Օրենքը պիտի կիրարկվի, բայց դրա համար պետք է նախապայմաններ ստեղծվեն․ Աշոտ Հարությունյան

«Գում»-ի շուկայի հարակից տարածքից ձերբակալված 8 քաղաքացիները, ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո, այսօր ազատ են արձակվել։

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության աջակցությամբ դեկտեմբերի 13-ին «Գում»-ի շուկայում առգրավել էր մոտ մեկ տոննա ոչ սպանդանոցային ծագման միս, որն ուղարկվել էր ոչնչացման։

Շուրջ մեկ տարի է՝ կանոնակարգի համաձայն, արգելվում է ոչ սպանդանոցային ծագման կենդանական հումքի և մթերքի վաճառքը․ սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումն ուժի մեջ էր մտել 2023 թվականի դեկտեմբերի 6-ին, որով նշվում է՝ հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու է և ոչնչացվելու է։
Մսավաճառները հակադարձում են այս կարգավորմանը՝ շեշտելով, որ իրենց համայնքներում և մարզերում սպանդանոցներ չկան, կամ հաշվառված են, բայց չեն գործում։

Կարդացեք նաև

«Որ սպանդանոցային մորթը չի կարգավորվել՝ փաստ է․ սրանք առանց կարգավորելու, մնում-մնում են՝ Ամանորի նախօրյակին մի որոշում կայացնում են,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը և հավելեց,- Մարդիկ մորթ են արել, բերել են վաճառեն, որ իրենց վարկերը փակեն, հարցերը լուծեն՝ հազարումի խնդիր կա, ու մարդկանց միսը բռնագրավում են։

Օրենքը պիտի կիրարկվի, բայց դրա համար պետք է բոլոր նախապայմանները ստեղծվեն, որ կենդանի պահողները նման խնդրի առաջ չկանգնեն»։

Գյուղատնտեսը կարևորում է սննդի անվտանգության հարցը, բայցև անհրաժեշտ է համարում հիմնավոր լուծումներով հարցեր լուծելու պրակտիկան՝ նկատելով, որ այդ տեսարանների կարիքը չկա․ «Առանց այն էլ մեր ժողովրդի նյարդերն արդեն պրկված են»։

Այս օրերին թեմայի վերաբերյալ բազմաթիվ դիտարկումներ եղան․ օրինակ, որ մսի շուկայում մենաշնորհի հերթական դրվագն էր «Գում»-ի տեսարանը, կամ թե ինչո՞ւ ՍԱՏՄ-ն չի հետևում խոշոր սուպերմարկետների մսերի ծագում-սպանդ-փաստաթղթավորում-ցուցափեղկ ամբողջ շղթային։

Տեսանյութեր

Լրահոս