«Մենք այսօր շուրջ 170 տարվա մեջ առաջին անգամ ունենք Կաթողիկոս, ով ծնվել է ՀՀ-ում, մեր Հող ու Ջրի ծնունդն է». Միքայել Մալխասյան
                                    Պատմաբան Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՓԱՍՏ
Ուշագրավ է, որ 1843-1857 թթ. գահակալած Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցուց հետո Գարեգին Բ Ներսիսյան Կաթողիկոսը միակն է, որ ծնվել է ներկայիս ՀՀ տարածքում։ Նախորդ 10 Կաթողիկոսները ծնունդով ՀՀ տարածքից չեն, ընդ որում` 5-ը (Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի, Մակար Ա Թեղուտցի, Մկրտիչ Ա Վանեցի, Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի) եղել են Օսմանյան կայսրության (!Թուրքիայի!) քաղաքացի, 2-ը (Գևորգ Ե Սուրենյանց, Խորեն Ա Մուրադբեկյան)` Տփղիսից (Թբիլիսիից), 1-ը (Գևորգ Զ Չորեքչյան)` Նոր Նախիջևանից (Դոնի Ռոստովից), 1-ը (Վազգեն Ա Պալճյան)` Բուխարեստից (Ռումինիա), 1-ն (Գարեգին Ա Սարգիսյան) էլ` Քեսաբից (Սիրիա)։
Վավերագրերի և ժամանակի մամուլի մեջ երևում է որոշակի միտում, որ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կոստանդնուպոլսյան էլիտայի ներկայացուցիչները ներկայիս ՀՀ տարածքից առաջադրված թեկնածուներին մեղադրում էին Ռուսական կայսրության հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ (ծանոթ տեքստ չէ՞)։
Բացառություն չեն եղել նաև Ռուսական կայսրության քաղաքացի Գևորգ Ե Սուրենյանցի հասցեին հնչած մեղադրանքները, իսկ չմոռանանք, որ 1918 թ. Մեծ բեկման և Մայիսյան հերոսամարտերի ճարտարապետը դարձավ հենց Գևորգ Ե Կաթողիկոսը, ով հետագայում արժանացավ խորհրդային իշխանությունների հալածանքներին և սահմանափակումներին։
Հիմա կրկնում եմ. մենք այսօր շուրջ 170 տարվա մեջ առաջին անգամ ունենք Կաթողիկոս, ով ծնվել է ՀՀ-ում, մեր Հող ու Ջրի ծնունդն է։
Արդյոք պատահակա՞ն է ադրբեջանական «Արևմտյան Ադրբեջանի» և մեր իշխանավորների «իրական Հայաստանի» կոնցեպտների համընկնման պայմաններում նման վերաբերմունքը, արդյոք պատահական է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին «հայ նացիոնալիստ» և «ռևանշիստ» անվանելը, իսկ պատահակա՞ն է, որ Եկեղեցու դեմ պետականության քողի տակ իրականում Պետականություն քանդողները օգտագործում են Կաթողիկոսի և Եկեղեցու դեմ նույն մեղադրանքները (այդ թվում` Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ կապի մասին հնարված ցնորամտությունները), որ ժամանակին կիրառել են Օսմանյան կայսրության քաղաքացի պոլսահայ չելեպիները` Հայրենիքում գործող էլիտայի դեմ պայքարելու համար։
Ուղղակի համադրե՛ք այս ամենը և հավելե՛ք այն փաստը, որ 2020թ. նոյեմբերյան տխրահռչակ փաստաթղթից հետո Գարեգին Բ Կաթողիկոսը միակ գործող բարձրագույն պաշտոնատար անձն է, որ այցելել է Արցախ, և հենց սա է մնալու Հայոց պատմության մեջ որպես ՓԱՍՏ»։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    