելով, նրա վրա թողնելով պատասխանատվությունը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Հիշեցնենք, որ սպորտի ոլորտում Տարվա Լավագույնների Ընտրության մրցույթում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հենրիխ Մխիթարյանին ներկայացրել է 2 տարբեր անվանակարգերում:
«Հիմա ինչո՞ւ Հենոն նրանց պետք եղավ… Շատ պարզ պատճառով: Այս օրերին մի ուրիշ իրադարձություն էլ է տեղի ունեցել: ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հանրապետական մարզադաշտը ֆուտբոլասերների կողմից ՀՖՖ ղեկավարության դեմ իրականացված ակցիայի պատճառով: Փաստորեն ՀՖՖ ղեկավարության պատճառով ստադիոն է որակազրկվել: Այս մարդիկ այնքան նեղ վիճակում են գտնվում, որ փորձում են Հենոյով պաշտպանվել: Ընդամենն այդ խնդիրն են լուծում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Հիշեցնենք նաև, որ ՈՒԵՖԱ-ի վերահսկողական, էթիկական և կարգապահական մարմինը որոշել է տուգանել ՀՖՖ-ին 20.000 եվրոյով և կարգադրել մասնակի փակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտը (այսինքն՝ հարակից 500 նստատեղը հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում) ՈՒԵՖԱ-ի հաջորդ մրցումային հանդիպման ժամանակ։ Մարզադաշտի նշված մասնակի փակումը կասեցվում է երկու տարի փորձաշրջանով:
Պատճառը նոյեմբերի 14-ին Ֆարերյան կղզիների դեմ խաղի ժամանակ ՖԱՖ-ի ակցիաներն էին, որոնք ուղեկցվել են լուսաձայնային ճայթուկների պայթյուններով։ Բացի այդ, ՈՒԵՖԱ-ի կարգապահական մարմնի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվելու է նաև 17500 եվրոյով՝ մարզական միջոցառմանը ոչ պատշաճ հաղորդագրություն փոխանցելու համար։
«Ես կարծում եմ՝ Հենրիխ Մխիթարյանն այս 2 փոքրիկ արմենների այս փոքր դավադրությանը չի տրվի: Ինքը լավագույնն է իրականում և հայ ժողովրդի մտածողության մեջ»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ ՀՖՖ-ն Մխիթարյանին մրցանակաբաշխության ներկայացնելով՝ չի փրկվելու:
«Հազարավոր ֆուտբոլասերներ բոլոր խաղերն ընդհատում են և պահանջում այդ 2-ի արագ պաշտոնանկությունը: Ես մեր ֆուտբոլասերներին մի շատ բարոյական խորհուրդ կտամ. Սրանից հետո իրենք կարող են և՛ ՀՖՖ ղեկավարության հրաժարականը պահանջել, և՛ Հենոյի անունը վանկարկել՝ ցույց տալով, որ առանց պաշտոնական որոշումների էլ Մխիթարյանին համարում են Հայաստանի լավագույն մարզիկը: Ես չեմ ուզենա, որ նման ճղճիմ մարդկանց ստվերն անգամ ընկնի Հենոյի կերպարի ու ֆուտբոլային կարիերայի վրա»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Նա խոսեց նաև Հենրիխ Մխիթարյանին թիրախավորելու ևս մեկ պատճառի մասին:
«Հենրիխ Մխիթարյանին թիրախավորելու պատճառներից մեկն այն էր, որ նա իր ֆուտբոլային կարիերայի ձևավորման գործում մեծ դեր խաղացած Ռուբեն Հայրապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ուներ: Այսինքն՝ սրանք այնքան ճղճիմ են, որ ուրացման էին մղում Հենոյին, բայց երկուսն էլ մարդ մնացին: Բայց արդյունքում հիմա իրենք այնքան տխուր վիճակում են հայտնվել, որ փորձում են Հենոյի միջոցով փրկվել»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում: