Կաշառք՝ պետական բյուջեի հաշվին

Թավշյա հեղափոխականների իշխանության գալուց հետո, Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար հայտնվել են վարկային պարտավորությունների ու պարտքերի տակ։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև հավատացել են «պայծառ ապագայի» ու լավ ապրելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի փուչ խոսքերին, վարկեր են վերցրել՝ իրենց կյանքը բարելավելու համար, բայց կանգնել են փաստի առաջ՝ չեն կարողացել ժամանակին վերադարձնել վերցրած վարկերը։

Խոսքը հարյուր-հազարավոր քաղաքացիների մասին է։ Չզարմանաք, եթե ասենք, որ Հայաստանի բնակչության ավելի քան 11 տոկոսը բանկերի պարտքերի տակ է։ Խոսքն այն մասին չէ, որ այդքան մարդիկ պարզապես վարկ ունեն, խոսքը վերաբերում է նրանց, ովքեր չեն կարողանում վճարել վերցրած վարկերը։ Այդպիսիք բնակչության ավելի քան 11 տոկոսն են։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ այդպիսի քաղաքացիների թիվը հասնում է 341 հազարի։ Այդքան մարդ անհուսալի վարկ ունի։

Յուրաքանչյուր 9-րդ քաղաքացի վարկ է վերցրել ու չի կարողացել վերադարձնել։

Սա խայտառակ վիճակագրություն է, ինչը վկայում է, որ քաղաքացու կյանքը բարելավող իշխանությունը քաղաքացուն փաստացի հասցրել է սնանկության։

Կարդացեք նաև

Անշուշտ, լավ օրից չէ, որ մարդիկ վարկեր են վերցրել։ Անճարակությունից են վերցրել, վերցրել են իրենց սոցիալական, կենցաղային խնդիրներն ինչ-որ կերպ լուծելու համար՝ հույսով, որ վաղն ավելի լավ կլինի ու կկարողանան վերադարձնել վերցրած գումարները։ Բայց քանի որ իշխանությունների խոստացած վաղն ավելի լավ չի եղել, ընդհակառակը՝ ավելի վատ է եղել, հայտնվել են վարկային պարտքերի տակ։

Վարկային չկատարված պարտավորությունների դիմաց քաղաքացիներն ահռելի պարտքեր են կուտակել։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 341 հազար քաղաքացիների անհուսալի վարկերը հասնում են 642 մլրդ դրամի։

Տարադրամով արտահայտված՝ քաղաքացիները 1,6 մլրդ դոլարի պարտքեր ունեն, որոնք չեն կարողանում վճարել, անհուսալի են ճանաչվել։

Վերջին տարիներին շատերը հենց այդ գումարների հաշվին են ապրել, որովհետև այլ հնարավորություններ չեն ունեցել։ Սոցիալական պայմաններից դրդված՝ ստիպված վարկերի, երբեմն՝ չափազանց թանկ վարկերի տակ են մտել։ Վարկերով մի կերպ կարողացել են գոյություն քարշ տալ, մինչդեռ իշխանությունները վայելքների մեջ են եղել։ Քաղաքացու կյանքը բարելավելու, եկամուտներն ավելացնելու, վերցրած վարկերը մարելու հնարավորություններ ստեղծելու փոխարեն, իրենց կյանքն են բարելավել ու հարստացել, միլիոններ են կուտակել։ Հարյուր-հազարավոր քաղաքացիներ վարկերով են ապրել, իրենք ոչ միայն պետության հաշվին բարձր աշխատավարձեր են ստացել, այլև վայելել են պետության բարիքները, պարգևավճարներ ստացել։ Դրա համար էլ իրենք բարգավաճում են, իսկ քաղաքացու կյանքը գնալով վատանում է։ Տարեցտարի ավելի շատ մարդիկ են հայտնվում անհուսալի վարկերի բեռի տակ։

Միայն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիների անհուսալի վարկերն ավելացել են 117 մլրդ դրամով կամ շուրջ 300 մլն դոլարով։

Սա ուղիղ կապ ունի այս մարդկանց սոցիալական վիճակի հետ։ Դա նշանակում է, որ բնակչության սոցիալական վիճակը գնալով վատանում է։ Եվ ինչպե՞ս կարող է չվատանալ, երբ մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ իշխանությունները հարկերով ու տուրքերով խեղդում են։ Քիչ է, մարդիկ վարկերի տակ են ճռռում, մի բան էլ հարկերն ու տուրքերն են ավելացնում։

Ու այս ամենի հետևում ոչ միայն իշխանություններն են կանգնած, այլև բանկերը։ Առանց հաշվի առնելու քաղաքացու վճարունակությունը՝ համատարած վարկեր են տրամադրում, բարձր տոկոսներով վարկեր, ու մարդկանց կանգնեցնում փաստի առաջ։

Ի՞նչ հիմնավորումներով ու հիմքերով են տրամադրվել այդ վարկերը, որ 341 հազար քաղաքացի կանգնել է անհուսալի վարկ ունենալու ու վերցրած գումարները վերադարձնելու խնդիրների առաջ։ Ստացվում է՝ ով թակել է բանկի դուռն ու վարկ ուզել, տվել են՝ հաշվի չառնելով նրա վճարունակությունն ու եկամուտները։ Արդյունքում՝ բոլորին համատարած ներքաշել են վարկային պարտքերի մեջ ու դրել տույժ-տուգանքների տակ։

Սրա համար ո՞վ պիտի պատասխան տա։ Որտե՞ղ է եղել, ինչո՞վ է զբաղված Կենտրոնական բանկը, ի՞նչ է արել, որպեսզի քաղաքացիները զանգվածաբար չհայտնվեն վարկային թակարդում ու կանգնեն իրենց ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ։

Տարիներ շարունակ ոչինչ չեն արել, թողել են, որ բնակչության 11 տոկոսից ավելին կանգնի վարկերը վերադարձնելու անհնարինության առաջ, սպասվող ընտրություններից առաջ հիշել են, որ այդպիսի խնդիր կա։ Պատրաստվում են պետական բյուջեի հաշվին կաշառել քաղաքացիներին, որպեսզի հերթական անգամ խաբելով ու ժողովրդի մասին մտածող ձևանալով՝ ընտրությունների ժամանակ կրկին կորզեն նրանց ձայները։

Ընտրություններից առաջ լավամարդ են խաղում, անհուսալի վարկերն են մարում, բանկերն են պատրաստվում այդ վարկերի տույժ-տուգանքները ներել։ Վաղն էլ ասելու են, թե՝ տեսեք, ինչ հոգատար իշխանություն ենք, ժողովրդի մասին ենք մտածում։

Ժողովրդին կանգնեցրել են մի իրավիճակի առաջ, որ մարդիկ այլ ճար չունենալով, մտել են վարկերի բեռի տակ ու կանգնել վերցրած գումարները վերադարձնելու անհնարինության առաջ, հիմա եկել անհուսալի վարկերն են մարում՝ վարկառուների վճարած եկամտային հարկերի հաշվին։ Այդ գումարները, որոնք պիտի գային բյուջե, ավելացնեին բյուջեի եկամուտները, նպաստեին բազմաթիվ, այդ թվում՝ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմանը, գնալու են բանկեր՝ շատ հաճախ հենց բանկերի մեղքով առաջացած, անհուսալի վարկերը մարելու համար։

Սրանից շահելու է ոչ այնքան քաղաքացին, որքան բանկերը։ Բյուջեից փողերը դուրս են գալու, գնան բանկեր։ Այնպես, ինչպես հիփոթեքային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձի պարագայում։

Ու այն, որ բանկերը «մեծահոգաբար» պատրաստակամություն են հայտնում ներել քաղաքացիների մինչև 1 մլն դրամ անհուսալի վարկերի տույժ-տուգանքները, ավելի շատ իրենց օգտին են անում։ Սրանով հնարավորություն են ստանալու վերադարձնել այն հսկայական գումարները, որոնք անհուսալի վարկերի տեսքով կախվել են բանկերում ու ծանրացել քաղաքացիների վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս